HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հինգ տարեկան Ալեքսանդրան Ամանորը կդիմավորի նկուղում

Անի Գասպարյան

Երեւանի Բագրատունյաց 43 հասցեում գտնվող բնակելի շենքի նկուղում արդեն կես տարի ապրում է մի ընտանիք` Ալեքսանդր Շումովիչը, կինը` փախստական Էլվիրա Մարտիրոսյանը, եւ նրանց հնգամյա դուստրը` Ալեքսանդրան:

Դեկտեմբերին, երբ ձմռան ցրտերն անտանելի են դարձել, Էլվիրա Մարտիրոսյանը դիմել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը` խնդրելով օգնել իրենց: Այժմ Էլվիրան շաբաթվա հինգ օրերին կազմակերպության բարեգործական ճաշարանից տաք սնունդ է տանում «տուն», իսկ սոցիալական աշխատողը` Գոհար Ամյանը, այցելելով նրանց` փորձում է պարզել ընտանիքի` այդ վիճակում հայտնվելու պատճառները:

Գոհարն ինձ ուղեկցում է կացարանը, որտեղ պատսպարված է երեք հոգանոց ընտանիքը: Այնտեղ հասնելու համար Գոհարը ստիպված է ամեն անգամ հաղթահարել բազմաթիվ դժվարանցանելի հատվածներ: Մենք հայտնվում ենք մի մութ տարածության մեջ, որտեղ հազիվ նշմարվում է երկաթյա դուռը:

Մոմերի աղոտ լույսի ներքո երիտասարդ մի կին է նստած եւ հրեշտականման մի աղջնակ:

Շուրջբոլորը խառնիխուռն առարկաներ են` փոքրիկ գազօջախ, ժամացույց, հագուստ, հայելի եւ էլի ինչ-որ իրեր, որոնք դարսված են իրար վրա կամ պարկերի մեջ: Էլվիրան մեզ հրավիրեց ներս` զգուշացնելով չվախենալ իրենց «ընկերակցող» առնետներից:

Էլվիրա Մարտիրոսյանը ծնվել է 1963 թվականին Բաքվում: Ընդունվել է Բաքվի կոնսերվատորիա, ապա ամուսնացել: Որդու` Ռաֆայելի ծննդից որոշ ժամանակ անց նա բաժանվել է ամուսնուց: Վերջինս զինվորական էր եւ ծառայում էր Հայաստանում:

«1988 թվականին որդուս հետ եկա Հայաստան: Սկզբում ապրում էինք հորաքրոջս տանը, սակայն հետո ես ընդունվեցի Երեւանի պետական կոնսերվատորիա, որպեսզի կիսատ թողած ուսումս ավարտին հասցնեմ: Այդ ժամանակ երկու ուսանող աղջիկների հետ միասին ապրում էինք Զեյթունի ուսանողական հանրակացարանում: Վիճակս շատ վատ էր, ես ափսոսում էի, որ խզել եմ բոլոր կապերը ամուսնուս հետ` չընդունելով նրա դրամական օգնությունը, որն ուղղված էր մեր որդուն: Զանգեցի եւ նրան հայտնեցի, որ մենք Հայաստանում ենք: Ամուսինս երբեմն գալիս էր, վերցնում Ռաֆայելին եւ տանում իր բարեկամների մոտ, սակայն ինձ հետ որեւէ կապ չուներ»,- պատմում է Էլվիրան:

Էլվիրան ավարտում է կոնսերվատորիան եւ աշխատանքի անցնում Արարատի մարզի Արեւաշատ գյուղի երաժշտական դպրոցում: Այդ ժամանակ ամուսինը տեղափոխվում է Մոսկվա: Էլվիրան հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, եւ ամուսինն առաջարկում է որդուն իր մոտ տանել:

«Համաձայնեցի, քանի որ ծայրահեղ պայմաններում էի գտնվում, անգամ բնակարան չունեի, իսկ հորաքրոջս չէի ուզում անհանգստացնել: Որոշ ժամանակ անց որդիս` Ռաֆայելը, եկավ Հայաստան: Ես հասկացա, որ նա այլեւս չի կարող ինձ հետ ապրել, քանի որ հայրը նրան շքեղ պայմաններում էր պահում: Ռաֆայելը կրկին մեկնեց հոր մոտ: Այդ ժամանակվանից ի վեր ես նրան չեմ տեսել»,- շարունակում է պատմությունը Էլվիրան:

Հոգեկան ծանր վիճակն ու անհաջողությունները Էլվիրան փորձում է ինչ-որ ձեւով լուծել: Սկսում է հաճախել մի հոգեւոր կենտրոն, որը կոչվում է «Կյանքի խոսք»: Այդտեղ հաճախում էր նաեւ նրա հորաքույրը:

«Ես պարզապես մարդ էի, ով փնտրում էր Աստծուն: Ես ունեի հարցեր, որոնք պատասխան էին պահանջում: Բայց ես չգիտեի ճանապարհը, արդյո՞ք ես ճիշտ տեղում էի, թե՞ ոչ: Այդտեղ հորաքույրս ինձ ծանոթացրեց մի կնոջ հետ, ով խոստացավ ինձ համար ժամանակավոր բնակարան գտնել: 1999 թվականն էր: Ես հավաքեցի իրերս եւ այդ կնոջ հետ միասին գնացի այն տունը, որտեղ պետք է ապրեի: Նա ինձ ասաց, որ ես զբաղեցնելու եմ այդ տան մի սենյակը, իսկ մյուս սենյակում ապրում է եւս մեկը` ինչ-որ տղամարդ: Ես չգիտեի` ով է այդ մարդը, միգուցե նա թմրամոլ է կամ մարդասպան, ես սկսեցի աղոթել, եւ Աստված ինձ ասաց, որ ես պետք է գնամ այնտեղ ... : Դուռը բացեց միջին տարիքի մի մարդ, մենք ծանոթացանք: Նա Ալեքսանդրն էր` իմ ապագա ամուսինը»,- հիշում է Էլվիրան:

Ամուսնու` Ալեքսանդր Շումովիչի ընտանիքը 1967 թվականին Ուկրաինայից տեղափոխվել է Երեւան եւ բնակություն հաստատել Բագրատունյաց 43 հասցեում, այն նույն շենքում, որի նկուղում այժմ բնակվում են Ալեքսանդրը, Էլվիրան եւ Ալեքսանդրան: Ալեքսանդրի ընտանիքը Ուկրաինայից Երեւան է տեղափոխվել հայազգի մոր` Ռոզայի նախաձեռնությամբ: Վերջինս ամուսնալուծվել էր եւ ցանկանում էր իր երկու որդիների հետ միասին ապրել հայրենիքում: Երբ Էլվիրան ծանոթացավ Ալեքսանդրի հետ, նրա մայրը` Ռոզան, արդեն մահացել էր, իսկ եղբայրը` Յուրան, տեղափոխվել էր Ռուսաստան:

Ալեքսանդրի եւ Էլվիրայի ամուսնությունից երկու տարի անց` 2001 թվականին, ծնվում է Ալեքսանդրան:

«Կինը, ով ինձ բերել էր այդ տուն, ոչինչ չէր ասել իր եւ այդ ընտանիքի կապի մասին: Հետագայում ես պարզեցի, որ նա եղել է ամուսնուս եղբոր` Յուրայի նախկին կինը: Ամուսնալուծությունից հետո Յուրան նրան է թողել բնակարանի 1/3 մասը եւ մեկնել Ռուսաստան, իսկ մյուս մասը մնացել է ամուսնուս` Ալեքսանդրին: Երբ ես հղի էի, Յուրայի նախկին կինը եկավ եւ հայտնեց, որ իրեն պատկանող սենյակը պատրաստվում է մի ընտանիքի տալ ժամանակավոր ապրելու համար: Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչպես երկու տարբեր ընտանիք պետք է ապրեին մի տան մեջ: Ճիշտ է, ես գրանցված չէի այդ տանը եւ ոչ մի իրավունք չունեի նրան հակաճառելու, սակայն նաեւ զգում էի, որ ի վիճակի չեմ առանց կոնֆլիկտի այդ հարցը լուծել»,- ասաց Էլվիրան:

Այդ տունը դարձավ կռվախնձոր, եւ գործը հասավ նրան, որ երկու կողմերը որոշեցին տունը վաճառել եւ գումարը բաժանել:

Սակայն, կողմերը չդիմեցին դատարան, քանի որ նրանց հաճախած հոգեւոր կենտրոնում արգելվում էր դատական գործընթացը: Նրանք որոշեցին հարցը լուծել իրենց հոգեւոր կենտրոնի միջոցով:

«Ինչպե՞ս կարող են այդ մարդիկ, ովքեր Աստծո անունն են տալիս, այդքան խարդախ ու խաբեբա լինել: Նրանք մեզ խաբեցին եւ դուրս շպրտեցին մեր բնակարանից` մեզ ինչ-որ կոպեկներ տալով: Այդ հոգեւոր դատը, որը տեղի ունեցավ, խաբեություն էր, իհարկե, դրա գլխավոր մեղավորը Յուրայի նախկին կինն էր, ով ցանկանում էր տիրանալ ողջ բնակարանին: Նրանք մեզ պատկանող տարածքը, որը կազմում է բնակարանի մեծ մասը, փաստաթղթում, իբր թե սխալմամբ, կրճատեցին: Դա մենք հետո պարզեցինք, երբ արդեն Ալեքսանդրը ստորագրել էր փաստաթուղթը: Հետո պարզեցինք, որ միայն մենք պետք է մեր բաժինը վաճառենք: Մեզ բաժին հասավ մոտ 4 000 դոլարին համարժեք դրամ, որով մենք ոչինչ անել չէինք կարող: Երբ մնացինք դրսում, մի օր այս ծանոթի տանն էինք անցկացնում, մի օր` մյուս, բայց ինչքա՞ն կարելի է այդպես: Այս նկուղը մեր հարեւաններից մեկինն է, նա է տվել, որ ապրենք: Այժմ ես ուզում եմ, որ օրինական դատ ու դատաստան լինի, եւ ամուսնուս վերադարձնեն այն տունը, որտեղ նա ապրել է մոտ քառասուն տարի»,- ասում է Էլվիրան:

Էլվիրա Մարտիրոսյանը փախստական է եւ նրան օրինական կացարան է հասնում: Սակայն նա ի վիճակի չէ զբաղվել իր թղթերով: Դրանով պարտավոր է զբաղվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունը, ում «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն արդեն միջնորդագիր է ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter