HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախի Ննգի համայնքում սողանքների դեմն առնելու համար առայժմ ոչինչ չի արվել

ԼՂՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքում սողանքների պատճառով 99 տնից  30-ը փլվելու վտանգի տակ է: Տներից մի քանիսն ընդհանրապես վթարային վիճակում են։

Ննգիի համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանի խոսքով՝ սողանքների պատճառով դեռ խորհրդային տարիներին որոշվել էր գյուղը տեղափոխել։ Ավելին, շուրջ 15 ընտանիք, սողանքների ժամանակ փլված տների պատճառով 1980-ականների գյուղի ներքևի հատվածում իրենց ուժերով տներ են կառուցել ու տեղափոխվել։ Արցախյան պատերազմից առաջ այդպես Ննգին բաժանվեց նոր ու հին գյուղերի։

Այսօր Ննգիի միջով է անցնում Ստեփանակերտ-Մարտունի մայրուղին։ Անցած տարի ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատվել է։ Մայրուղու վրա էլ կան սողանքային կետեր, որոնք շահագործումից հետո մի քանի անգամ արդեն վերանորոգվել են։

Սողանքների պատճառով Ննգին չի գազաֆիկացվում։ Գյուղացիներն ասում են, որ չնայած հարևան մի քանի գյուղի գազատարն իրենց գյուղի կողքով է անցնում, այնուամենայնիվ իրենց գյուղը գազաֆիկացնել չեն շտապում։

Ըստ Զ․Քամալյանի՝ սողանքները Ննգիում սեզոնային բնույթ են կրում, հիմնականում լինում են անձրևներից հետո։ Միակ  «մխիթարանքն» այն է, որ սողանքները միշտ նույն հատվածներում են լինում։ Ընդհանուր առմամբ գյուղում 4-5 սողանքային տեղամասեր կան։

Գլխավոր ասֆալտապատ ճանապարհից թեքվող նեղ ու քարքարոտ արահետներից մեկը տանում է 79-ամյա Նինիշկա տատի տուն։

Կիսախարխուլ տանիքով ու ճաքճքված պատերով բնակելի տունը ոչնչով  չի տարբերվում գյուղի մնացած ավերակ տներից։

Նինիշկա Աբրահամյանը աղջկա՝ Գրետայի հետ 1989թ․ Բաքվից գաղթել է Արցախ։

«Բաքվի դեպքերի ժամանակ ամուսնուս ծեծելով սպանել են։ Աղջկաս էլ ուսումնարանից վերառանալու ճանապրհին են ծեծել։ Արդյունքում հոգեկան խանգարում է ստացել։ Ես հիվանդ երեխայիս հետ, ամեն ինչ թողնելով Բաքվում, մի կերպ հասել եմ ամուսնուս հայրական գյուղ»,-պատմում է Նինիշկա տատը։

1990-ականներին տունը քիչ թե շատ նորմալ վիճակում էր։ Սակայն տարիների ընթացքում այն լրիվ ավերակի է վերածվել։

Մայր ու աղջիկ այսօր ապրում են տան միակ սենյակում:  Վառարանի ծխից սևացած ու տուն լցվող անձրևաջրերից խունացած պատից կախված են աղջիկների մանուկ ժամանակվա երկու լուսանկարներն ու խաչը։ Դրանք այն եզակի իրերն են, որ հաջողվել է փախուստի ժամանակ վերցնել իրենց հետ։

Մի քանի տարի առաջ ուժեղ քամիներից տուժել է նաև Աբրահամյանների տան խարխլված տանիքը։ Այն փոխելու կամ ավելի ապահով տուն տրամադրելու փախստական կնոջ դիմումն առ այսօր չեն բավարարել։

[gallery id=334]

«20 տարուց ավելի է՝ էստեղ եմ ապրում ու որպես փախստական ընդամենը մեկ անգամ 10 000 դրամ եմ օգնություն ստացել։ Այսօր մենք ապրում ենք իմ թոշակով ու աղջկաս նպաստով»,-ասում է Նինիկշա տատը։

Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունից «Հետքին» տեղեկացրին, որ, իրոք, 2011թ․ Նինիշկա Աբրահամյանը տուն ստանալու համար հերթագրված  է։ Բայց քանի որ առ այսօր չկա պետական համապատասխան ծրագիր, ընտանիքին տան հարցով օգնել չեն կարող։

Վերջին երկու տարվա ընթացքում առավել վթարային վիճակում գտնվող խոցելի խմբերի 2 ընտանիքների համար տուն է կառուցվել պետական միջոցներով։  Ավագյանների բազմազավակ ընտանիքը նրանցից մեկն է։

«Երբ դիմեցինք օգնության համար, որոշ ժամանակ անց իմ ծնողների համար, որպես զոհվածի ընտանիքի (եղբարյրս Արցախյան պատերազմում է զոհվել), մեկ սենյականոց տուն են կառուցել։ Ծնողներս տեղափոխվել են նոր տունը, իսկ մենք երեխաների հետ ստիպված մնացել ենք այս տանը»,-պատմում է բազմազավակ ընտանիքի հայրը՝ Գրիգորի Ավագյանը։

Գրիգորիի կինը՝ Արմանուշը, ցույց տալով պատերի ճաքերը, ասում է, որ առնետներից պրծում չկա, եւ 4 երեխաներից երկուսը լուրջ առողջական խնդիրներ ունեն։

«Մեր միջոցներով մենք հազիվ ենք յոլա տանում։ Ամուսինս 4 ամիս է, ինչ աշխատանք է գտել Ստեփանակերտում։ Աշխատավարձի կեսն էլ ճանապարհածախս է տալիս։ Էլ չեմ ասում՝ տարին մի քանի անգամ երեխաներին Երևան բուժման տանելը։ Մարտի վերջին 8 տարեկան աղջկաս՝ Իննային, պիտի տանենք հերթական ստուգման։ Եթե ամուսնուս ծնողները չօգնեն, ստիպված 2 կովից մեկը պիտի վաճառենք ու գնանք։ Պետպատվեր հասնում է միայն մինչև 7 տարեկան երեխաներին»,-պատմում է կինը։

Գրիգորին ասում է, որ եթե օգնեն գոնե ծնողների նոր տանը երկու սենյակ կցեն, իրենց դա էլ բավարար է։  Նա վստահեցնում է, որ իրենց տանը մնալը  վտանգավոր է  դարձել:  Համոզվելու համար առաջարկեց դուրս գալ բակ։ Դրսից հստակ երևում է, որ տան նախամուտքն ու հյուրասենյակի պատերն իրարից բավականին հեռացել են, չնայած 5 տարի առաջ ամրացնող աշխատանքներ են կատարել։

«Էս կողմ արի,-տնից մի քիչ հեռանալով՝ կանչեց Գրիգորին և մատով ցույց տալով ճանապարհի մեջտեղի փոսն ասաց,- 2 օր առաջ առավոտ վեր կացանք ու տեսանք մոտ 2 մետր խորությամբ այս փոսը։ Քարեր ենք բերել լցրել, որ հանկարծ անցորդները չընկնեն մեջը»։

Համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանն ասում է, որ գյուղում սողանքները կանգնեցնելու նպատակով մասնագետների կողմից առայժմ ոչինչ կոնկրետ չի առաջարկվել կամ ձեռնարկվել։

«Գյուղացիներն էլ առաջարկում են մի քանի արտեզյան ջրհոր փորել։ Նրանք մտածում են, որ հողի տակից ջուրը հանելով՝ միանգամից երկու խնդիր կլուծվի ՝ նախ սողանքներ չի լինի և հետո՝ գյուղը կապահովվի ոռոգման ջրով»,-եզրափակեց գյուղապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter