HY RU EN

Սառա Պետրոսյան

Օհանավանում թեկնածուներն ընտրողների մեծ ակտիվություն ապահովեցին

Արագածոտնի մարզի հինգ համայնքներից, որտեղ մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի ունեցան, Օհանավանն առանձնացավ մրցապայքարի թեժությամբ: Այստեղ համայնքի ղեկավարի երեք թեկնածուներն ընտրողների մեծ ակտիվություն ապահովեցին: Գյուղի միակ ընտրատեղամասը, որը տեղակայված էր դպրոցի շենքում, շրջապատված էր մարկանց հոծ խմբերով: Ընտրատեղամաս տանող փողոցն ավելի քան 1 կմ երկարությամբ ծանրաբեռնված էր ավտոմեքենաներով, եւ նրանց մուտքն ըտրատեղամասից քիչ վերեւ փակել էին ոստիկանական մեքենաները: Սա նաեւ միակ ընտրատեղամասն էր, որտեղ մարդկանց մուտքը դեպի քվեարկության սրահ, հատված առ հատված կանխվում էր եւ վերահսկվում ոստիկանների միջոցով:

Մարդկանց մեծ կուտակումները վկայությունն էին այն բանի, որ բավականին լարված մրցապայքար էր ընթանում գործող համայնքապետ, ԲՀԿ-ական Ալեքսան Ալեքսանյանի, ՀՀԿ-ական Էդգար Հայրապետյանի եւ անկուսակցական Խաչատուր Միսակյանի միջեւ: Օհանավան գյուղի 1951 ընտրողներից ժամը 19:45 րոպեի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1630 մարդ:

Այստեղ դիտորդություն էին իրականացնում «Հայք» եւ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ, որոնք Օհանավանի բնակիչներ էին: Դիտորդները եւ թեկնածուների վստահված անձինք մինչեւ ժամը 13:40 րոպեն խախտումներ չէին արձանագրել, չնայած նրան, որ ընտրատեղամասում քվեարկողներին գրանցող հանձնաժողովականների սեղանների շուրջ մարդկանց թիվը մշտապես մեծ էր, իսկ սրահն աղմկոտ էր: Հաճախ քվեախցիկին մոտենում էին երկու հոգով, մեծ էր այլոց օգնությամբ քվեարկողների թիվը, գրեթե բոլոր տարեցներին ուղեկցում էին քվեախցիկի մոտ եւ քվեարկում նրանց օգնությամբ կամ նրանց փոխարեն:

13:00-ի դրությամբ այլոց օգնությամբ քվեարկել էր 24 ընտրող: Այս հանգամանքը աչք զարնող էր, եւ հանձնաժողովի քարտուղար Ստեփան Ստեփանյանը քվեարկողներից մեկին, ով ներկայացել էր անչափահաս թոռնիկի հետ, առաջարկեց օգտվել խոշորացույցից, սակայն տատիկը մերժեց նրան: Մի կին՝ 738 համարի ընտրողը, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Աշոտ Պրազյանին տեղեկացրեց, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, իսկ նախագահը նրան առաջարկեց դիմել դատարան քվեարկելու իրավունք ստանալու համար: Առաջարկը տիկնոջը դուր չեկավ, սակայն նա չհեռացավ ընտրատեղմասից՝ սպասելով ավելի ողջամիտ առաջարկի: Քիչ անց քվեախցիկներից անհետացան նաեւ գրիչները, որը նոր իրարանցում առաջացրեց ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահը կանաչ թանաքով գրիչ առաջարկեց, որը մյուսների սրտով չէր, բայց՝ «էդ է, ինչքան դրեցինք՝ տարան»: