HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Պայթյուն Լեռնային Ղարաբաղում

Ձեզ ենք ներկայացնում Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր» պայմանական վերնագրով, դեռեւս չտպագրված գրքից մեկ հատված, որը վերաբերում է 19 տարի առաջ փետրվարյան այս օրերի իրադարձություններին:

1988թ. փետրվարի 22-ի երեկոյան Խորհրդային Միության ղեկավարի խորհրդական Կարեն Բրուտենցի աշխատասենյակում հնչում է հեռախոսազանգ: Միխայիլ Գորբաչովն էր: Բրուտենցը հիշում է երկրի ղեկավարի առաջին խոսքերը. «Կարե՛ն, պետք է մեկնել Ստեփանակերտ: Ժողովուրդն այնտեղ իրար է անցել, ափերից դուրս եկել: Վերցրու քեզ հետ ում որ ուզում ես եւ մեկնիր»: [1]

Այսօր երբեմն հրապարակվող թերթային ժլատ տեղեկություններն են միայն հիշեցնում ղարաբաղյան խնդրի եւ նրա հետ կապված հակամարտության մասին: Այն ժամանակ դրանք իրականում հեղափոխական իրադարձություններ էին երկրի համար: Առաջին անգամ սկսվել էր զանգվածային ազգային շարժում, որը մարտահրավեր էր նետել քաղաքական-վարչական համակարգին, կուսակցության մենիշխանությանը եւ պետությանը: [2]

Ճիշտ է, Ղարաբաղն առաջին ծիծեռնակը չէր: 1986թ. հունվարին Յակուտիայի համալսարանի ուսանողները պահանջեցին մայրենի լեզվով ուսուցում: Նույն թվականի դեկտեմբերին Ալմաթիի երիտասարդությունը բողոքեց Ղազախստանում կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում ղազախ Կունաեւի փոխարեն «վայրագ» Կոլբինի նշանակման կապակցությամբ, ով մինչ այդ Ուլյանովսկի մարզկոմի առաջին քարտուղարն էր: [3] Հուզումներն արագ կերպով ճնշվեցին, իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ դրանք գնահատվեցին եյուլթներ, որոնք տեղի ունեցան «ազգայնական տարրերի սադրանքով», որից օգտվեցին «խուլիգանական, պորտաբույծ եւ այլ հակահայկական անձինք: [4]

Փետրվարի 12-ին Բաքուն փորձում է կանխել ղարաբաղյան շարժման հետագա տարածումը: Ստեփանակերտ են ժամանում Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովը եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որպեսզի մարզի ղեկավարության հետ համատեղ կուսակցական ակտիվի ժողովներում դատապարտեն Լեռնային Ղարաբաղում ծավալվող շարժումը: Դրա փորձը կար. 1965 թվականին ազգայնամոլության մեջ մեղադրել եւ մարզի տարածքից վտարել էին 13 հայերի: Նույնը սպասվում էր նաեւ այս անգամ:

Հավաքվում է Ստեփանակերտի կուսակցական եւ տնտեսական ակտիվը: Կոնովալովը, Կեւորկովը եւ կուսակցության քաղկոմի առաջին քարտուղար Զավեն Մովսիսյանը ելույթ են ունենում եւ դատապարտում ղարաբաղյան շարժումն ու նրա թիկունքում կանգնած «ծայրահեղական անջատականներին»: Սակայն ակտիվի նիստը չի ընթանում այն սցենարով, ինչպես պատկերացնում էին Բաքվում: Ելույթներ են ունենում Ստեփանակերտի ձեռնարկությունների ղեկավարները եւ դատապարտում Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տասնամյակներ շարունակվող խտրական, անտարբեր քաղաքականությունը: Կոնովալովին չի հաջողվում հասնել հաջողության. կուսակցական, եւ հատկապես տնտեսական ակտիվը ոչ միայն չի դատապարտում մարզում սկիզբ առած «ծայրահեղականությունը», այլեւ պաշտպանում է այն:

Նկարիչ Էմիլ Աբրահամյանի եւ նրա ընկերների համար փետրվարի 12-ին այլեւս պարզ էր, որ շարժման թիկունքում արդեն կա ժողովուրդ: «Նախորդ օրը մենք գիտեինք, որ տեղի է ունենալու կուսակցական ակտիվի ժողովը: Մարզի շրջաններ մեկնեցին տարբեր պաշտոնյաներ, մարզխորհրդի նախագահ Օսիպովը եկավ Հադրութ: Ակտիվի ժողովը նպատակ ուներ կանգնեցնել շարժումը, կազմել արձանագրություն, որ անթույլատրելի գործողություններ են տեղի ունենում, պետք է կպցնեին «ազգայնամոլականներ» պիտակները, ինչպես 1965 թվականին: Մենք որոշեցինք դա թույլ չտալ, որովհետեւ ժողովրդի մեջ կարող էր անվստահություն առաջ գալ իր ուժի հանդեպ, եւ գործընթացները կարող էին այլ ձեւով ընթանալ:

Մենք հավաքվեցինք, կանգնեցինք այն դահլիճի դռան առաջ, որտեղ տեղի էր ունենում ակտիվը: Ասացինք, որ եթե նման պիտակներ լինեն, ժողովրդին հավաքելու ենք: Ժողովուրդը պատրաստ էր գալ, եւ այդ օրը մոտ երկու հազար մարդ հավաքվեց, դա Հադրութի համար չլսելու բան էր»: [5]

Հադրութը Լեռնային Ղարաբաղի մյուս շրջաններից տարբերվում էր նախ եւ առաջ նրանով, որ ավանդաբար ռուսացված շրջան է եղել, այնտեղ տեղակայված էր սահմանապահ զորքերի մի զորամաս, որը հսկում էր Սաաթլիից մինչեւ Նախիջեւան: Հադրութում հայկականը լեզվի եւ մշակույթի առումով մի քիչ ավելի ճնշված էր:

1986թ. Հայաստանից Ղարաբաղ է վերադառնում եւ Հադրութի թանգարանի տնօրեն նշանակվում Արթուր Մկրտչյանը՝ Էմիլ Աբրահամյանի եւ նրա գաղափարակիցների համար նոր համախոհ:

«Մենք 1987-ին, մինչեւ պատվիրակությունների Մոսկվա մեկնելը, նամակ գրեցինք Գորբաչովին, շարադրեցինք, որ մեր հարցերին կարող է լուծում տրվել միայն Հայաստանի հետ վերամիավորումով, այդ նամակի տակ ստորագրեցին հիմնականում բարձրագույն կրթությամբ 9 մարդ՝ ես, Մանվել Սարգսյանը, Արթուր Մկրտչյանը, Գրիշա Հայրապետյանը, Արմեն Ներսիսյանը, Նելլի Կասպարովան, Անյուտա Ներսիսյանը, Էլզա Աբրահամյանը եւ Մարգարիտա Սարգսյանը: Երբ նամակը հասավ Գորբաչովին, արձագանք եղավ, Հադրութի շրջանի երրորդ քարտուղարը մեզ հրավիրեց, ասաց, որ դա ազգայնամոլական դրսեւորում է, անթույլատրելի է մեր հասարակության համար, վերակառուցումը դա չի պահանջում, դուք պետք է զղջաք»,- ասում է նկարիչ Աբրահամյանը: [6]

Այս նամակից հետո մարզային իշխանությունները սկսում են ճնշումները: Արթուր Մկրտչյանին, ով պետք է դառնար մարզի առաջնորդը, իր մոտ է հրավիրում Հադրութի շրջկոմի քարտուղարը եւ սպառնում, որ կհեռացնեն աշխատանքից եւ մարզից: Կեւորկովն իր մոտ է հրավիրում Էմիլ Աբրահամյանի հորը, ով շրջանի ագրոարդի ղեկավարն էր, եւ հեռացնում աշխատանքից:

«Մարզում նոմենկլատուրայի երիտասարդ հատվածը շուտ էր կողմնորոշվում, տարիքով կուսակցական պաշտոնյաներն էին, որ ամուր կապված էին Ադրբեջանի իշխանությունների հետ: Բաքուն նրանց համար արդեն հարազատ էր, մեկ համակարգ է եղել, իրար հետ շատ բաներ են կիսել, նրանց համար ազգային հարցերում շատ ավելի բարդ էր կողմնորոշվելը եւ չէին էլ պատկերացնում` ինչի մասին է խոսքը: Օրինակ՝ փետրվարի 12-ին, երբ Հադրութում եղավ ըմբոստություն, Արմեն Իսագուլովը եկել էր վախեցնելու: Հաջորդ օրը մեզ կանչեց, որպեսզի հասկանա, թե մեր ուզածն ինչ է: Ես ասացի, թե ինչ է մեր ուզածը: Նա ասաց, որ մենք խելագար ենք, հնարավոր չէ նման բաներ իրագործել: Նա չէր կարող մեզ հասկանալ: Այնպիսի անցյալով մարդիկ էին, որ իրենց անցյալը չէր կարող թույլ տալ, որ կարողանային գոնե մշուշապատ տեսնել ապագան: Այսօր Ղարաբաղում իշխանութան մեջ գտնվողների մի մասը այն ժամանակ մեզ հետ չէին: Ես չեմ ասում, թե նրանք հոգեպես դեմ էին, բայց քաղաքական առումով նրանք չէին կարող մեր կողքին լինել»,- ասում է Աբրահամյանը: [7]

Փետրվարի 12-ի կուսակցական ակտիվի ժողովները ինչպես Ստեփանակերտում եւ Հադրութում, այնպես էլ մյուս շրջաններում, տապալվում են: Հադրութում սկսված հանրահավաքը հաջորդ օրը տեղափոխվում է Ստեփանակերտ: Փետրվարի 13-ից շարժումը դառնում է անշրջելի, սկսված հանրահավաքները թափ էին հավաքում եւ ընդգրկում նոր տարածքներ:

Փետրվարի 15-ին հանրահավաք է տեղի ունենում Շուշիում, քաղաքի ադրբեջանական բնակչությունը բողոքում է ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու հայերի պահանջի դեմ: Փետրվարի 18-ին Միխայիլ Գորբաչովն առաջարկում է Կենտկոմի հատուկ հանդիպում ԽՍՀՄ-ում ազգությունների հանդեպ տարվող խորհրդային քաղաքականությունը քննարկելու նպատակով: Մեկ օր անց Բաքվում տեղի է ունենում առաջին հանրահավաքը. ուսանողների, մտավորականների եւ բանվորների մի խումբ Գիտությունների ակադեմիայի շենքից շարժվում է Գերագույն Խորհրդի շենք: Ցուցարարների պաստառները կրում էին կարգախոսներ, ըստ որի Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է:

Բաքվի իշխանությունները, անշուշտ, լավ տեղեկացված էին Լեռնային Ղարաբաղում սկսված իրադարձություններից: Վալերի Աթաջանյանը Ադրբեջանի Կենտկոմում աշխատող ղարաբաղցի չինովնիկներից էր: Հունվարին նա մի քանի օրով վերադարձել էր հայրական տուն՝ Ստեփանակերտ:

«Շարժումը սկսելու ժամանակ ես Ադրբեջանի Կենտկոմի տեսուչներից էի: Մինչ այդ 10 տարի աշխատել եմ ԼՂԻՄ Կոմերիտմիությունում: 1980թ. Ստեփանակերտ էր եկել Հեյդար Ալիեւը, հանդիպումներից մեկի ժամանակ կոմունիստները նրան հիշեցրին, որ Ադրբեջանի Կենտկոմում ԼՂԻՄ-ից ոչ մի հայ չկա: Ալիեւը Կեւորկովին ասաց՝ ուղարկեք ում որ ուզում եք, ես նրան կվերցնեմ աշխատանքի: Բաքու ինձ ուղարկեցին: 7 տարի աշխատեցի Ադրբեջանի Կենտկոմի Կենտրոնական կոմիտեում, որից մեկուկես տարին՝ Ալիեւի հետ, հետո նա տեղափոխվեց Մոսկվա, եւս հինգ տարի աշխատեցի Բաղիրովի հետ»,- ասում է նա: [8]

Աթաջանյանը նշում է, որ շարժման մասին Բաքվում գիտեին. «Ես կապ պահում էի եղբորս, ինչպես նաեւ Մաքսիմ Միրզոյանի հետ: Երբ տեղեկացա, որ գործողություններն արվում են ընդհատակյա, առաջարկեցի դրան տալ պաշտոնական բնույթ: Բայց ես կողմ չէի, որ այդ գործողությունների մեջ ներքաշվի Հայաստանը, քանի որ դա արդեն բոլորովին այլ հարթություն էր, վերածվելու էր վեճի երկու հանրապետությունների միջեւ: Ես առաջարկում էի նախ լուծել Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու խնդիրը, որից հետո կորոշենք` միանում ենք Ռուսաստանի՞ն, թե՞ Հայաստանին»: [9]

Վալերիի եղբայրը՝ Վասիլին, ով ղեկավարում էր Ստեփանակերտում մեծությամբ երկրորդ՝ կոշիկի գործարանը, հիշում է. «Հենց Աբել Աղանբեկյանը բացեիբաց խոսեց Ղարաբաղի մասին Փարիզում, իսկ Գորբաչովը Հարավսլավիայում ասաց, որ խորհրդային պատմության մեջ կան սպիտակ բծեր, որոնք անհրաժեշտ է ուղղել, սա ծարավ հողի վրա մի կաթիլ ջուր էր: Երբ եկավ եղբայրս, մենք հավաքվեցինք Մաքսիմ Միրզոյանենց տանը, զրույց գնաց, որ ստորագրահավաքը այնքան էլ մեծ արժեք չունի, պետք է հրավիրել նստաշրջան, որովհետեւ դա տեղավորվում էր խորհրդային սահմանադրության մեջ: Ծնվեց գաղափար, որ պետք է ստորագրահավաք կազմակերպենք նստաշրջանի պահանջով»: [10]

Հունվարի վերջերին Աթաջանյանը Մաքսիմ Միրզոյանենց բնակարանում հավաքված ղարաբաղյան շարժման ակտիվիստներին առաջարկում է նստաշրջան անցկացնելու գաղափարը: «Տղաները պատմում էին, որ ստորագրություններ են հավաքում, պատվիրակություններ ուղարկում Մոսկվա: Ես ասացի, որ այդ ամենը լավ է, բայց որպեսզի այդ ջանքերին տրվի իրավական ուղղվածություն, նստաշրջանի որոշումը կարող է դառնալ միակ եւ գլխավոր փաստաթուղթը: Այդ ժամանակ Գորբաչովի նախաձեռնած վերակառուցումը եւ հրապարակայնությունը իրենց իրավունքների մեջ էին, դրա անվան տակ կարելի էր շատ հեշտությամբ հրավիրել նստաշրջան, ընդունել որոշում: Բացի այդ, Հեյդար Ալիեւը չկար, իսկ Քյամրան Բաղիրովը Ալիեւ չէր»,- ասում է նա: [11]

Մի քանի օր Ստեփանակերտում անցկացնելուց հետո Աթաջանյանը մեկնում է Հյուսիսային Կովկասի առողջարաններից մեկը՝ հանգստանալու: Արձակուրդն ավարտվելուց հետո նա վերադառնում է Բաքու:

Ղարաբաղյան շարժման դեմն առնելու եւ մարզային խորհրդի նստաշրջանի անցկացումը խոչընդոտելու նպատակով փետրվարի 20-ին Ստեփանակերտ են ժամանում Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը, Կենտկոմի բյուրոյի անդամները եւ ԽՄԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի հրահանգիչ Յաշինը:

Հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով այդ օրերին ուշադրությամբ հետեւել եւ թղթին է հանձնել իրադարձությունները, պնդում է, թե մարզխորհրդի բոլոր անդամները, բացառությամբ գործկոմի նախագահ Վլադիմիր Օսիպովի եւ ագրոարդի նախագահ Հենրիխ Պողոսյանի, նախապես համաձայնել էին մարզխորհրդի նստաշրջան գումարելու հարցում: «Ըստ երեւույթին, Պողոսյանն արդեն գիտեր, որ ինքը պետք է փոխարինի Կեւորկովին, ու ցանկացած քայլ դեպի շարժումը անպայման կխափաներ այդ գործը»: [12]

Արցախցի գրող Վարդան Հակոբյանը պատմում է, որ նստաշրջան անցկացնելու առաջարկներ են արել մարզխորհրդի պատգամավոր Վիգեն Հայրապետյանը, Մոսկվայի պետհամալսարանի դասախոս Հր. Եպիսկոպոսյանը, երբ արցախցի մտավորականների պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդրագրով փետրվարի սկզբին մեկնել էր Մոսկվա:

«Մոսկվայից եկանք եւ ի՞նչ տեսանք. Արցախը ոտքի էր ելել, հրապարակը եռում էր: Մոսկվայից հրապարակ հասած մեր ցանկացած լուր ժողովրդի մեջ նոր ալիք էր բարձրացնում, նրան դարձնում ավելի հաստատակամ իր վճռի մեջ: Արցախում շարժման գլուխ էր անցել Մանուչարովը, որի ղեկավարությամբ էլ ստեղծվեց նստաշրջանի անցկացման նախաձեռնող խումբ: Դրա կազմում ընդգրկված էին շարժման նվիրյալներից՝ Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Ռազմիկ Պետրոսյան, Ռոլես Աղաջանյան, Բենիկ Օվչյան, Ժաննա Գալստյան, Էդվարդ Ղուկասյան, Համլետ Գրիգորյան, Արմո Ծատրյան, Էռնեստ Հայրապետյան, Պավել Նաջարյան, Վալերի Մարության, Արմեն Հակոբյան, Էդվարդ Ղազարով, Ռադիկ Աթայան... »,- ասում է Հակոբյանը: [13]

Հակոբյանը ընդգծում է, որ, մինչեւ Մոսկվայից մտավորականների պատվիրակության վերադարձը, նստաշրջան անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ էին տարվել: Այս գործում մեծ էր Արկադի Մանուչարովի, Ռազմիկ Պետրոսյանի եւ Կարեն Բաբուրյանի դերը: Բաքվից Ստեփանակերտ էր ժամանել Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը՝ ԼՂԻՄ ղեկավարության օժանդակությամբ կանխելու նստաշրջանի անցկացումը:

Մինչ Բաղիրովը եւ նրան աջակցող ղարաբաղցի պաշտոնյաները պատգամավորներին համոզում էին ետ կանգնել նստաշրջան անցկացնելու քայլից, հրապարակում հավաքված ժողովուրդը անընդհատ գոչում էր՝ «սեսիա, սեսիա»: Բաղիրովի եզրափակիչ ելույթը եւս հետ չի պահում հայ պատգամավորներին՝ անցկացնել նստաշրջան եւ ընդունել որոշում: Ադրբեջանի ղեկավարը հուսահատ թողնում է դահլիճը:

ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում որոշում է ընդունվում ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով Ադր. ԽՍՀ եւ Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդներին միջնորդելու մասին:

«Լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցնելու մասին Ադրբ. ԽՍՀ եւ Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդների առաջ միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց. ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին` խնդրել Ադր. ԽՍՀ ԳԽ-ին եւ Հայկ. ԽՍՀ ԳԽ-ին խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադր. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ ԳԽ-ի առջեւ ԼՂԻՄ-ը Ադր. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»: 110 հայ պատգամավորները «կողմ» քվեարկեցին, 30 ադրբեջանցիները չմասնակցեցին քվեարկությանը»: [14]

Վարդան Հակոբյանը հիշում է, ինչպես այսօր. «Այնուհետեւ մեջտեղ եկավ որոշումը օրինականորեն ձեւակերպելու խնդիր, որն առանց Լեռնային Ղարաբաղի մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանի վճռորոշ դերի ու մասնակցության հնարավոր չէր լինի կազմակերպել, մանավանդ, որ մարզգործկոմի կնիքը իր հետ փախցրել էր նախագահ Օսիպովը: Ուզում էինք ամեն ինչ անել պատշաճ մակարդակով. յուրաքանչյուր հարց իրավաբանորեն ճիշտ մեկնություն էր ստանում Երեւանից ժամանած հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի խորհուրդներով»: [15]

Փետրվարի 21-ին «Սովետական Ղարաբաղ» թերթի առաջին էջում տպագրվում է ժողպատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման նախորդ օրվա արտահերթ նստաշրջանի որոշումը: Մինչ այդ, «ՍովետականՂարաբաղը» որեւէ ձեւով չէր անդրադարձել նախորդ շաբաթների իրադարձություններին:

«Փետրվարի 20-ին տեղի ունեցավ նստաշրջանը, երկու օր անց Կենտկոմի տեսուչներին` հիմնականում հայ եւ ռուս, Դեմիչեւի եւ Կոնովալովի հետ նույն ուղղաթիռով ուղարկեցին Ստեփանակերտ, որպեսզի անցկացնենք կուսակցության մարզկոմի նիստ եւ հեռացնենք Կեւորկովին: Ուղղաթիռից մենք տեսնում էինք, որ Ասկերանի մոտակայքում ժողովուրդ է հավաքված, գարեջրի գործարանի մոտ երեւում էին այրվող ավտոմեքենաներ:

Այդ օրվանից այլեւս չվերադարձա Բաքու»,- ժպտալով պատմում է Վալերի Աթաջանյանը: [16]

Բախում Ասկերանում. առաջին զոհերը՝ Բախտիյար Ուլիեւ եւ Ալի Հաջիեւ

Ասկերանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ Վիտալի Բալասանյանի համար փետրվարի 22-ի առավոտը սովորական օր էր: Քիչ անց տեղեկանում է, որ շրջկոմի բակում հանրահավաք է: «Մենք նույնպես մի քանի հոգով միացանք: Անցել էր մոտ մեկ ժամ, ու մոտավորապես ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում շենքից դուրս եկավ մի կին եւ ասաց, որ ադրբեջանցիները Աղդամի կողմից հարձակվել են Ասկերան ավանի ուղղությամբ: Անհավատալի էր, ոչ մեկս չէինք կարող հավատալ՝ ԽՍՀՄ օրոք նման քայլ, սակայն քիչ անց տեսանք, որ Ասկերանից 4-5 կմ հեռավորության վրա տարբեր տեղերից ծուխ է բարձրանում, իսկ մի քանի րոպե անց մեզ մոտեցավ Մամիկոն Գրիգորյանը՝ կոլտնտեսության գյուղատնտեսը, եւ հայտնեց, որ ադրբեջանցիները մի քանի հարյուրների հասնող խմբերով շարժվում են դեպի Ասկերան՝ ճանապարհին վառելով ամեն ինչ»,- հիշում է գեներալ-մայոր, Արցախի հերոս Բալասանյանը: [17]

Թե որն էր աղդամցիների՝ Ասկերան շարժվելու դրդապատճառը, շարունակում է մնալ վիճաբանությունների առարկա: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ, բայց հիմնականը մնում է մեկը. ադրբեջանցիները փորձում էին ի պատասխան Լեռնային Ղարաբաղում սկսված հանրահավաքների, Հայաստանին միանալու կոչերի եւ փետրվարի 20-ի մարզխորհրդի որոշման, վախեցնել հայերին:

«Կանգնած էինք չորս հոգով՝ ես, եղբայրս՝ Վալերին, Յուրա Իվանովը եւ Սյոմա Պետրոսյանը: Յուրայի հետ պայմանավորվեցինք շուտ մտնել տուն, վերցնել հրացանները եւ հանդիպել գարեջրի գործարանի մոտ: Երբ հասանք այնտեղ, ազերիները համարյա թե հասել էին գարեջրի գործարանին: Դեպի աջ, այգիների մեջ, մենք մոտ 100-150 մետրի վրա սկսեցինք կրակել, իսկ ձախ թեւն արդեն մտել էր հարեւան հիմնարկության բակը: Մենք բաժանվեցինք եւ սկսեցինք կրակել նաեւ ձախ ուղղությամբ, այդ պահին մեզ միացան նաեւ Ասկերանի մի շարք բնակիչներ, Ասկերանի Ներքին գործերի աշխատակիցներ, հանրահավաքի մասնակիցներ»,- ասում է Բալասանյանը: [18]

Բաքվում այլ կերպ են մեկնաբանում Ասկերանի մերձակայքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումը: Պատմաբան Արիֆ Յունուսովին, ով արդեն սկսել էր փաստեր հավաքել, այդ օրերին կանչում են հանրապետական հիվանդանոց, որպեսզի նա արձանագրի Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հանրակացարանում տեղի ունեցած դեպքը: Հիվանդանոցում, սակայն, գլխավոր բժիշկը Յունուսովին թույլ չի տալիս հանդիպել երկու ադրբեջանուհիներին, որոնք իբրեւ թե բռնաբարվել էին Ստեփանակերտում: Հիվանդանոցի բուժքույրերը հաստատում են, որ հանրակացարանի վրա հարձակում է եղել, աղջիկներին բռնաբարել են, եւ նրանց վիճակը վատ է: [19]

Թե ինչքանով է Յունուսովի պնդումը մոտ իրականությանը, այսօր՝ այդ դեպքերից մոտ երկու տասնամյակ անց, գրեթե անհնար է ճշտել: Համենայնդեպս, այն ժամանակվա ո՛չ ադրբեջանական, եւ ո՛չ էլ միութենական մամուլում ոչինչ չի գրվել այդ մասին: Ավելին, միայն 90-ական թթ. սկզբներին «երկու ադրբեջանուհիների բռնաբարության» վարկածը դրվեց շրջանառության մեջ, եւ մինչեւ այսօր, բացի Յունուսովի ոչ համոզիչ տեղեկություններից, այլ աղբյուրներ չեն հաստատում: Ադրբեջանցիների հարձակումը կարճատեւ բախումներից հետո Ասկերանի մոտ կանխվում է: Երկու կողմերից մի քանի տասնյակ մարդ վիրավորվում է, երկու ադրբեջանցի սպանվում է, որոնցից մեկը՝ ղարաբաղյան կողմից արձակված գնդակից:

«Ադրբեջանցիները եկել էին քարեր բարձած բեռնատար մեքենաներով, զինված էին երկաթյա ձողերով, միգուցե զենք էլ ունեին՝ մենք չտեսանք: Երբ մենք կրակ բացեցինք, տեսանք, որ առաջին շարքերից ադրբեջանցիները գոռալով հետ են փախչում: Մեզ հաջողվեց հետ մղել ադրբեջանական խաժամուժի հարձակումը: Մի քանի օր հետո պարզվեց, որ նրանք տվել են մեկ զոհ եւ մի քանի տասնյակ վիրավորներ»,- ասում է Բալասանյանը: [20]

Ռուս հեղինակ Ալեքսանդր Վասիլեւսկին, ով Լեռնային Ղարաբաղ էր մեկնել 1988թ. ապրիլի վերջերին, «Ավրորա» ամսագրում կասկածի տակ է դնում ադրբեջանական եւ միութենական կենտրոնական լրատվամիջոցների պնդումները, որ Ասկերանի մոտ փետրվարի 22-ին տեղի ունեցած միջհամայնքային բախումների հետեւանքով զոհված երկու ադրբեջանցիներին սպանել են հայերը: Վասիլեւսկին հանդիպում է սպանվածներից մեկի՝ Ալի Հաջիեւի եղբորը` Արիֆին: Վերջինս պատմել է, որ Ալին վիճաբանության մեջ է մտել ադրբեջանցի մի ոստիկանի հետ, որն էլ կրակել եւ սպանել է եղբորը:

«Անկասկած, առնվազն նրանցից մեկի՝ Աղդամի հաստոցաշինական գործարանի 22-ամյա ֆրեզերային հաստոցագործ Ալի Հաջիեւի սպանության հետ Լեռնային Ղարաբաղի հայերը կապ չունեն: Ալիի եղբայրը՝ 29-ամյա ինժեներ-շինարար Արիֆ Հաջիեւը, պատմեց. «Ալիի վրա կրակել է մի ադրբեջանցի ոստիկան: Կրակոցը ուղիղ դեմ դիմացից էր, գնդակը ծակել է սիրտը: Եղբորս եւ ոստիկանի միջեւ վեճ է առաջացել: Հետո Ալին ընկել է իր մտերիմ Ուլվիյա Բահրամովայի կրծքին ու ասել. «Պահի՛ր ինձ, իմ վրա կրակեցին»: Եւ ընկել է: Ուլվիյան տեսել է ոստիկանին, ով կրակել է: Ուլվիյան նրան չի ճանաչում, բայց լավ ճանաչում է մյուս սպային՝ աղդամցուն, որը միանգամից կրակողին նստեցրել է մեքենան եւ հեռացել: Վերջերս մոսկվացի փոխգնդապետ Նիկոլաեւն ասաց, որ այժմ նոր հետաքննություն է սկսվել: Թերթում հայտարարություն է տրվել եւ խնդրանքով դիմել սպանության վկաներին՝ ներկայանալ ոստիկանություն»,- գրում է Վասիլեւսկին: [21]

Բախումների ընթացքում մյուս զոհը՝ 16-ամյա Բախտիյար Ուլիեւը, ամենայն հավանականությամբ սպանվել է ասկերանցիների որսորդական հրացաններից կամ Ներքին գործերի աշխատակիցների զենքերից արձակված գնդակից:

Զոհերի մասին տեղեկությունը ավելի է զայրացնում աղդամցիներին, նրանք մի քանի բեռնատարներով պատրաստվում են շարժվել դեպի Ասկերան՝ վրեժ լուծելու: Տեղի կոլտնտեսության նախագահ Խուրաման Աբասովան մագլցում է բեռնատարներից մեկի վրա, հանում գլխաշորը եւ նետում ամբոխի դիմաց: Ադրբեջանական սովորույթները թույլ չեն տալիս տղամարդկանց այլեւս առաջ շարժվել, երբ կինը դիմում է նման քայլի: Աբասովան հանրահավաքում հորդորում է հրաժարվել Ստեփանակերտի ուղղությամբ շարժվելուց: Աբասովայի այս միջամտությունը հավանաբար կանխեց նոր արյունահեղությունը: [22]

Բալասանյանը, սակայն, ով բախման օրը եղել է իրադարձությունների կենտրոնում, Աբասովայի մասին պատմությանը թերահավատորեն է վերաբերվում: «Խուրաման բաջիի մասին հայտնի դեպքը, որ իբր հանել, շպրտել է ոսկեզօծ գլխաշորը, հնարված է: Ֆետիշացրել են, թե նա եկավ, կանգնեցրեց աղդամցիներին: Ասկերանցիներն են ամբոխին կանգնեցրել: Խուրաման բաջին, ադրբեջանցիների պատմելով, այն վայրից, որտեղ կանգնեցվել է ամբոխը, մի քանի կիլոմետր հեռու է եղել: Ասկերանի դեպքերից հետո ադրբեջանցիները գտան թույլ տեղը՝ Սումգայիթը»,- ասում է նա: [23]

Հայ-ադրբեջանական միջհամայնքային առաջին բախումների մասին հիշատակումներ կան 1992թ. ԵԱՀԿ պատրաստած միջնաժամկետ զեկույցում: « Կան պնդումներ, որ 1988թ. սկզբներին Երեւանում եւ Ստեփանակերտում զանգվածային ցույցերի ժամանակ, որի ընթացքում պահանջում էին Ղարաբաղը միավորել Հայաստանի հետ, ադրբեջանցիները վտարվել էին Ստեփանակերտից եւ Լեռնային Ղարաբաղի մյուս բնակավայրերից, որտեղ մեծամասնություն էին կազմում հայերը: Որոշ մարդիկ ապաստան գտան Աղդամում: Ցուցարարների երթն Աղդամից, որը պետք է կրեր խաղաղ բնույթ, հակամարտության ընթացքում բերեց առաջին կրակոցներին: Սպանվեցին երկու երիտասարդ ադրբեջանցիներ: Վեճը նրանում է, թե ով կրակեց: Հայերը պնդում են, որ դա ոստիկանությունն էր, մինչդեռ ամբողջ Ադրբեջանով տարածվեց, որ նրանց սպանել են հայերը: Այդ իրադարձություններով պայմանավորվեց էթնիկական լարվածության սրընթաց աճը: Կան պնդումներ, որ նույն ժամանակահատվածում ուժեղացավ ճնշումը ադրբեջանցիների վրա, որպեսզի նրանք իրե՛նք լքեն Հայաստանը, մասնավորապես Կապանի շրջանից»: [24]

Ծանոթագրություններ

1.Կարեն Ն. Բրուտենց «Տրիդցատ լետ նա Ստարոյ պլոսչադի», էջ 505, Մոսկվա, «Մեժդունարոդնիյե օտնոշենիյա» 1998

2. Կարեն Ն. Բրուտենց «Տրիդցատ լետ նա Ստարոյ պլոսչադի», էջ 505, Մոսկվա, «Մեժդունարոդնիյե օտնոշենիյա» 1998

3. Կարեն Ն. Բրուտենց «Տրիդցատ լետ նա Ստարոյ պլոսչադի», էջ 506, Մոսկվա, «Մեժդունարոդնիյե օտնոշենիյա» 1998

4. Պրավդա , 19 դեկտեմբեր , 1986 թ .

5. Էմիլ Աբրահամյանի հետ հեղինակի զրույցից, 25 հոկտեմբեր, 2006 թ., Երեւան

6. Էմիլ Աբրահամյանի հետ հեղինակի զրույցից, 25 հոկտեմբեր, 2006 թ., Երեւան

7. Էմիլ Աբրահամյանի հետ հեղինակի զրույցից, 25 հոկտեմբեր, 2006 թ., Երեւան

8. Վալերի Աթաջանյանի հետ հեղինակի զրույցից, 12 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

9. Վալերի Աթաջանյանի հետ հեղինակի զրույցից, 12 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

10. Վասիլի Աթաջանյանի հետ հեղինակի զրույցից, 13 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

11. Վալերի Աթաջանյանի հետ հեղինակի զրույցից, 12 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

12. Բակուր, «... Եվ նրա շուրջ», էջ 42, Երեւան, «Արեւիկ», 1990

13. Վարդան Հակոբյանի հետ հեղինակի զրույցից, 10 դեկտեմբեր, 2006 թ., Ստեփանակերտ

14. «Սովետական Ղարաբաղ», 21 փետրվար, 1988 թ.

15. Վարդան Հակոբյանի հետ հեղինակի զրույցից, 10 դեկտեմբեր, 2006 թ., Ստեփանակերտ

16. Վալերի Աթաջանյանի հետ հեղինակի զրույցից, 12 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

17. Վիտալի Բալասանյանի հետ հեղինակի զրույցից, 19 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

18. Վիտալի Բալասանյանի հետ հեղինակի զրույցից, 19 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

19. Thomas de Waal, "Black Garden", page 15, New York University Press, New York and London

20. Վիտալի Բալասանյանի հետ հեղինակի զրույցից, 19 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

21. Ալեքսանդր Վասիլեւսկի, «Ամպ է լեռներում», «Ավրորա» ամսագիր, թիվ 10, Լենինգրադ, արտատպվել է «Սովետական Ղարաբաղի» թիվ 262-ում, 11 նոյեմբեր, 1988 թ.

22.Thomas de Waal, "Black Garden", page 15, New York University Press, New York and London

23. Վիտալի Բալասանյանի հետ հեղինակի զրույցից, 19 հունիս, 2006 թ., Ստեփանակերտ

24. Սուրեն Զոլյան , «Նագորնի Կարաբախ». ժրոբլեմա ի կոնֆլիկտ, էջ 160, Երեւան-2001 , Interim Report of the CSCE reporteur Mission on the situation in Nagorno-Kararabakh, considered on 28 February 1992 by CSO of the CSCE

Լուսանկարը` Աշոտ Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter