Հայաստանյան քաղաքական դաշտի գլխապտույտ բացահայտումները, կամ 3 նախագահների դարաշրջանի ավարտը
Վարազ Սյունի
Ճշմարտությունն ազատագրում է, բայց մինչ այդ՝ մի լավ տանջում է:
Ինչպես արդեն կանխատեսել էի «Հետքում» տպագրված իմ «Քառյակ-եռյակ-միայնա՞կ, կամ ինչ-որ մեկը պիտի կորցնի իր երազը» և «Tоварищ հայաստանցուն պետք է նոր մուշտակ ու խաչ, կամ եռյակի այս կարապը նույնիսկ մահից առաջ չի երգի» հոդվածներում, ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական թատրոնի վարագույրն, ի վերջո, իջավ ու թատրոնն ավարտվեց: Թեև դեռ փորձեր կարվեն նոր, թարմացված ու թերևս քողարկված սցենարներ գրել «ընդդիմադիր» ԲՀԿ-2-ի հետ, բայց (այս ձևաչափով) քաղաքական թատրոնն այլևս ավարտված է:
Պատմության թատերաբեմում Հայաստան աշխարհի վրա շատ վարագույրներ են իջել. դերասանների (ու դերահուշարարների) պակաս թերևս չի եղել:
Դարերով պետություն չունեցած հայը՝ հայտնվելով հատկապես ԽՍՀՄ կոչված կուռքապաշտական կայսրությունում, սխա՛լ պետականական արժեքներ յուրացրեց (կամ ստիպեցին, որ յուրացնի). ու հիմա էլ (իներցիայի ուժով) դեռ կառավարվում է խորհրդային մտածելակերպ ունեցող սերնդի ներկայացուցիչների կողմից:
Ամեն պետության ետևում այդ ազգի տղամարդն է կանգնած, իսկ ամեն տղամարդու ետևում՝ նույն ազգի մեկ այլ տղամարդ: Քրքրեք պատմությունը, եթե համոզված չեք: Բանակն էլ ճիշտ նույն բանաձևն է:
«Հայաստան» պետության ետևում այսօր կանգնածը (իսկ ավելի ճիշտ՝ նստած-սպասողը) երկրի քողարկված մայրիշխանությունն է (մատրիարխատ). պատահական չէ, որ նույնիսկ ԱԺ-ն ու ընտրություններն են սկսել նմանվել կանանց խոհանոցային սուրճի սեղանի բամբասանք-լեզվակռվի: Իրականում՝ ընտրություններով բան չի փոխվում, իսկ ԱԺ-ում բան չի լուծվում. ստիպված մնում է փողոցն ու հրապարակը:
Նաև սա է պատճառը, որ հայ տղամարդն այսօր էլ արտահանվում է. օտար տղամարդուն ծառայելով՝ Հայաստան փող պիտի ուղարկի, որպեսզի հայրենիքում ծվարած մայրիշխանությունը գոնե չփլվի:
Ես վախենում եմ «օջախի սյուն» կնոջից. նույնչափ վախենում եմ «ազգի սյուն» հոգևորականից:
(Օտարին քծնող-սեփականին փոշոտող) հայ տղամարդը պետության ու պետականության նո՛ր արժեհամակարգ այդպես էլ չսովորեց. դեռ ոչ: Նրա համար պետությունը կա՛մ բանտ է, կա՛մ հացի կտոր. այսօր էլ: «Ճարպիկ» է նա, ով մի կտոր հաց է փախցնում պետությունից. ու սրա լավագույն երաշխիքը (ամեն գնով) պաշտոն ձեռք բերելը կամ ուժային կառույցներ մտնելն է. այսինքն՝ հանուն քե՛զ: Այսպիսի պայմաններում պետություն կառավարելու չափանիշն արդեն պետությա՛նը տված օգուտն ու արդյունքը չէ, այլ «վերադասին կամ կերակրող կլանին նվիրվածության աստիճանը». ու նմանատիպ «արժեքներ»: Պատասխանատվության ենթարկողն էլ նույն վերադասը կամ կերակրող կլանն է:
1000 տարվա անպետականության փշոտ ճանապարհին հայի համար (ուժեղ) պետությունը «վտանգավոր» բան դարձավ, որից «զգուշունալ» է պետք:
Այսպես կոչված հայ «ավանդական» կառույցների պատգամն էլ համահունչ է. «աղոթել, հարմարվել, յոլա գնալ, որ ավելի շատ չճնշեն ու չկոտորեն և մի կտոր հաց վաստակել՝ ընտանիք պահելու համար»: Հերթական ապացույցը՝ (դրոշ վառող, Ռուսիո հավերժ բարեկամ ու արդեն 120 տարի պահանջող) ՅՀԴ-ի միջնորդած «ՀՀԿ-ԲՀԿ «հաշտեցումը»»՝ «արյունահեղությունից» խուսափելու համար. պաշտոնապես: Ամենաշատը հայն է արյունահեղությունից խուսափել փորձել. բայց հե՛նց հայի արյունն ամենաշատը թափվեց: Իմիջիայլոց, ընտրովի դրոշ վառելը ի՞նչ քաղաքական կատեգորիա է:
Կամ հենց Գագիկ Ծառուկյանը: Իսկ ի՞նչ պիտի ասեր նա՝ փետրվարի 20-ի չկայացած հանրահավաքում. որ կրկին անդրկուլիսային համաձայնությա՞ն է եկել ՀՀԿ-ի հետ՝ հանուն ի՛ր ապահովության. որ փորձել է Մոսկվային ապարդյուն համոզել, որ ինքը Մոսկվային ավելի՞ հավատարիմ կլինի. որ Ռոբերտ Քոչարյանի շվաքից այդպես էլ չի՞ կարողացել կամ ցանկացել դուրս գալ. որ Լ. Տեր-Պետրոսյանի «Իվանիշվիլին» չի՞ դարձել: «Արյունահեղությունից խուսափած զոհ» խաղալն էր թերևս մնում:
Այդ ի՞նչ պիտի անեին. տանկե՞ր պիտի մտցնեին հրապարակ, թե՞ մարդկանց վրա պիտի կրակեին: ՀՀԿ-ական (լիովին լեգիտիմ) իշխանություններն այդքան քաջություն ունե՞ն, որ դա մարսեն: Նրանք նույնիսկ քաջություն չունեն Գագիկ Ծառուկյանին ԱԺ մանդատից զրկել: Կամ ինչպե՞ս է մարդը «հեռանում» քաղաքականությունից, բայց շարունակում մնալ ԱԺ պատգամավոր: Սա ի՞նչ է նշանակում. որ ԱԺ-ն դադարե՞լ է քաղաքական կառույց լինելուց: Կամ որևէ էական բան կորցրե՞ց Գ.Ծառուկյանը այս ամբողջ «բաժակային փոթորկից» (բացի մարդկանց վստահությունը, իհարկե):
«Արյունահեղությունից խուսափելը» փախուտի ապահով կամուրջ էր՝ երկկողմանի փոխշահավետ. այլապես տհաճ գաղտնիքնե՞ր կբացվեին: Մի մոռացեք, որ այդ կողմերով հոկտեմբերի 27 ու մարտի 1 է անցել: Այդ կողմերով Գյումրիի (արյուն սառեցնող) սպանդ է անցնում: Հայի պետականությա՛նն ուղղված այս 3 հանցագործությունները պիտի՛ լիովին բացահայտվեն, որպեսզի ազգը հանգստանա ու դուրս գա բացասական լիցքերի այս եռանկյունուց:
Կամ դուք որևէ բան հասկացա՞ք իշխանությունների պահվածքից՝ Գյումրիի եղեռնաոճ սպանդի հետ կապված: Փաստորեն ինչ է ստացվում. որ Մոսկվա՞ն է արդեն որոշում, թե ՀՀ-ում որ հայաստանյան օրենքներն են գործում ու երբ: Ինչպե՞ս է կոչվում այսպիսի երկիրն ու իր նախագահը: Ու սա Եղեռնի 100-ամյակի նախաշեմի՞ն: Ձեզ թվում է հայի հակառակորդն (ու բարեկամը) սա չի՞ նկատում: Միևնույնն է՝ հայ-ռուսական հարաբերություններն այլևս երբեք առաջվանը չե՛ն լինելու:
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը: Դուք նրա մարտի 1-ի ելույթից բան հասկացա՞ք: Քաղաքական ցինիզմ չէ՞ ընդդիմադիր մյուս ուժերին ծաղրելը. ու հենց ա՞յդ օրը: Ի՞նչ է սա. սեփական սխալ հաշվարկներից ուշադրություն շեղելու հնա՞րք: Ցավալի չէ՞, որ Արցախի հերոսամարտի ժամանակ հենց ինքն էր նախագահ: Բնավ էլ պատահական չէր 1994-ի անհասկանալի հրադադարը (ուշադրություն՝ լիովին հաղթանակած կողմը միայն հրադադար է կնքում): Ելցինի՛ն գոհացնել էր պետք. բայց որտե՞ղ է հիմա Ելցինը:
Ծառուկյանի հետ քաղաքական թատերաբեմից միանշանակ ցած գլորվեց նաև Տեր-Պետրոսյանը. իսկ ԲՀԿ-ի հետ՝ նաև ներկա ՀԱԿ-ը: Սա այլևս փաստ է. ու սա վատ լուր չէ Հայաստանի համար, քանզի վերջապե՜ս ընդդիմադիր դաշտը ապասեփականաշնորհվեց: Նույնիսկ ա՞յս պայմաններում է Տեր-Պետրոսյանը փորձում «միակ ընդդիմություն» կրկին ներկայանալ: Հարց իրեն՝ ովքե՞ր են հիմա իսկական «մարգինալները»:
«Քաղաքագիտական վերլուծություններ» անողը պիտի որ հասկանար, որ անվճար ավտոբուսներով հրապարակ բերված և ձեթ, շաքարավազ ու 5000 դրամ երազողը հեղափոխություն չի՛ անում. ոչ էլ օլիգարխն է հեղափոխական դառնում:
Հեղափոխություն անում են ԳԱՂԱՓԱՐԻ նվիրված մարդիկ. ինչպես 88-ին էր, որի կրկնությունը Մոսկվան ( ՀՀԿ-ԲՀԿ ու նման քաղաքական թատրոնների միջոցով) փորձում է կանխել, քանզի Մոսկվայի նպատակը և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը վերահսկելն է:
«Հիմնադիր խորհրդարանի» բերձորյան խայտառակ ջարդն էլ այս տրամաբանության շրջանակներում է: Դրանից հետո ընկեր դաշնակները (էլի ավտոշարասյունով) «առանձին պետություն» Արցախ գնացին. բայց աղ ու հացով դիմավորվեցին: Մոսկվայի համար դաշնակները վտանգավոր չեն. գաղափա՛ր չունեն: Գաղափարը միշտ նույնն է՝ ազատ ու անկախ Հայաստան: Առանց կոնկրե՛տ ճանապարհային քարտեզի արդեն 120 տարի «հողեր ազատագրելը» գաղափար չէ՛. դա ինքնամեծարում է (PR):
«Քաղաքագիտական վերլուծություններ» անողը պիտի նաև հասկանար, որ բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու համար Հայաստանում նախ միջին դասակարգ է պետք. այսինքն՝ նաև փոքր ու միջին բիզնեսների ստեղծման ու զարգացման հնարավորությու՛ն:
Բայց ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում. մի քանի օլիգարխային կլաններ շարունակում են երկիրը պահել ներկրվո՛ղ (առաջին անհրաժեշտության) ապրանքների մոնոպոլիստական շուկա:
Ամեն սարի տակ մի հանք է փորվում ու ամեն գետի վրա՝ 10 հէկ կառուցվում: Արդյունքում գյուղատնտեսություն ու սեփական արդյունաբերություն չի զարգանում: Մարդիկ ստիպված արտագաղթում են՝ փող աշխատելու ու Հայաստան ուղարկելու համար, որով էլ չարտագաղթածները գնում են նույն օլիգարխների ներկրած ապրանքները, որոնցից գոյացած փողերի զգալի մասը կրկին հայտնվում է օֆշորներում: Օլիգարխների համար ներկրելը պարզապես շատ ավելի էժան ու շահավետ է, քան նույնը Հայաստանում արտադրելը, որովհետև ներկրած ապրանքները (իրե՛նց ուզած գնով) միշտ իրացվում են. երկրում պարզապես մրցակցություն չկա: Գումարած ԵՏՄ մտնելու հետ կապված բոլոր հայտնի բացասական գործոնները:
Եթե Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը իսկապես ընդդիմադիր լինեին, 2013 թ. նախագահական ընտրություններին կմասնակցեին. կամ գոնե դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին կաջակցեին:
Ինչպես վերևում արդեն գրել եմ՝ հայ մարդու «թշնամին» պետությունն է, իսկ գերագույն արժեքը՝ ի՛ր ընտանիքը (ամեն գնով) պահելը: Ուստի նաև տրամաբանական նշանաբանը՝ «որտեղ հաց, այնտեղ կաց». կամ սրա նորընտիր համարժեքը՝ «որքան փող, այնքան քվե»:
Հայ տղամարդու համար իշխանությունը հաց աշխատելու միջոց է դարձել. ուստի այն ատամներով պիտի պահել, որ ձեռքիցդ չխլեն:
Պուտինյան պրոպագանդան Հայաստանում իսկապես աննախադեպ է. նույնիսկ կոմունիզմի ժամանակ այդքան թշնամանք չկար: Թե ինչ նպատակով են Հայաստանում ռուսական ալիքներ ձրի հեռարձակվում, ես դա չեմ հասկանում: Հայաստանյան ալիքնե՞րն էլ Ռուսաստանում ձրի հեռարձակվում են:
Կամ ո՞ր արևմտյան երկրում կարող ես մեկ այլ երկրի հեռուստաալիք ձրի տեսնել:
Պուտինը թերևս նաև որոշ երանգ ավելացրեց այս ամենին. նա ցանկանում է ստալինյան Ռուսաստան, բայց և Ռոման Աբրամովիչի պես վայելել է ցանկանում: Նույնը՝ Հայաստանի օլիգարխ-իշխանավորները: Ոչ թե լինե՛լն է այլևս արժեք, այլ ունենա՛լը: Այսինքն՝ հայաստանցի տղամարդուն պետությունից մի կտոր հաց փախցնելն այլևս բավարար չէ (ապացույցը՝ նաև օֆշորային սկանդալները): Հայաստանում հիմա բոլորն են ցանկանում ունենա՛լ. իշխանավորները, հոգևորականները, գեներալները, դատավորները, դատախազները, ոստիկանները,…: Մնում է հայաստանյան «չեչեններ» գտնելը. գահին հավերժ մնալ է պետք:
Բայց այս ամենը նաև մարսել պիտի կարողանալ: Իսկ մարսելու համար պետությունը նորից պիտի կենտրոնացվի մե՛կ կուսակցության ձեռքում. այսինքն՝ Խորհրդային Հայաստան-2 : Իշխանությունների առաջարկած «սահմանադրական բարեփոխումներն» էլ հենց այս տրամաբանության ծիրում են: Իմիջիայլոց, ԽՍՀՄ-ում ձևավորված մարդկանցից այլ համակարգ սպասելի՞ է:
Սերժ Սարգսյանի պլանը թերևս ՀՀԿ-ն Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության պես մի կառույց դարձնելն ու (նախկին Կոմկուսի քարտուղարների պես) Հայաստանը ղեկավարելն է՝ Մոսկվայի հետ փոխհամաձայնեցված: Սրա համար են երևի ցանկանում ազատվել երկրի նախագահի պաշտոնից. խորհրդային համակարգում միայն մեկ նախագահ կարող է լինել՝ Կոմկուսի նախագահը: Բայց որպեսզի ՀՀԿ-ն Կոմկուսին շատ չնմանվի, մյուս կողմում կհանդուրժվի «մեկ ազգ-մեկ եկեղեցի» կարգախոսը: Ուշադրություն՝ ոչ թե «մեկ ազգ-մեկ հայրենիք», այլ «մեկ ազգ-մեկ եկեղեցի»:
Որպեսզի իրե՛նք կարողանան մարսել, հային պիտի շարունակեն բաժանված պահել՝ հայաստանցի-սփյուռքահայ, արևելահայ-արևմտահայ, հայաստանցի-ղարաբաղցի, արևելահայերեն-արևմտահայերեն, քրիստոնյա-ոչ քրիստոնյա, առաքելական -ոչ առաքելական , հհկ-ական- ոչ հհկ-ական, …: Երևի արդեն պարզ է, թե սա ինչ կնշանակի հայի պես փոքր ու աշխարհասփյուռ մի ազգի համար :
Իսկ եկեղեցականնե՞րը. ջուր, ուտելիք, հագուստ, շենք, օդ ,ծաղիկ, քար, այգի, պտուղ, ծնունդ, կնունք, հարսանիք «օրհնելուց» բացի՝ հհկ-ական բոլոր միջոցառումները հավանաբար կսկսեն «օրհնել»: Միևնույն ժամանակ հհկ-ն բոլորին «նժդեհական» կդարձնի. բոլորին ՝ 5 - 85 տարեկան:
Կարևոր հարց՝ հայ առաքելական եկեղեցում ՃԳՆԱՎՈՐ դեռ մնացե՞լ է: Այն ձեզ անշարժ գույքի գործակալություն չի՞ հիշեցնում: Կամ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու անկեղծորեն ճգնավորը այսքա՜ն պիտի խառնվի երկրի պետական գործերին: Ի՞նչու պետական դպրոցում ու բանակում ճգնավորը պաշտոն պիտի ունենա (կամ ամեն քայլափոխի պաշտոնյայի կողքի կանգնի): Եւ ի՞նչու այսպես կոչված «Հայոց եկեղեցու պատմությունը» չպիտի դասավանդվի որպես «Հայաստանի/ հայ ժողովրդի պատմության» մաս: Եկեղեցին ազգից վե՞ր է:
Հենց սրա՞նք չէին խորքային գործոնները, որի պատճառով հայը դարերով (նաև զինվա՛ծ) պայքար է մղել հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչպես օրինակ 906 թ.-ից սկսած ու տարինե՜ր տևած սյունյաց բազմաթիվ գյուղերի (հատկապես՝ Ավելադաշտ ու Տամալեկ) գյուղացիների զինված ապստամբությունը եկեղեցու ու Տաթևի վանքի/վանականների դեմ. ու, սյունյաց հոգևոր առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի (880-918) խնդրանքով, Սյունիքի Սմբատ իշխանի արյունահեղությունները սյունեցիների դեմ՝ հատկապես Ցուրաբերդում:
Քրիստոնեությունը, միևնույնն է, հեզ ու հնազանդեցնող գաղափարախոսություն է, որի խորքային պատգամը «մյուս թուշը դեմ տալն է», որպեսզի՝ «երկնքու՛մ արդարադատություն գտնես»: Իսկ ահա մահմեդականի պատգամը՝ «կտրիր վիզը …երկինք գնալու համար»:
Եթե Քրիստոսից ու աստվածաշնչյան գրառումներից դու անձնապես-ներքնապես խաղաղ ու հուսառատ անհատ ես դառնում, ես դրա դեմ ոչինչ չունեմ. բայց արդյո՞ք խելացի է այն շարունակել թողնել (3.5 կողմից մահմեդականներով շրջապատված) Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսությունը : 1915-ից հայը դասեր չքաղե՞ց: Ո՞ւր (և ու՞մ) մնացին ՎԱՀԱԳՆԻ պատգամներն ու տաճարները : Մինչև ե՞րբ «մեղքի» ու «դժոխքի կրակի» արանքում՝ վախեցած ու մոլորված: «Մեղքի» հեղինակները երկի՛ր ստացան, իսկ հա՞յը:
Մեկ կուսակցություն ունեցող ԽՍՀՄ-ը միայն փլվել կարող էր: Մեկ կուսակցություն ունեցող (պուտինյան) Ռուսաստանը միայն փլվել կարող է: Մեկ կուսակցություն ունեցող ցանկացած երկիր միայն փլվել կարող է. սոսկ ժամանակի հարց է:
«Հետքում» տպագրված իմ «Ռուսաստանն էլ ԽՍՀՄ-ի պես փլուզվելու է. սոսկ ժամանակի հարց է» հոդվածում արդեն գրեմ եմ՝ «Պուտինը իդեալական ղեկավար է՝ Ռուսաստանը քանդելու համար. հերթականը»: ԽՍՀՄ-ը փլուզվեց, որովհետև նաև նավթի գինը կտրուկ իջավ/ իջեցրին. ու բանակն ու Կոմկուսը մնացին առանց փողի: Նույնը կլինի հիմա: Իմիջիայլոց, (նավթադոլարով) միայն ուժային կառույցներ ստեղծած ցանկացած երկրում «հրեշտակներն անգամ դժոխքից են»:
Արդյո՞ք Արևմուտք-Ռուսաստան ներկա «թեժացող խաղաղության» պայմաններում թույլ կտան Խորհրդային Հայաստան-2. հազիվ թե:
Հայաստանում չափից շատ են շախմատ խաղում ու կարծես չեն հասկանում, որ քաղաքականությունը ո՛չ մաթեմատիկա է, և ոչ՛ էլ շախմատ. քաղաքականության հիմքում մա՛րդն է՝ իր զգացումներով, հույսերով ու սպասումներով: «Մայդան» ոչ ոք դրսից չի կարող «հրահրել». լավագույն դեպքում օժանդակել կարող են: Ժողովրդի ՊՈՌԹԿՈՒՄԸ հույզ է՝ հրաբուխ. այն քաղաքական հաշվարկ չէ: Այն միշտ պոռթկում է ճի՛շտ ժամանակին, երբ այլ ուղիներ այլևս չկան. երբ «դանակը հասնում է ոսկորին»: Պոռթկում կարող է սկսել ցանկացած տեղ ու ցանկացած անհատից: Հրաբու՛խն է բերում իր առաջնորդներին. դա նախախնամություն է: Նայեք թե ինչպես սկսվեց «արաբական գարունը»: Հայը ոչ մեկից ավել կամ պակաս չէ :
Հայաստանի ներսում էլ վաղուց լավա է եփվում: Որպեսզի այն մի օր չժայթքի, իշխանությունները պիտի՛ նաև պատրաստ լինեն Երևանից մարզերին (գոնե մասնակի) սահմանադրական լիազորություններ փոխանցել:
«Հետքում» տպագրված իմ «Պատանդ մարզերն ու Երևանում չգտնված բանալիները, կամ ՀՀ կուսակցությունների մասին օրենքը կործանել է մարզերը» և «Քաջարանի հանքում կորած դեմոկրատիան, կամ՝ զանգն է զուր, երբ թշնամիդ ներսից է» հոդվածներում արդեն անդրադարձել եմ այս կարևոր հարցին:
Այսինքն՝
1) ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի 5(1) հոդվածի վերացում, որպեսզի մարզային ու քաղաքային անկա՛խ տեղական կուսակցություններ ստեղծելու հնարավորություն լինի: Այսօր մարզերում պարզապես հնարավոր չէ տեղական անկախ կուսակցություններ ստեղծել ու անկախ քաղաքական կյանք վարել: Սա աններելի բաց է, որովհետև առանց անկախ տեղական կուսակցությունների Հայաստանում երբեք իսկական դեմոկրատիա չի՛ լինելու;
2) Մարզի բնակիչների կողմից ընտրովի «Մարզային Ժողովի» ստեղծում, որը, որպես մարզի օրենսդիր մարմին, պիտի հսկի մարզի գործադիր մարմնին. այսինքն՝ մարզպետին ու մարզի դատա-իրավական մարմիններին (ներառյալ դատավորներին): «Մարզային Ժողովը» պիտի իրավունք ունենա (անվստահության քվեով) մարզպետին և այլ մարզային պաշտոնյաներին ազատել աշխատանքից: Բացի այդ՝ ժողովրդական հանրաքվեով մարզի ցանկացած ընտրված կամ չընտրված անձի պաշտոնից հնարավոր պիտի լինի ազատել, եթե մարզի բնակչության առնվազն 1/3-ը կամ կեսը պահանջում է այսպիսի հանրաքվե: Պիտի անցնել նաև ժուրիով դատական համակարգի ու ժողովրդի կողմից ընտրված (վերադաս) դատավորներ ունենալուն:
3) Անցում ԵՐԿՊԱԼԱՏ «Ազգային Ժողովի»: Առաջին պալատում պատգամավորները պիտի ընտրվեն ժողովրդի կողմից, իսկ Վերին պալատում «Մարզային Ժողովների» ներկայացուցիչները պիտի նստեն, որպեսզի մարզերը վերջապես լծակներ ունենան ու մարզերի խնդիրները ԼՈՒՐՋ ընդունվեն (ինչպես քաղաքակիրթ երկրներում է): Բացի այդ՝ Վերին պալատը այսպիսով կկարողանա հսկել Առաջին պալատին, որը նույնպես շատ կարևոր է:
4) Հատուկ հարկի (10 %) գանձում բոլոր հանքերից: Այս փողով ստեղծել մարզային ՊԵՏԱԿԱՆ բանկ, որը պիտի խթանի մարզի երկարաժամկետ-մաքուր-այլընտրանքային տնտեսության ստեղծումն ու զարցացումը. կա՛մ պետական նախաձեռնությամբ, կա՛մ երկարաժամկետ ՊԵՏԱԿԱՆ անգրավ վարկեր տրամադրելով:
5) Կապանը դարձնել Հայաստանի 2-րդ մայրաքաղաք և այնտեղ տեղափոխել առնվազն Պաշտպանության Նախարարությունը: Պրիմիտիվիզմի հասնող սխալ է երկրի պաշտպանության կենտրոնը (Command and Control Center) թողնել Երևանի պես ստրատեգիապես խոցելի (հարթավայրային ու հնակառույց ատոմակայանին մոտ) մի քաղաքում, որտեղ նաև ապրում է երկրի բնակչության մոտ կեսը: Կապանը ստրատեգիական հարավի ամենամեծ քաղաքն է և ունի (լեռներով պաշտպանված) ռազմավարական շատ ավելի ապահով դիրք: Այն գտնվում է անմիջապես Արցախի սահմանին, որը Ստեփանակերտի հետ կապն ավելի հեշտ կդարձնի: Բացի այդ՝ 2-րդ մայրաքաղաքի (աստիճանական) կառուցումը զգալի դրակա՛ն ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա (աշխատատեղերի ստեղծում և այլն): Ժամանակն է, որ Հայաստանը դադարի Երևան քաղաք-պետություն լինելուց:
Սա՛ պիտի լինի սահմանադրական բարեփոխումների հիմքը: Այլապես Հայաստանը տասնյակ տարիներ դեռ կպտտվի նույն շրջանակում. ու սա միշտ չէ, որ (կառուսելի պես) զվարճալի կլինի:
Դեմոկրատիա նշանակում է կառավարում ժողովրդի՛ կողմից: Տվե՛ք ուրեմն երկիրը քաղաքացուն. այն ոչ մեկի սեփականությունը չէ: Նախագահական համակարգը շատ ավելի դեմոկրատական է, որովհետև այս համակարգում trias politica-ն ամենաարդյունավետն է աշխատում. այսինքն՝ օրենսդիր (պառլամենտ), գործադիր (նախագահ) և դատական մարմինների փոխվերահսկողությունը (checks and balances):
Քաղաքական դաշտը (de facto) գրավված չպիտի՛ լինի և չպիտի հսկվի մեկ կուսակցութան կողմից: Այսպիսի երկրում (լուրջ) ներդրումներ չեն անում, որովհետև այսպիսի երկրում առողջ տնտեսական մրցակցություն չկա: Այսպիսի երկրում տնտեսություն չի՛ կարող զարգանալ, որովհետև այդ միակ կուսակցությանը չպատկանող կամ անկուսակցական գործարարի տնտեսական հաջողությունները սկսում են դիտվել որպես սպառնալիք ՝ նույն այդ կուսակցության կողմից ու փորձում են հաջողակների «գլխին սարքել»: Կուսակցությունը երբեք բիզնես չպիտի լինի:
Հույս կա՞ Հայաստանի համար: Իհարկե կա. դա նո՛ր սերունդն ու խորհրդային մտածելակերպ չունեցող մարդիկ են, որոնց համար Հայաստանը հայրենի՛ք է, այլ ոչ կերակրատաշտակ: Որոնց համար հայկական պետության մայրաքաղաքը Մոսկվան չէ՛:
Այս մարդիկ շատանալու են. ու գալու՛ է ժամանակը, երբ իրենք են լինելու իսկական համաժողովրական շարժումը, որն էլ ծնելու է իր առաջնորդներին: Ա՛յս համաժողովրական շարժման դեմ փողը, տանկերն ու մոսկվաներն անգամ անզոր կլինեն (ինչպես 88-ին էր): Ու թատերաշունչ «իմ խոսքը գործ է» կամ «պայքար,պայքար մինչև վերջ»-երին կփոխարինի …պարզապես քաղաքացի լինե՛լը:
Երկիր կառուցելու ճանապարհային քարտեզը ընդամենը քաղաքացի լինելն է: Երկիրն ու հայրենիքը սկսվում է քեզնի՛ց:
3000 տարվա պատմություն ունեցող ազգը պիտի որ կարողանա ինքնամաքրվել:
Արևածագից առաջ է խավարն ամենախիտ:
3 նախագահների դարաշրջանն իրոք ավարտվում է:
Վերջին 3 բոլշևիկները. թերևս:
Ամստերդամ, 15.03.2015
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել