HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ուրիշի համար լավություն են անում, իսկ ինձ ասում են՝ Աստված քեզ հետ»

Խմբ. կողմից - «Հետքը» 2006-ի դեկտեմբերի 25-ի իր համարի «Հինգ տարեկան Ալեքսանդրան Ամանորը կդիմավորի նկուղում» հոդվածով անդրադարձել էր Շումովիչների ընտանիքի խնդրին:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Շումովիչը, նրա կին Էլվիրա Մարտիրոսյանը եւ դուստր Ալեքսանդրան հայտնվել էին նկուղում այն բանից հետո, երբ վաճառել էին Բագրատունյաց 43 հասցեի թիվ 26 բնակարանը: Հոդվածի հրապարակումից շուրջ 1.5 ամիս անց` փետրվարի 12-ին, «Հետքը» «Հայաստանի Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից լիազորված «Շիրինյան լիգլ քնսալթ» փաստաբանական գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից ստացավ գրավոր նամակ, որով պահանջվում է հերքել «Հայաստանի Կյանքի խոսք եկեղեցու» համբավն արատավորող տեղեկությունները: Խոսքը վերաբերում է «Սակայն կողմերը չդիմեցին դատարան, քանի որ նրանց հաճախած հոգեւոր կենտրոնում արգելվում էր դատական գործընթացը: Նրանք որոշեցին հարցը լուծել իրենց հոգեւոր կենտրոնի միջոցով» պարբերությանը: « Ձեր ուշադրությունը դարձնում եմ այն հանգամանքի վրա, որ վերը նշված պարբերույթը չի հանդիսանում Էլվիրա Մարտիրոսյանի խոսքերի մեջբերում, քանի որ հոդվածում Էլվիրա Մարտիրոսյանի խոսքերը ներկայացված են առաջին դեմքից, նրա անունից եւ պահպանված են հարցազրույց տվող անձի կարծիքի մեջբերման հայերեն լեզվի քերականության կանոնները: Ի հակառակ դրան` հոդվածի 2-րդ էջի 6-րդ պարբերույթը հանդիսանում է լրատվական գործունեութ֊յուն իրականացնող Ձեր կազմակերպության կարծիքը, եւ այդ տեղեկատվությունը հանդիսանում է բացահայտ կեղծիք, «Հայաստանի Կյանքի խոսք եկեղեցի» ԿԿ համբավն արատավորող տեղեկատվություն »,-նշված է հերքման պահանջ պարունակող նամակում: Նշենք, որ մատնացույց արված պարբերությունը Էլվիրա Մարտիրոսյանի խոսքն է (ինչպես դրան հաջորդող պարբերությունը), եւ լրագրողը պարզապես վերաշարադրել է այն ( խմբագրությունում առկա է համապատասխան ձայնագրությունը ): «Շիրինյան լիգլ քնսալթ»-ն իր պահանջը հիմնավորում է այն պատճառաբանությամբ, որ Ա. Շումովիչի բնակարանի վաճառքի վերաբերյալ հաշտության համաձայնությունը հաստատվել է դատարանի վճռով: Ստորեւ ներկայացվող հոդվածը լույս է սփռում առհասարակ այս պատմության, եւ մասնավորապես վեճի դատական քննության վրա:

«Ուրիշի համար լավություն են անում, իսկ ինձ ասում են՝ Աստված քեզ հետ»

Հայաստանի քաղաքացի Ալեքսանդր Շումովիչը եղբոր՝ Յուրիի հետ եղել է Բագրատունյաց 43 հասցեի թիվ 26 բնակարանի համասեփականատերը: Ալեքսանդրին պատկանել է բնակարանի 3/4-ը, իսկ Յուրիին՝ 1/4-ը: Սակայն հատակագծի համաձայն՝ թիվ 26 բնակարանին կից գոյություն ունի նաեւ 26 ա բնակարանը, որի սեփականատերերն են եղել Կարինե Մկրտչյանը (Սահակյանը), Արսեն եւ Քրիստինե Շումովիչները, Աստղիկ եւ Արթուր Մկրտչյանները:

Արսենը եւ Քրիստինեն Կարինեի ու նրա նախկին ամուսին Յուրի Շումովիչի երեխաներն են, իսկ Աստղիկն ու Արթուրը Կարինեի ու վերջինիս ներկայիս ամուսնու՝ Գոքորի երեխաները:

Ալեքսանդր Շումովիչի կինը՝ Էլվիրան, պատմում է, որ Յուրին Կարինեից բաժանվելուց հետո մեկնել է Ռուսաստան, իսկ թիվ 26 բնակարանի իր 1/4 բաժնեմասը լիազորագրով վստահել է նախկին կնոջը:

Թիվ 26 եւ 26 ա բնակարանների կոմունալ հարմարությունները ընդհանուր են, որն էլ վիճաբանությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ 1990թ.-ից սկսած` Կարինեն եւ նրա երեխաները 26 ա բնակարանում չեն ապրել, ինչը գրավոր հաստատել են հարեւանները: Փոխարենը ժամանակ առ ժամանակ այդ սենյակը զբաղեցրել են ուրիշները, ինչպես պատմում է Էլվիրան. «Կարինեն տարբեր մարդկանց էր տալիս սենյակը, տնային եկեղեցի էր գալիս... 2001-ին, երբ ես արդեն 8 ամիս հղի էի, եկավ Քրիստինեն մի կնոջ եւ երկու աղջիկների հետ: Նա ինձ ասաց, որ նրանք այստեղ ապրելու են, ինչին ես դեմ էի»: Էլվիրան իր դժգոհությունը բացատրում է տանը օտար մարդկանց առկայությամբ, ինչը խանգարում էր իրեն եւ ամուսնուն. «Ես ասել էի, որ տունը հանրակացարան չսարքեն, ով գրանցված է, թող նա էլ ապրի: Նրանք էլ ասացին՝ տունը աճուրդի դնենք, վաճառենք: Իբր թե մենք իրենց խանգարում ենք: Կարծես թե 15 տարի իրենք այստեղ էին ապրում: Նրանց պետք էր, որ մենք փողոցում մնայինք»:

Կարինե Մկրտչյանը թիվ 26 եւ 26 ա բնակարանները աճուրդով վաճառելու եւ ստացված գումարը սեփականատերերի միջեւ բաշխելու հայցով դիմել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան:

Նշենք, որ Էլվիրան եւ Կարինեն «Հայաստանի Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունում են ժամանակին ծանոթացել: Էլվիրայի պատմելով՝ ինքը երկար ժամանակ ծառայել է այդտեղ, եղել է նաեւ երեց:

«Երբ Կարինեն դիմեց դատարան, իմ հավատացյալ ընկերուհիները գնացին «Կյանքի խոսք եկեղեցու» հովիվ Արթուր Սիմոնյանի մոտ: Նրա մոտ չեն թողել, ընկերուհիներս զրուցել են ադմինիստրատոր Էդիկի ու Կարինեի փեսայի՝ եկեղեցու ծառայող Ստյոպայի հետ,- պատմում է Էլվիրան,- ընկերուհիներս նրանց ասել են, որ Կարինեն սուտ բաներ է գրել, դատի է տվել, դա ի՞նչ հավատացյալ է: Այդտեղ որոշել են, որ մենք համաձայնություն տանք, որ դատ չլինի: Ընկերուհիներս մեզ համոզում էին, որ համաձայնվենք: Ամուսինս՝ Սաշան, ուզում էր, որ դատ լիներ, նրանք էլ ասում էին, թե այդպես լավ չի լինի: Ստյոպան մյուս օրը եկավ ու ասաց, թե իրենք չեն ուզում, որ մենք փողոցում մնանք: Ասում էր՝ եկեք Աստծու անունը չխայտառակենք: Մի խոսքով` քարոզ էր կարդում... Ուրիշի համար լավություն են անում, իսկ ինձ ասում են՝ Աստված քեզ հետ: Հաջորդ օրը միջանցքում «Կյանքի խոսք եկեղեցի» կազմակերպության փաստաբան Կիմ Շիրինյանը ամուսնուս ստորագրելու է տալիս հաշտության թուղթը»:

Կարինե Մկրտչյանը իր հայցադիմում նշել էր թիվ 26 եւ 26 ա բնակարանները աճուրդով վաճառելու մասին: Սակայն հաշտության համաձայնության մեջ 26 ա -ի մասին ոչինչ չկա, խոսքը վերաբերում է միայն թիվ 26 բնակարանին, որի 3/4-ի տերը Ալեքսանդր Շումովիչն էր, մնացածինը՝ նրա եղբայր Յուրին, այժմ էլ, փաստորեն, վերջինիս նախկին կինը՝ Կարինեն:

«Կիմ Շիրինյանը գրել է, որ վաճառվում է թիվ 26 բնակարանը միայն, որից ստացված գումարի 46 տոկոսը Սաշան պետք է տա Կարինեենց»,- ասում է Էլվիրան:

Մեջբերենք 05.11.2004-ին կնքված համաձայնության այդ հատվածը. «Պատասխանող Ալեքսանդր Շումովիչս պարտավորվում եմ վիճելի բնակարանը (ք. Երեւան, Բագրատունյաց փող., 43շ., 26 բն.) վաճառել սույն հաշտության համաձայնության ստորագրման օրվանից երեք ամսվա ընթացքում եւ ստացված գումարի46 %-ը հատկացնել հայցվորներին»:

Հարց է ծագում. այդ ինչպե՞ս եղավ, որ «26 ա » արտահայտությունը հաշտության համաձայնության մեջ հօդս ցնդեց, իսկ թիվ 26 բնակարանի միայն 1/4-ի՝ նույնն է թե 25%-ի տեր հայցվոր կողմը ստացավ գրեթե կրկնակին՝ 46 %-ը:

Բանն այն է, որ ազգությամբ ուկրաինացի Ալեքսանդր Շումովիչը, չտիրապետելով հայոց լեզվին, ստորագրել է ուրիշի ձեռքով հայերեն գրված համաձայնության տակ:

«Սաշան ինձ ասում էր, որ Շիրինյանն իրեն համաձայնության տեքստը չի կարդացել: Շիրինյանն էլ ասում էր` չէ, ես կարդացել եմ, բայց էստեղ մի քիչ սխալվել եմ,- ասում է Էլվիրան՝ նկատի ուենալով «26 ա » արտահայտության բացթողումը:- Դատարանում Սաշային հարցրել են, թե նա համաձա՞յն է վաճառել բնակարանը, նա էլ ասել է՝ այո»:

Այսինքն՝ Ա. Շումովիչը չի իմացել, որ խոսքը միայն 26-րդ բնակարանի մասին է: Ամեն ինչ պարզ է դարձել միայն հարկադիր կատարող Տ. Մաճկալյանի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին 27.10.2005-ի որոշումից, որով բաշխվել են աճուրդից ստացված գումարները: Մաճկալյանը հիմք էր ընդունել Շենգավիթի առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի՝ կողմերը համաձայնության են եկել թիվ 26 բնակարանը աճուրդով վաճառելու հարցում: Դատարանն էլ (դատավոր՝ Ա. Օհանյան) վճիռ էր կայացրել վերոնշյալ համաձայնության հիման վրա, բայց անտեսել էր այն հանգամանքը, որ հայցադիմումում նշվում է նաեւ թիվ 26 ա բնակարանը:

Ա. Շումովիչը, թեեւ ուշացումով, դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ գործը վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու բողոքով, ինչը դատարանը չի բավարարել:

Աճուրդի արդյունքում Ա. Շումովիչը ստացել է 1.741.074 դրամ, իսկ հայցվոր կողմ ներկայացած Կարինե Մկրտչյանը, Քրիստինե, Արսեն եւ Յուրի Շումովիչները՝ 1.483.137 դր: Դրան հավելենք նաեւ այն, որ Կարինեն առանձին վաճառել է թիվ 26 ա բնակարանը, որից ոչ մի լումա, բնականաբար, Ալեքսանդրին չի հասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter