Վարկավորման շուկան եւ օրենսդրությունը. ինչպես են հաշվարկվում տոկոսները
Վարդան Ջիլավյան, փաստաբան
Կարծիքներ կան, որ Հայաստանում ձևավորվել է զարգացած ֆինանսական շուկա, մասնավորապես` վարկային ոլորտում: Որոշ առումներով կարելի է համաձայնել այդ կարծիքին: Սակայն, արդյո՞ք գոյություն ունեցող օրենսդրական կարգավորումները համապատասխանում են ոլորտի զարգացումներին:
Կարելի է լսել տեսակետ, որ բնակչության մեծ մասը պարտքերի տակ է, և դրա մեջ մեղքի մեծ բաժին ունեն բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները, որոնք բարձր տոկոսներով վարկեր են տալիս: Իհարկե, այդ հանգամանքը բացառել հնարավոր չէ:
Սակայն, Հայաստանի ֆինանսական հաստատությունների մեղքն այդ հարցում գերագնահատել պետք չէ, քանի որ դրանք ընդամենը օգտվում են այն հնարավորություններից, որոնք տրված են իրավական դաշտի կողմից: Իսկ իրավական դաշտը` վարկավորման բնագավառում, հեռու է կատարյալ լինելուց:
Վարկավորման ոլորտը Հայաստանում կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ և 47-րդ գլուխներով: Անդրադառնանք այդ նորմերով կարգավորվող վարկավորման տոկոսների հարցին և փորձենք պարզել` այդ կարգավորումները հնարավորություն տալի՞ս են անձին հստակ հասկանալ վարկի իրական գինը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով: Իսկ այդ գլխում ընդգրկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
Ինչպես հետևում է այդ նորմերից, տոկոսների մասով փոխառության նկատմամբ կիրառված սահմանափակումը տարածվում է նաև վարկի վրա, եթե այլ բան սահմանված չէ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ գլխով կամ վարկային պայմանագրով այլ բան սահմանված չէ: Եվ, քանի որ 47-րդ գլխով այլ բան սահմանված չէ, պետք է ուշադրություն դարձնել վարկային պայմանագրին:
Այդ դրույթին մեկնաբանություն է տվել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը, որը թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով 27.05.2011թ. ընդոնված որոշմամբ նույնպես նշել է, որ վարկային պայմանագրով կարող են նախատեսվել այլ կանոններ, քան նախատեսում են փոխառության համար օրենքով սահմանված կանոնները:
Այսպիսով, ստացվում է, որ փոխառության դեպքում տոկոսների համար օրենքով նախատեսված սահմանափակումը վարկային պայմանագրի վրա չի տարածվում: Թվում է, թե նման պայմաններում ֆինանսական կազմակերպությունները կարող են վարկային պայմանագրերով սահմանել ցանկացած տոկոսներ և դրանք չծանրաբեռնել այլ, կարծում եմ` անհիմն վճարներով: Սակայն, ձևավորված պրակտիկան այդպիսին չէ: Թերևս, դա պայմանավորված է ՀՀ Կենտրոնական բանկի չգրված մոտեցումներով, ինչպես նաև այն մտավախությամբ, որ այդ դեպքում նման գործարքների նկատմամբ կարող է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը, որը նախատեսում է պատասխանատվություն վաշխառության համար: Սակայն դրա մասին կխոսենք քիչ անց:
Որպեսզի հարցը առավել պարզ լինի, նշեմ, որ բանկային տոկոսի հաշվարկային դրույքը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2010-ից սահմանվել է տարեկան 12%: Հետևաբար, եթե ղեկավարվենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, որևէ վարկային պայմանագրի տոկոսադրույքը չպետք է գերազանցի տարեկան 24%-ը: Առաջին հայացքից թվում է, որ դա այդպես է և դժվար թե գտնվի մի պայմանագիր, որում տարեկան տոկոսադրույքը ավել նշված լինի: Սակայն իրականությունն այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է:
Չնայած նրան, որ վարկային պայմանագրերում տարեկան տոկոսադրույքի չափը նշվում է առավելագույնը 24%, շատ անգամ, դրա հետ մեկտեղ, սահմանվում են այլ տեսակի վճարներ, օրինակ՝ վարկի տրամադրման վճար, որը կարող է կազմել վարկի գումարի 1-3%-ը, վարկային կամ բանկային հաշիվների սպասարկման վճարներ, որոնք կարող են կազմել վարկի գումարի 0,5-2%-ը ամսական, ինչպես նաև կարող են լինել այլ վճարներ: Այսպիսով, եթե հաշվարկենք նաև այդ լրացուցիչ վճարները, օրինակ` 1.000.000 դրամ վարկի դեպքում, եթե այն տրվել է 1 տարի ժամկետով, 24% տարեկան դրույքով, 3% միանվագ վճարով և 1% վարկային կամ բանկային հաշվի սպասարկման ամսական վճարով, վարկի իրական արժեքը կկազմի մոտ 30%:
Այսպիսով, իբրև թե տարեկան 24%-ով տրված վարկի իրական արեժքը կազմում է տարեկան 30%: Ավելին, այդ տոկոսի մի մասը, որը ձևակերպվում է որպես վարկի տրման միանվագ վճար և բերված օրինակում կազմում է 30.000 դրամ, ֆինանսական կազմակերպությունը ստանում է անմիջապես վարկը տալու պահին, այսինքն` վարկ չտված ստանում է «տոկոս» կամ, ինչպես այն անվանվում է պայմանագրում, «վճար»: Բացի այդ, հաշվի սպասարկման ամսական վճարը հաճախակի հաշվարկվում է ոչ թե վարկի մնացորդի, այլ վարկի սկզբնական գումարի նկատմամբ, ինչն ավելի է մեծացնում տարեկան տոկոսադրույքը:
Սակայն, կարծում եմ, վարկառուի համար միևնույնն է, թե այդ վճարների անունը ինչ կդրվի, ի վերջո այդ բոլոր վճարները ազդում են վարկի արժեքի վրա և այլ անվանումներով միայն քողարկում են «տոկոս» հասկացությունը:
Ստեղծված իրավիճակը ինչ-որ կերպ կարգավորելու նպատակով ընդունվել և 23.01.2009-ից ուժի մեջ է մտել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանել է տարեկան փաստացի տոկոսադրույք հասկացությունը, որն իր մեջ պետք է ներառի սպառողի վարկավորման ընդհանուր ծախսը: Սակայն, կարծում եմ, այդ օրենքով բարձրացված խնդիրը ոչ միայն լուծում չի ստացել, այլ որոշ չափով ավելի խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել: Դա պայմանավորված է նրանով, որ տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ, բացի վարկի տոկոսից և դրա սպասարկման, տրման կամ այլ վճարներից, ընդգրկված են նաև այն ծախսերը, որոնք ուղղակի կապ չունեն վարկի արժեքի հետ, օրինակ` գրավի պայմանագրի կնքման հետ կապված նոտարական կամ կադաստրի ծախսերը, ինչպես նաև չվաստակած եկամուտը, որը վարկառուն կարող էր սատանալ վարկ չվերցնելու դեպքում: Այսպես` օրենքում նշված բանաձևով վերոգրյալ օրինակի պայմաններով վարկի արժեքը հաշվարկելու դեպքում կստանանք տարեկան մոտ 64%, ինչը հեռու է դրա իրական արժեքը կազմող 30%-ից: Հետևաբար, վարկի իրական արժեքի որոշման հարցում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը ևս պարզություն չի մտցնում:
Հաշվի առնելով այս ամենը` ՀՀ Կենտրոնական բանկը բազմաթիվ ենթաօրենսդրական նորմերով ֆինանսական կազմակերպություններին պարտադրում է վարկեր տրամադրելիս հաճախորդներին բացի պայմանագրից տրամադրել բազմաթիվ իրազեկման թերթիկներ, որոնք պետք է բացատրեն այդ ամենը և ինչ-որ կերպ իրազեկեն հաճախորդին, թե ինչպես նա պետք է հասկանա իր վարկի իրական արժեքը: Բայց ձեռնարկված այդ բոլոր միջոցները խնդիրը պարզեցնելու փոխարեն ավելի են խճճում, եթե նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ սպառողական վարկերի պայմանագրերում նշվում է երկու տոկոսադրույք (տարեկան և փաստացի), սակայն դրանցից ոչ մեկը վարկի իրական արժեքը (տոկոսը) չի արտահայտում:
Այստեղ կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ է տիրում նման իրավիճակ, ինչո՞ւ ֆինանսկան հաստատությունները միանգամից չեն նշում, որ տոկոսադրույքի չափը կազմում է, ասենք, 30%, և այլ վճարներ չեն գանձվում: Չէ՞ որ նման դեպքում ամեն ինչ պարզ կլինի հաճախորդի համար և կարիք չի լինի կատարել լրացուցիչ բարդ ու անարդյունավետ հաշվարկներ և տեղեկացումներ:
Այդ հարցերին պատասխանելու համար պետք է վերադառնանք ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածին, որը պատասխանատվություն է նախատեսում վաշխառության համար: Այդ հոդվածի համաձայն` «Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հոդվածում որպես որակական հատկանիշ օգտագործվում է տոկոս հասկացությունը, ստացվում է այնպես, որ բավական է «տոկոս» հասկացությունը փոխարինել այլ վճարատեսակով, և այս հոդվածը այդ դեպքում կիրառել չի լինում:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված տոկոսները չեն տարանջատվում տարեկանի կամ փաստացիի, ինչպես դա արված է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով, հետևաբար, այդ նորմը եթե կիրառման ենթակա է, պետք է կիրառվի նաև փաստացի տոկոսադրույքի նկատմամբ, եթե այն գերազանցում է ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի կրկնապատիկը: Սակայն նման բան տեղի չի ունենում, հետևաբար, քրեական օրենսգրքի այդ նորմը որևէ հարցի լուծում չի տալիս: Նման պայմաններում հարց է առաջանում` որքանո՞վ է արդարացված վաշխառության հոդվածի գոյությունը: Կարծում եմ, որ պատասխանը միանշանակ է, քանի որ այն իր նպատակին չի ծառայում և չի կիրառվում, դրա առկայությունը որևէ կերպ արդարացված չէ:
Ստեղծված իրավիճակը ոչ միայն չի նպաստում ֆինանսական հաստատությունների ծառայություններից օգտվող անձանց` իրենց ստանձնած պարտավորությունների չափի մասին հստակ պատկերացում կազմելուն, քանի որ դժվար թե գտնվի մեկը, ով ի վիճակի է ինքնուրույն հաշվարկել վարկային պայմանագրի հետ կապված իրական ծախսերը և ստանալ իրական տոկոսը, այլեւ ստեղծում է բավականին լուրջ խառնաշփոթ:
Ի՞նչ ելք կարելի է գտնել նման իրավիճակում: Կարծում եմ` ողջամիտ լուծումը օրենսդրությունը իրականությանը համապատասխանեցնելն է: Որպես տարբերակ, կարծում եմ, պետք է փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասը և սահմանել, որ փոխառություններ, այդ թվում` վարկեր տրամադրելու դեպքում բացի տարեկան տոկոսից որևէ այլ վճարի գանձումն արգելվում է, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը:
Այդ դեպքում ֆինանսական կազմակերպությունները վարկի տրման հետ կապված բոլոր ծախսերը կներառեն տարեկան տոկոսադրույքի մեջ, որը կարտահայտի վարկի իրական գինը և, որպես հետևանք, զգալի կնվազեն վարկավորման ոլորտում լրացուցիչ իրավակարգավորման կարիք ունեցող խնդիրները, և կթեթևանա ինչպես վարկառուի դրությունը, որը իր վարկային պայմանագրում հստակ կտեսնի իր վարկի իրական արժեքը, այնպես էլ ֆինանսկան կազմակերպությունների հոգսը ծախսերը հաճախորդին լրացուցիչ և անիմաստ թերթիկներով և տեղեկատվական այլ նյութերով իրազեկելու ու ծանրաբեռնելու հարցում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել