
Արմավիրում հաղթեցին «մեծահարուստ» թեկնածուները
Արդեն հայտնի են Արմավիրի մարզի մի շարք համայնքներում երեկ կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: «Ցնցումներ» չեղան: Երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկացրել ենք «առաջատար» թեկնածուների մասին, որոնք ոչ թե ընտրվեցին, այլ անմրցակից կամ ոչ իրական պայքարի արդյունքում ընտրվեցին համայնքապետի պաշտոնում:
Արմավիր. վերընտրված քաղաքապետը՝ ավազի հանքավայրի օգտագործող
8.169 ձայնով վերընտվել է Արմավիր քաղաքի միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը: 28 421 ընտրողից ընտրությանը մասնակցել է 9 246-ը, որից Ռուբեն Խլղաթյանին դեմ է քվեարկել 810 արմավիրցի, իսկ անվավեր է համարվել 265 քվեաթերթիկ:
Ինչպես հայտնի է, համայնքի ղեկավարի թեկնածուները տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացնում գույքի ու եկամուտների հայտարարագրեր:
Այսպես, ըստ հայտարարագրի՝ Ռուբեն Խլղաթյանն Արմավիր քաղաքում ունի երկու բնակելի տուն՝ համապատասխանաբար 634.6քմ և 250.9քմ մակերեսով: 2014թ. փետրվարի 2-ից մինչև այս տարվա նույն ժամանակահատվածը նրա եկամուտները կազմել են մոտ 5 մլն 783 հազար դրամ, որից մոտ 3 մլն 471 հազար դրամը քաղաքապետի աշխատավարձն է, իսկ մնացածը՝ «Լեգենդա» ՍՊԸ-ից ստացած փոխառության տոկոսը:
Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանն ու ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը եղել են «Լեգենդա» ՍՊԸ-ի հիմնադիրները:
Քաղաքապետին է պատկանում «Արմավիր-Շին» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը: Ի դեպ, այս ընկերության հիմնադիրներից է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Արմավիր-Շին» ՍՊԸ-ին է պատկանում մարզի Գետաշեն համայնքի մոտակայքում գտնվող ավազի արդյունահանման թույլտվությունը:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Արմավիրի քաղաքապետը փետրվարի 20-ի դրությամբ իր հաշվին ունեցել է 14 մլն դրամ և 110 հազար ԱՄՆ դոլար:
Նալբանդյան. բնակարան ու պահեստ՝ Դոնեցկում, շարժական գույք՝ Հայաստանում
Նալբանդյան համայնքում ձայների մեծ տարբերությամբ վերընտրվել է գործող համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը: 3266 ընտրողից ընտրությանը մասնակցել է 2062 մարդ, որից Գրիգոր Մկրտչյանի օգտին քվեարկել է 1218 ընտրող, իսկ Արգիշտի Հարությունյանի օգտին՝ 785: Անվավեր է համարվել 59 քվեաթերթիկ:
Գործող համայնքապետ Գրիգոր Մկրտչյանն, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, «սովորական» գյուղապետ չէ: Նա 78 քմ մակերեսով բնակարան և 140 քմ պահեստ ունի Ուկրաինայի Դոնեցք քաղաքում, 230 քմ առանձնատուն և 21 հա հողամաս ունի Նալբանդյան գյուղում: Նշված անշարժ գույքը համայնքապետին է պատկանում որպես համատեղ սեփականություն:
Գրիգոր Մկրտչյանը ավտոմեքենաների պակաս ևս չունի: Հայտարարագրել է 2003թ. արտադրության «Մազդա 6», 2002թ. արտադրության «Մերսեդես C 240», 1991թ. արտադրության «ԳԱԶ 53», նույն թվականի արտադրության «T 25» մակնիշի տրակտոր, 1989թ. «E 302» խոտհնձող տրակտոր, ինչպես նաև 1991թ. արտադրության կոմբայն:
«Համեստ» են նաև Նալբանդյանի համայնքապետի եկամուտներն ու դրամական միջոցները: Նա մեկ տարվա ընթացքում ստացել է 22 մլն դրամի եկամուտ, որից 2 մլն դրամը՝ աշխատավարձն է, իսկ 20 մլն-ը՝ գյուղմթերքների վաճառքից ստացած եկամուտը:
Փետրվարի 20-ին նրա հաշվին եղել է 2 մլն դրամ:
Նոր Արմավիր. հաղթեց ճարտարագետը
Նոր Արմավիրում գործող համայնքապետ Կարեն Գրիգորյանը պարտվել է իր միակ մրցակցին՝ Արթուր Ավետիսյանին: 1497 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատարել է 976-ը, որից Կարեն Գրիգորյանի օգտին քվեարկել է 460-ը, իսկ Արթուր Ավետիսյանի՝ 505: Անվավեր է համարվել 9 քվեաթերթիկ:
Նոր Արմավիրի համայնքապետի թեկնածու Արթուր Ավետիսյանը, ով աշխատում է «Ախուրյան-Արաքս» ջրառում որպես ճարտարագետ, հայտարարագրել է 98.9 քմ բնակելի տուն, տնամերձ հողամաս, 7000 քմ մակերեսով անասնագոմ և 3180 քմ մակերեսով կիսակառույց, 0,134 հա տնամերձ հողամաս, 0,430 հա սեփականաշնորհված հողամաս, 1, 37 հա հողամաս Նոր Արմավիր գյուղում:
Որպես շարժական գույք հայտարարագրել է 1986թ. արտադրության «Մազ 5334» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Իսկ որպես եկամուտ Ա. Ավետիսյանը նշել է ամսական 100.000 դրամ աշխատավարձը, անասնապահությունից ստացած 3 մլն դրամ տարեկան եկամուտը, որը նշել է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև 6 մլն դրամ եկամուտ հողագործությունից:
Փետրվարի 23-ի դրությամբ Ա. Ավետիսյանի հաշվին եղել է 300.000 դրամ և 500 ԱՄՆ դոլար:
Թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը մյուս թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը չտրամադրեց: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանեց, թե նրանք չեն ներկայացրել, սակայն գործերը բացելիս կարդում էր նաև այլ թեկնածուների անուններ, ովքեր ներկայացրել են հայտարարագրեր:
«Մյուս թեկնածուները կարող են և չներկայացնել, դա պարտադիր չէ»,-ասաց Գայանե Սուքիասյանը՝ յուրովի մեկնաբանելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի՝ «թեկնածուները համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում հայտարարագիր` իրենց գույքի և եկամուտների մասին» պահանջը:
Թե ինչու հանձնաժողովի նախագահը չտրամադրեց մյուս թեկնածուների հայտարարագրերը՝ անհայտ է:
Հովտամեջ. 4.5 մլն դրամի եկամուտ «կարտոշկից, ցորենից»
Մարզի Հովտամեջ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը ևս վերընտրվել է: Ա. Սարգսյանի վերընտրվելը կանխատեսելի էր, նա նույնպես մրցակից չուներ և ինչպես համագյուղացիներն էին կատակում՝ «Արմենը մրցում է քվեաթերթիկի «դեմ»-ի հետ»:
909 ընդհանուր ընտրողից 336-ը ձայնը տվել է միակ թեկնածուին, նրան դեմ է քվեարկել 4 մարդ, անվավեր է համարվել 13 քվեաթերթիկ: Ընտրությանը մասնակցել է 353 մարդ:
Թիվ 20 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը տրամադրեց Հովտամեջ և Հայկավան համայնքի ղեկավարի թեկնածուների հայտարարագրերը:
2004թ-ից պաշտոնավարող Արմեն Սարգսյանը հայտարարագրել է «0.11 հա մակերեսով բնակարան» և 0.16 հա վարելահող: Համայնքապետն ունի 2009թ. արտադրության «Հովեր» մակնիշի ավտոմեքենա:
Մեկ տարվա ընթացքում 1 մլն 645 հազար դրամի եկամուտ ստացել է աշխատավարձից, 4.5 մլն դրամ՝ «կարտոշկից, ցորենից»:
Փետրվարի 21-ի դրությամբ Արմեն Սարգսյանն ունեցել է 2 մլն 400 հազար դրամ:
Հայկավան. հաղթել է «Մերսեդեսի» սիրահար թեկնածուն
Հայկավանում 590 ձայնով համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Ղազարյանը, ում օգտին էլ երեկ ծառայեցվում էր վարչական լծակը: Նրա միակ մրցակից Արամ Մելքոնյանը ստացել է 59 քվե: Հայկավանում ընտրելու իրավունք ուներ 1114 մարդ, որից ընտրությանը մասնակցել է 660-ը: Այստեղ անվավեր է համարվել 11 քվեաթերթիկ:
Գործող համայնքապետ Մամիկոն Գևորգյանը չէր առաջադրվել:
ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Ռուբեն Ղազարյանը հայտարարագրել է 250 քմ մակերեսով բնակարան Արմավիր և 50 քմ բնակարան Մեծամոր քաղաքներում և 0.1 հա հողամաս Հայկավանում: Նշված անշարժ գույքը Ռ. Ղազարյանին պատկանում է համասեփականության իրավունքով:
Նա հայտարարագրել է նաև 2001թ. արտադրության «Մերսեդես C 500», 1997թ. «Մերսեդես C 180» և 2008թ. արտադրության «Վազ 2121» նիվա մակնիշի ավտոմեքենա:
Փետրվարի 20-ի դրությամբ Ռուբեն Ղազարյանն իր հաշվին ունեցել է 800.000 դրամ, իսկ եկամուտը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ստացած 2 մլն 100 հազար դրամ աշխատավարձն է:
Գործազուրկ Արամ Մելքոնյանն ունի տնամերձ և սեփականաշնորհված հողամաս Հայկավան գյուղում, համապատասխանաբար՝ 1200 քմ և 1700 քմ մակերեսով, ինչպես նաև կիսակառույց տուն նույն գյուղում:
Ա.Մելքոնյանը մարդատար ավտոմեքենա չունի: Նրա ունեցած միակ շարժական գույքը 991թ. արտադրության K-701 ավտոմեքենան է:
Փետրվարի 21-ի դրությամբ նրա հաշվին եղել է ընդամենը 200 հազար դրամ, իսկ տարվա կտրվածքով եկամուտը՝ 2 մլն դրամ, որը գոյացել է այգեգործությունից:
Ստացվում է, որ թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը տրամադրել էր հիմնականում հաղթող թեկնածուների հայտարարագրերը: Գայանե Սուքիասյանը գուցե նախապես գիտե՞ր, թե ով է հաղթելու:
Մեկնաբանել