Ուկրաինայում անցկացվել է Հայոց ցեղասպանության թեմայով կլոր սեղան
Ապրիլի 22-ին Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության և ազգագրության ինստիտուտում անցկացվեց «Հայոց ցեղասպանությունը' որպես հանցագործություն մարդկության հանդեպ» խորագրով կլոր սեղան: Հայաստանի դեսպանության և Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանին մասնակցում էին նշանավոր գիտնականներ, մշակույթի, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ազգային փոքրամասնությունների, այդ թվում' հայ համայնքի ներկայացուցիչներ:
Կլոր սեղանի աշխատանքները վարում էր Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ում խոսքերով' միջոցառումն ունի չափազանց կարևոր նշանակություն' ուկրաինական հասարակայնությանը Հայոց ցեղասպանության մասին գիտական ու լիարժեք տեղեկատվություն հաղորդելու, այն ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ տարվող աշխատանքների առումով:
Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքով մենք կորցրինք մեր պատմական հայրենիքը, 1,5 միլիոն մարդու կյանք և հարյուրավոր տարիների ընթացքում ստեղծված հոգևոր ու նյութական հսկայական ժառանգությունը: Իսկ Ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ' ձևավորելով հայկական սփյուռքը:
Այն հիրավի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հանդեպ, քանի որ կործանվեց մի ողջ քաղաքակրթություն, և պատահական չէ, որ դեռևս 1915 թ. մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ այն բնորոշվում էր որպես «...հանցագործություն մարդկության և քաղաքակրթության հանդեպ»:
Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ Հայաստանը և Սփյուռքը միասնաբար և հետևողական աշխատանքներ են կատարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ' նպատակ ունենալով վերականգնել պատմական արդարությունը, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները' այդպիսով մասնակցելով նաև աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը:
Կլոր սեղանին զեկուցումներով հանդես եկան «Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահ Իվան Դրաչը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մայբորդան, Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների խորհրդի նախագահ Իլյա Լևիտասը, Կիևի միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը, թարգմանիչ, գրողների միության անդամ Սերգեյ Ցուշկոն: Նրանք Հայոց ցեղասպանության հարցին անդրադարձան քաղաքական, էթնիկական, մշակույթային և այլ տեսանկյուններից:
Ելույթ ունեցողները հույս հայտնեցին, որ Ուկրաինան, որպես դեմոկրատական երկիր, իր ձայնը կմիացնի մյուս երկրներին' ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ քննարկումների արդյունքում կլոր սեղանի մասնակիցներն ընդունեցին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Գերագույն Ռադային հասցեագրված ուղերձ, որով առաջարկում են ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղապանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել