Հակասահմանադրական է ճանաչվել քրեական գործերով միայն փաստաբանի կողմից վճռաբեկ բողոք բերելու դրույթը
Այսօր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի` քրեական գործերով միայն փաստաբանի կողմից Վճռաբեկ բողոք ներկայացնելու դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այս մասին տեղեկացնում են ՍԴ մամուլի ծառայությունից:
Քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, ոչ վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեցող անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով: Սահմանադրական դատարանը որոշել է օրենքի այդ դրույթը դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան և որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր: ՍԴ-ն, նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։
Մարտի 17-ին ՀՀ սահմանադրական դատարանը քննության է առել քաղաքացիներ Վալենտինա Մկրտչյանի և Սոֆյա Թորոսյանի դիմումները, որով նրանք խնդրել են Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը, 407-րդ հոդվածի 5-րդ մասը և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ամրագրված դրույթները` վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին պաշտպան չունեցող և օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած դատավարության մասնակիցների մասով Սահմանադրական դատարանը ևս ճանաչել է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը։
Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ նախադասությունում ամրագրված` «Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» դրույթը, ՍԴ այսօրվա որոշման համաձայն համապատասխանում է Սահմանադրությանը` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշան մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Սահմանադրությանը չի հակասում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել նաև Վարչական դատավարության օրենսգրքի նույնաբովանդակ դրույթը, որով վարչական գործերով վճռաբեկ բողոք պիտի ներկայացնելու իրավասություն ուներ միայն փաստաբանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել