
«Դասալիք ջավախքցիները» կոչ են անում երիտասարդներին վերադառնալ և շենացնել Ջավախքը
Ջավախքում հայտարարված է մշակութային օջախների տարի
Լոս Անջելեսի հայկական դպրոցներում Ջավախքի աջակցության համար փոքրիկ գանձանակներ կան:
Ամեն օր յուրաքանչյուր աշակերտ 20 ցենտ է գցում այնտեղ: Ամեն շաբաթ այդ գանձանակը դատարկվում է և փոխանցվում Հայ օգնության միության նախաձեռնած Ջավախքին աջակցություն ցուցաբերող հանձնաժողովին, և այդ գումարները ուղարկվում են Ջավախք:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը վերջերս Լոս Անջելեսում դասախոսություններով հանդես է եկել 12 հայկական դպրոցներում և ականատես եղել այս ամենին: Աշոտ Մելքոնյանը տպավորված պատմում է, որ 6-12 դասարանի աշակերտները իմացել են Ջավախքի տեղը, հատկապես Ջավախքի այն գյուղերի մասին, որտեղ մեծ գործիչներ են ծվնել: Այս օրինակը գիտնականը բերեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած երիտասարդական համաժողովին՝ ոգևորելու հավաքված ջավախքցի երիտասարդներին, որպեսզի վերջիններս իրենց ներուժը ներդնեն Ջավախքում իրականացվելիք նախագծերում:
«Ես դասալիք եմ ինձ համարում, որովհետև Ջավախքում չեմ ապրում: Ես ջավախեցի եմ, Երևանում եմ ապրում, փափկասուն կյանքով, ԳԱԱ-ում եմ աշխատում, բայց մեզնից յուրաքանչյուրը պիտի լիներ Ջավախք աշխարհում, պիտի հասկանար, որ հայրենասիրությունը գործնական է՝ սկսվում է այդ հողի վրա ապրելով, այնտեղ աշխատելով: Ձեզնից յուրաքանչյուրը, ով ավարտական վկայական ձեռքին գնա և աշխատի Ջավախքի գյուղերում, իմացեք, որ իսկական հայրենասերը նա է: Նա չէ հայրենասերը, ով այս ամբիոներից կարող է միայն ճառեր ասել»,-ավելացրեց Աշոտ Մելքոնյան:
Դրա համար ակադեմիկոսը կարևորում է ՋԱՀ-ի երիտասարդական թևի գործունեությունը, որի համար էլ համաժողովը հրավիրվել է: Գիտնականի ցանկությունն այն է, որ մի օր հասնեն այն հաջողության, որ երիտասարդությունը մնա տեղում: Հիշեցնենք՝ Աշոտ Մելքոնյանը ՋԱՀ-ի հիմնադիրներից մեկն է:
«Մեր այս կառույցը ընդդեմ ոչ մեկի չի գործում, առավել ևս ընդդեմ Վրաստանի չի գործում, մի բան որ ցավոք սրտի վրացական իշխանությունները, չգիտես ինչու, շատ ու շատ շերտերով այդ ընկալումը չունեն: Անվստահության զարմանալի մթնոլորտ գոյություն ունի հատկապես Ջավախքում: Մտել է այդ սեպարատիզմի գաղափարը վրաց որոշ շրջանակների ուղեղներ և դուրս չի գալիս: Նման բան եթե լիներ, կլիներ 92-94թթ. վիրաօսեթական և վիրաաբխազական պատերազմի ժամանակ, կլիներ 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Վրացական իշխանությունները մի պարզ ճշմարտություն պիտի հասկանան՝ մենք անում ենք նաև վասն Վրաստանի և ընդդեմ Ջավախքի թուրքացման, որն, ի վերջո, նշանակում է Վրաստանի Հանրապետության թուրքացում և ընդհանրապես քարտեզի վրայից անհետացում»:
![]() |
![]() |
![]() |
Աշոտ Մելքոնյան | Կարինե Խոդիկյան | Գագիկ Գինոսյան |
Երիտասարդվների մաքսիմալիզմը, համարձակությունը, խիզախությունը, երբեմն նաև մերժողականությունը ավագների փորձի և իմացության կողքին պետք է լինեն՝ կարծում է ՋԱՀ-ի մեկ այլ հիմնադիր՝ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը. «Ցանկացած գործ ապագա ունի, երբ ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն երիտասարդները»,-ասում է նա:
«Կարին» ազգագրական համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանն էլ կոչ է անում չկորցնել ջավախքցու համառ տեսակը, պահանջատեր լինել: «Մենք դեռ կվերադառնանք, և դրա նախադրյալները Ջավախքի երիտասարդության ձեռքին է»,-ասում է նա:
Հիվանդ առողջապահություն
Համաժողովին Ջավախքում առկա տարբեր ոլորտների խնդիրների մասին ելույթներ ունեցան ջավախքցի երիտասարդները:
Դիմածնոտային վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար, ծնունդով ախալցխացի Կարեն Հակոբյանը կարծում է, որ Ջավախքում առողջապահական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է սկսել մասնագետներից. տեղացի ուսանողների վարձը վճարել և պայմանագիր կնքել, որպեսզի վերջիններս ուսումը ստանալուց հետո որոշակի ժամանակահատված աշխատեն Ջավախքում: Դա կարելի է տարածել բոլոր մասնագիտությունների ուղղությամբ:
Ախալցխայի շրջանի Ուդե և Արալ գյուղերում տարածված է Հայկական (հայտնի է նաև՝ պարբերական կամ երևանյան) հիվանությունը, որովհետև բարեկամները հաճախ են իրար հետ ամուսնանում: Այս հիվանդությունները պատճառ է դառնում, որպեսզի հիվանդները հայտնաբերեն իրենց գեները, և բացահայտվում է նրանց հայ լինելը, որից հետո նրանց ուղորդում են Հայաստան բուժում ստանալու համար:
Երիտասարդ վիրավույժն առաջարկում է կազմակերպել, որպեսզի պարբերական հիվանդությունն ուսումնասիրվի Վրաստանում, հիվանդներին առաջարկվի բուժում ստանալ Հայաստանում և շփվել հայերի հետ:
Ատամնաբույժ Արթուր Մանուկյանն ասում է, որ առողջապահական ոլորտում Ջավախքի հիվանդանոցներում բացակայում են նորագույն սարքավորումները: Չկա որևէ հաստատություն, որը կարողանա լիարժեք ծառայություններ մատուցել հիվանդներին: Չկա նաև ատամնաբուժական կլինիկա: Եղածներն աշխատում են հին տեխնոլոգիաներով և սարքավորումներով: Արթուր Մանուկյանն առաջարկում է Ջավախքում առողջապահական ոլորտի կոնֆերանսներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպել և տեղացի բժիկշկներին ծանոթացնել բուժման նորագույն մեթոդներին:
![]() |
![]() |
![]() |
Կարեն Հակոբյան | Դավիթ Մկոյան | Մավր Մկրտչյան |
Անպաշտպան սեփականության իրավունք
Ջավախքի բնակիչն իր ունեցվածքը պահպանելու խնդիր ունի: Այս կարծիքին է իրավաբան Դավիթ Մկոյանը: Ջավախքում առկա իրավական խնդիրներից նա առանձնացնում է սեփականության իրավունքի պաշտպանությունը: Դավիթ Մկոյանի կարծիքով, պատճառը ջավախքցու անիրազեկությունը, օրենքների արագ փոփոխությունը, և, անշուշտ, քաղաքական ենթատեքստն է: Դավիթ Մկոյանը նշում է, որ հիմնադրամի իրավական հանձնաժողովը կարող է իրավական ոլորտի սեմինարներ անցկացնել ջավախքում, անհատապես բնակիչների խնդիրներով զբաղվել, և եթե անհրաժեշտություն լինի, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ Վրաստանի խորհրդարանում:
Անտուն մշակույթ
«Իմ հասակակիցներից շատերը ներկա վիճակում խոպանի ռոմանտիզմով են ապրում, մնացած քիչ մասն ապրում է օրվա թելադրանքով,-ասում է երգիչ Մավր Մկրտչյանը: Ջավախքում մշակութային կյանք, ըստ նրա, չկա: Կան անհատականացված երգի-պարի խմբեր: Երիտասարդ երգիչը սա կապում է Ջավախքում մշակութային կենտրոնների բացակայության հետ: Ջավախքում չկան նաև վերանորոգված համերգային դահլիճներ: Իր համերգները Մավր Մկրտչայնն անցկացրել է չջեռուցվող ու վատ պայմաններում գտնվող սրահներում: Երգիչն առաջարկում է գոնե երեք համերգային դահլիճի վերանորոգման խնդիր դնել առաջիկայում:
«2012թ. Դեկտեմբերին մենք համերգ ունեցանք Աալքալաքում, Նինոծմինդայում և Սուխլիսում: Չեք պատկերացնի՝ ինչ պայմաններում այդ համերգներն անցան: 600-տեղանոց դահլիճում երևի 1000-1200 մարդ կար, կանգնելու տեղ չկար, համերգը շատ լավ էր անցնում: Բայց մենք նստած էինք ջեռուցիչների մոտ, կոնյակ էինք խմում, որ կարողանայինք մի քիչ տաքանալ ու աշխատել: Նոյեմբերից մինչև ապրիլ Ջավախքում մշակութային միջոցառում անցկացնելն ուղղակի անտեղի է»,-ասում է Մավրը:
Երիտասարդ երգիչն առաջարկում է մի քանի գյուղերի համար գոնե մեկ մշակութային կենտրոն ստեղծել: Եղած մշակութային կյանքը կենտրոնացված է քաղաքներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցխայում: «Մշակութային տների ստեղծումը կնպաստի տաղանդների բացահայտմանը»,-կարծում է Մավր Մկրտչյանը:
Երկրորդը՝ երգիչը նշում է կադրերի վերապատրաստման խնդիրը: Հարկավոր է ստեղծել պայմաններ, թեկուզ Երևանում մասնագետներ վերապատրաստել:
Ի վերջո, Մավրն առաջարկում է Ջավախքում մշակութային փառատոն անցկացնել, որը կհավաքագրի տեղացի տաղանդավոր և հմուտ արտիստներին, պայմաններ ստեղծել լավագույններին կրթության ապահովման հարցում:
ՋԱՀ-ի խորհրդի նախագահ Սոս Սահակյանը տեղեկացրեց, որ այս տարին հայտարարված է Ջավախքում մշակութային օջախների տարի, ավարտել են եկեղեցիների վերանորոգման և հուշարձանների տեղադրման գործընթացը, և պետք է սկսել մշակութային տների վերանորոգման և բարեկարգման աշխատանքները: «Եկեղեցիների էստաֆետից անցում են կատարում դեպի մշակութային օջախներ»,-ասում է Սոս Սահակյանը:
Մեկնարկը տրվել է Ախալցխայի շրջանի Տամալա գյուղից, որտեղ մայիսի 1-ին ապամոնտաժվելու է ակումբի տանիքը, սիկզբ է դրվելու մշակութային կենտրոնի բարեկարգմանը: Մտադիր են Ծալկայում մշակութային տուն հիմնել, քանի որ այս շրջանում մշակութային որևէ կենտրոն չկա:
Բակային սպորտ
Ջավախքում սպորտի զարգացման համար «Street Workout and Street Lifting» ՀԿ-ի տնօրեն Արթուր Հարությունյանն ու իր գործընկերն առաջարկեցին զարգացնել բակային սպորտը, ինչպես դա արվում էր սովետական տարիներին: Այսինքն՝ կառուցել մարզաձողեր բակերում և հնարավորություն տալ բնակիչներին անվճար մարզվել իրենց բնակավայրերի տարածքում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել