HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մշակութաբանություն և/կամ մշակութային ուսումնասիրություններ

Վերջին տարիներին մշակույթի արմատական փոփոխության, անկման կամ նույնիսկ այլասերման մասին ժամանակ առ ժամանակ ծայր առնող տագնապալի բանավեճերը զարմանալիորեն չեն անդրադառնում մշակույթի ուսումնասիրության ասպարեզում ակնկալվող տեղաշարժերին։ Եւ եթե առաջին թեման մատչելի է բոլորին, ապա երկրորդն առավելապես վերաբերում է հենց հետազոտողներին։ Կարելի է ենթադրել, որ Հայաստանում մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող հիմնական բնագավառը մշակութաբանությունն է, եթե, իհարկե, ընդունենք, թե Հայաստանում այդպիսի բնագավառ կա։ Ու թեեւ մշակութաբանների, այսինքն, մարդկանց, ովքեր ներկայանում են որպես մշակութաբան, պակաս այսօր կարծես թե չի զգացվում, այդ  չկազմակերպված, խիստ տարասեռ հանրույթը հազիվ թե ընդունակ լինի նման նախաձեռնության եւ նման բանավեճի։ (1)

Մշակութաբանության (կուլտուրոլոգիա) զարգացման մասին մանրամասներ կարելի է իմանալ ինտերնետում մատչելի նյութերից։ Նկատենք միայն, որ իր ծագմամբ «կուլտուրոլոգիա»-ն խորհրդային գիտություն է, որի առաջացման դրդապատճաների եւ գաղափարաբանական հրամայականների մասին կարելի է ենթադրություններ անել։ Ռուսաստանում այս բնագավառը խորհրդային վերջին տարիներին հասցրել է մտնել համալսարան եւ էլ ավելի է ամրապնդել իր դիրքերը ետխորհրդային շրջանում։ Հայաստանում մշակութաբանության հաստատութենային (ինստիտուցիոնալ) կարգավիճակը շատ ավելի համեստ է։ Մի հանգամանք, որ ինքն իրեն «մշակութային ազգ» համարող հասարակության համար բացատրության կարիք ունի։ Բացատրության կարոտ է նաեւ այսքան անհաստատ հիմքով «խորհրդային գիտության» պատշաճության հարցը ներկա պայմաններին։ (Չեմ ուզում ասել, թե Հայաստանի ակադեմիական¬համալսարանական համակարգում տեղ գտած այնպիսի բնագավառների, ինչպես, ասենք, ազգագրությունը, սոցիոլոգիան, ալեւելագիտությունը, հայագիտությունը, ետխորհրդային կարգավիճակը բոլորովին անխնդրահարույց է։)

Թեեւ բավական ուշացած, Հայաստանում աստիճանաբար հայտնի է դառնում նաեւ մշակութային ուսումնասիրությունները (ՄՈւ, «մշակութային ուսումնասիրություններ»-ը՝ որպես հետազոտական տիրույթի անուն, օգտագործում եմ եզակի թվով), որն ունի սեփական տեսություններն ու տեսաբանները, օրակարգերն ու մոտեցումները։ Արդեն իսկ ուրվագծվող խառնաշփոթը մեղմելու նպատակով ստորեւ առաջարկում եմ որոշ համեմատական դիտարկումներ իրարից միանգամայն տարբեր երկու հետազոտական տիրույթների՝ մշակութաբանության ու ՄՈւ-ի մասին։

Երկու հարացույց

Մշակութաբանությունը եւ ՄՈւ-ը՝ որպես հասկացություններ եւ հետազոտության տիրույթներ ձեւավորվել են ետպատերազմյան շրջանում՝ տարբեր պատմական իրադրություններում, տարբեր իմացաբանական եւ մեթոդաբանական հիմքերի վրա եւ, որպես նախագծեր, տարբեր ակնկալիքների հորիզոններով։ Առաջինը, եթե սահմանափակվենք Հայաստանով, առայժմ հեռու է ձեւավորված լինելուց եւ միանգամայն անհաղորդ սեփական պատմությանը, ծագման ու զարգացման պայմաններին վերաբերող մտահոգություններին (որ հակառակ դեպքում, թերեւս, կլիներ նրա հասունության նշաններից մեկը), երկրորդը՝ աշխարհով մեկ տարածված, ճգնաժամերի միջով անցած եւ ուղղությունների բաժանված, բայց Հայաստանում գրեթե անծանոթ։ ՄՈւ-ը, սկզբնապես ձեւավորվելով Անգլիայում, ի ցույց է դրել արդյունավետ տեղայնացման բազմաթիվ օրինակներ գլոբալացող աշխարհի տարբեր հասարակություններում՝ Լատինական Ամերիկայից մինչեւ Հարավ-Արեւելյան Ասիա, մինչդեռ, ինչպես նշվեց, եթե բացառենք Ռուսաստանը, հազիվ թե կարելի է խոսել նշանակալի մշակութաբանական հետազոտական ավանդության մասին որեւէ ետխորհրդային երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

Մշակութաբանությունը ենթադրում է մշակույթի որոշակի ըմբռնում, որը, ժամանակի ընթացքում կրած փոփոխություններով հանդերձ, շատ չի հեռացել իր արեւմտյան արմատներից։ Արեւմտյան են ոչ միայն տեսաբանները, որոնց աշխատանքների վրա հենվում է մշակութաբանությունը (Թոյնբի, Շպենգլեր եւ ուրիշներ), այլեւ մշակույթի բուն հղացումը, որտեղ էական են «բարձր մշակույթ»-«ցածր մշակույթ» եւ այլ հիերարխիային հակադրություններ։ Որպես կանոն, այս մշակույթը հին է, կազմված մշակութային առարկաներից. շինություններ, մատյաններ, նկարներ եւ այլն, որոնք անխնդրահարույց ձեւով մատչելի են հետազոտության համար։ Այս ըմբռնումը անտեսում է զանգվածային կամ հանրամատչելի (ժողովրդական, պոպուլյար) մշակույթը եւ տեսական-մեթոդաբանական գործիքներ չի տրամադրում ժամանակակից մշակույթի ուսումնասիրության համար։

Մինչդեռ ՄՈւ-ը առաջին հերթին հետաքրքրված է մշակութային պրակտիկաներով, որոնք վերաբերում են մշակույթի ստեղծմանը, տարածմանն ու սպառմանը եւ իրենց վրա անխուսափելիորեն կրում են սոցիալական հարաբերությունների կնիքը։ Այստեղ չկան վերապահումներ հանրամատչելի մշակույթի նկատմամբ, ընդհակառակը, կա համոզմունք, որ սովորական մարդկանց իմաստաստեղծ պրակտիկաներն ունեն ավելի մեծ վերլուծական եւ քաղաքական նշանակություն, քան «բարձր մշակույթ»-ը։ Այս պնդումը նաեւ հիշեցում է ՄՈւ-ի՝ որպես քաղաքական նախագծի մասին, որ ենթադրում է հետազոտողի ու հետազոտության մերձությունը սոցիալական կյանքին, ներգրավվածությունը սոցիալական շարժումներին։ Եթե մշակութաբանությունը առավելապես ակադեմիական գործունեություն է, ապա ՄՈւ-ը, առնվազն իր սկզբնական հղացմամբ, ձգտելով ծառայել սոցիալական փոփոխությանն ուղղված ջանքերին, հետաքրքրված է մշակույթի եւ իշխանության փոխհարաբերությունների քննությամբ եւ այդ մասին մտածելու ձեւեր մշակելով։

Կուլտուրոլոգիան «զարգացած սոցիալիզմի» ծնունդ է եւ առաջ է եկել մի ժամանակ, երբ փոքր-ինչ թուլացել էին մարքսիզմ-լենինիզմի կապանքները, իսկ Արեւմուտքում հումանիտար եւ սոցիալական գիտություններն արմատական փոփոխությունների ու «շրջադարձերի» ընթացքի մեջ էին («լեզվական շրջադարձ» (‘linguistic turn’), «մշակութային շրջադարձ» (‘cultural turn’) եւ այլն)։

Խորհրդային ժողովրդի միասնական՝ «բարձր» (կամ «միջին») մշակույթը ձեռք էր բերվելու սոցիալական եւ էթնիկական տարբերությունների, առանձին մշակութային ինքնությունների հաղթահարմամբ։ Մի շարք նորահայտ կամ վերաիմաստավորված կենտրոնական հասկացությունների հետ միասին՝ «սոցիալիստական հումանիզմ», «նոր պատմական հանրություն», «բազմակողմանիորեն զարգացած անձ» եւ այլն, «սոցիալիստական մշակույթ»-ը հղում էր ոչ միայն իր եվրոպական, ուստի եւ՝ «ունիվերսալ» արմատներին, այլեւ, ինքնին հասկանալի ձեւով, «ռուս մեծ մշակույթին» եւ «ռուսաց մեծ լեզվին»։

Մշակութաբանություն բառը ռուսերեն տերմինի պարզ պատճենն է, իսկ որպես հետազոտական բնագավառ Խորհրդային Հայաստան անցել է «կենտրոնից ծայրագավառ» ընդհանուր տրամաբանությամբ, եւ ինչպես նշվեց, երբեք չի հետաքրքրվել մշակույթ եւ մշակութաբանություն հասկացությունների ձեւավորման ու տեղաշարժի հետագծի քննությամբ։ Նախաձեռնություն, որը գուցե կառաջադրեր դժվարին հարցեր ռուսական-խորհրդային գերիշխանության եւ օրիենտալիզմի, ինչպես նաեւ խորհրդահայ ազգային գաղափարաբանության մասին, որին մշակութաբանությունը սկզբից եւեթ ապավինել է։

Ինչպիսի՞ ՄՈւ է հնարավոր Հայաստանում

Այսպիսով, ունենք երկու անպատասխան հարց. առաջին՝ ի՞նչ է եղել եւ ի՞նչ է մշակութաբանությունը ոչ թե՝ ըստ մշակութաբանության համալսարանական դասագրքերի սահմանումների, այլ մշակութաբանության անունի տակ տասնամյակների ընթացքում արտադրված բազմաբնույթ տեքստերի նշանակության, եւ երկրորդ՝ ի՞նչ կարող է լինել ՄՈւ-ը Հայաստանում։ Ստորեւ կքննարկեմ երկրորդ հարցը, ավելի շուտ՝ ՄՈւ-ի յուրացման համար Հայաստանում առկա ոչ նպաստավոր պայմանները։

ՄՈւ-ը եւ մշակութաբանությունն ունեն մի երկդիմի ընդհանրություն՝ նրանց մարքսիստական ակունքները։ Բայց այս թվացյալ ընդհանրության ետեւում թաքնված են տարբերություններ, որոնք մի դեպքում 20-րդ դարում մարքսիզմի արեւմտյան եւ խորհրդային ճակատագրերի տարամիտման, իսկ մյուսում մի շարք նոր տեսությունների (պոստստրուկտուրալիզմ, հոգեվերլուծություն, ետգաղութատիրություն եւ այլն) միջամտության արդյունք են, որոնք մարքսիզմի հետ միասին ձեւավորել են մշակութային ուսումնասիրությունների տիրույթը։

Այդուհանդերձ, այս խաբուսիկ նմանությունը, ետխորհրդային երկրներում մարքսիզմի նկատմամբ անվստահության կամ նույնիսկ արհամարհանքի, ուստի եւ՝ անտեղյակության պայմաններում, կարող է դառնալ Հայաստանում ՄՈւ-ի տարածման խոչընդոտներից մեկը։ Այնուհետեւ, ՄՈւ-ի ձգտումը՝ ի հայտ բերելու եւ վերլուծելու մշակութային ռեպրեզենտացումներում գործող իշխանության հարաբերությունները հանուն սոցիալական ու մշակութային փոփոխության, անհամատեղելի է թվում Հայաստանի ակադեմիական-համալսարանական համակարգում արմատավորված սկզբունքների հետ, ըստ որոնց՝ նման արարքը կարող է համարվել անթույլատրելի՝ որպես ոտնձգություն իշխանությունների, պետության նկատմամբ։

Միեւնույն ժամանակ, ՄՈւ-ի ուշադրությունը հասարակության մեջ առկա տարբերությունների նկատմամբ՝ սոցիալական, էթնիկական, գենդերային եւ այլն, անընդունելի պետք է թվա նաեւ ազգային գաղափարաբանության համար, որը, թեեւ հիմնված լինելով ազգային-մշակութային «առանձնահատկության», այսինքն՝ տարբերության վրա, ընդհանուր առմամբ մերժում կամ անտեսում է ներքին տարբերությունների գոյությունը։

Հայաստանում, ինչպես եւ այլ ետխորհրդային երկրներում, այսօր էլ հիմնականում մնում է չլուծված հումանիտար եւ սոցիալական գիտությունների համար նոր ուսումնական ծրագրերի մշակման խնդիրը։ Բացի այդ, համալսարանի ներկա կառուցվածքը, որը խորհրդային ժառանգություն է, թույլ չի տալիս գործուն փոխազդեցություններ ու փոխներթափանցումներ ֆակուլտետների եւ ուսումնական ծրագրերի միջեւ, ուստի նպաստավոր չէ այնպիսի միջբնագավառային տիրույթների ձեւավորման համար, ինչպես ՄՈւ-ը։ Դժվարությունների թվում են նաեւ հայրերեն լեզվով գրքերի ու դասագրքերի, ինչպես նաեւ նոր առարկաներ դասավանդելու ընդունակ դասախոսների պակասը։

Ուրեմն, տեղին է հարցնել, թե առհասարակ իմաստ ունի՞ խոսել Հայաստանում ՄՈւ-ի ապագայի մասին։ Այս հարցի ավելի մանրամասն քննարկմանը կփորձեմ վերադառնալ հետագայում (ըստ էության, որքան էլ պարադոքսային թվա, «Ինչպիսի՞ ՄՈւ է հնարավոր Հայաստանում» հարցը լավ նյութ տրամադրում է հենց մշակութային ուսումնասիրություն կատարելու համար), ավելացնեմ միայն, որ հետազոտության այս նոր տիրույթը նշանակում է ոչ միայն նոր տեսություններ, մոտեցումներ ու մեթոդներ՝ հետազոտական նոր հարացույց, այլեւ սոցիալական-մշակութային նոր աշխարհի «հայտնագործում», որի հղացականացումը եւ ուսումնասիրությունը, ի թիվս այլ բաների, պահանջում է հստակ դիրքավորում («որտեղի՞ց ես խոսում, ո՞ւմ ես ուղղում խոսքդ, հանուն ի՞նչ նպատակի ես խոսում»),  տեղայնորեն իմաստալի հետազոտական օրակարգի ձեւավորում եւ, ի վերջո, նոր տեսակի հետազոտողի ինքնության կառուցում։

 

Ծանոթագրություններ 

(1) Ոստում (վեբում) «մշակութաբան» բառով որոնում անելով՝ ստացա բավական հետաքրքրական արդյունք։ Ըստ այդ ցանկի՝ Հայաստանում միայն որպես մշակութաբան ներկայանում են քչերը, եւ դրանք, ըստ ամենայնի, ակադեմիական պատկանելություն չունեցող մարդիկ են, կարելի է ասել՝ ինքնակոչներ։ Ավելի շատ են այսպիսի զույգերը (զույգի անդամների միջեւ կարող է լինել ստորակետ, «եւ» կամ գծիկ), որտեղ մշակութաբանը, թվում է, հիմնական մասնագիտության անվանումը չէ. գրականագետ, մշակութաբան; սոցիոլոգ, մշակութաբան; ազգագրագետ, մշակութաբան; երաժիշտ, մշակութաբան; հայագետ, մշակութաբան։ Սակավաթիվ դեպքերում նման զույգի մեջ «մշակութաբան»-ը հայտնվում է առաջին դիրքում. մշակութաբան, ազգագրագետ; մշակութաբան, հոգեթերապեւտ կամ մշակութաբան, լրագրող։ Պատահում են ավելի բազմանդամ եւ անսպասելի կապակցություններ. ատամնաբույժ, մշակութաբան, մոդել (չեմ հավատում, թե ատամնաբուժի եւ մոդելի միջեւ կարող էր հայտնվել մեկ այլ մասնագիտության անուն, ասենք, գրականագետ, արվեստաբան, սոցիոլոգ կամ նույնիսկ փիլիսոփա)։ Որոշ դեպքերում ցանկն ավելի երկար է. արձակագիր, մշակութաբան, դրամատուրգ, հրապարակագիր կամ մեկ այլ դեպքում՝ գրող, փիլիսոփա, մշակութաբան, էթնո-քաղաքագետ։ Այսինքն, մշակութաբանությունը շատերին մատչելի է թվում որպես իրենց հրապարակայնորեն ներկայացնելու հիմնական կամ լրացուցիչ տիրույթ։ Մշակութաբանությունը չի պահանջում մասնագիտական կրթություն ու հաստատութենային պատկանելություն եւ կարող է նշանակել ցանկացած բան, որ անհամատեղելի է հաստատված բնագավառների հետ։ Կան նաեւ «մշակութային ուսումնասիրություններ»-ով զբաղվողներ, որտեղ ՄՈւ-ը հիմնականում տարաշխարհիկ պիտակ է առայժմ անուն չունեցող նորահայտ զբաղմունքները եւ դրանցով ասպարեզ մտնողներին լեգիտիմացնելու համար։ Նկատեմ նաեւ, որ ՄՈւ-ը իր հետազոտողների համար չունի այնպիսի հարմար անուն, ինչպես մշակութաբանը. «մշակութային քննադատ» կամ «մշակութային տեսաբան» անուններն առայժմ անծանոթ են եւ դեռ ոչինչ չեն նշանակում։ Իհարկե, կարելի է հարցնել, թե ետխորհրդային շրջանում ի՞նչ է փոխվել մշակութաբանության «մշակույթ»-ի մեջ, որ նույն անունի տակ հավաքվել է այսքան խայտաբղետ հանրություն, բայց նման հարցերի քննարկումը դուրս է մնում այս հոդվածի շրջանակից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter