HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Սեռական հարաբերությունների թեման դպրոցներում. երեխաների կարծիքով` ամուսնության դեպքում սեռավարակը բացառվում է

Այն, որ երեխաներին արագիլն է բերում, շատ հնացած փաստարկ է, եւ այսօր փոքր երեխաներին անգամ դժվար համոզես դրանով: Իսկ որտեղի՞ց են երեխաներն իմանում, թե ինչպես է ծնվում մարդը, կամ ի՞նչ գիտեն նրանք սեռական հարաբերությունների մասին:

Երեւանի Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտուհիներ Աիդան եւ Մարգարիտան «Հետքին» ասում են, որ այդ մասին իմացել են 2-րդ կամ 3-րդ դասարանում, սակայն աղբյուրը չեն հիշում: Հարցուփորձը ցույց է տալիս, որ Հայաստանում աղջիկներն այդ մասին իմանում են ավագ ընկերուհիներից, իսկ տղաները` ավագ ընկերներից:

Մինչդեռ «Կրթության մասին» ՀՀ օրենքով` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք. օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաեւ սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին: Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագիտացված անձինք, որը, սակայն, չի իրականացվում:

Կրթության նախարարության հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը հստակեցրեց, որ դպրոցներում չեն անցնում սեռական դաստիարակություն. «Դպրոցներում անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որը նստած է ուսումնական տարվա պլանում»:

Կրթության նախարարի 2008 թ. հուլիսի 31-ի հրամանով` ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որն ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակության, այլ առողջության պահպանման մասին է, այդ թվում` խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների եւ նմանատիպ հարցերի շուրջ:

Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում` նաեւ 10-12-րդ դասարաններում: Այն վերցված է ֆիզկուլտուրայի ժամից եւ տարվա մեջ նախատեսված է 14 ժամ. անցնում են հունվար-փետրվար ամիսներին: «Որովհետեւ ձմռանը ֆիզկուլտուրան այդքան էլ լավ չեն անցնում»,- մեկնաբանում է Մուրադյանը:

Հրապարակվել է «Առողջ ապրելակերպ» մեթոդական ձեռնարկ, որը ուսուցչի համար ուղեցույց է, թե ինչպես վարել առարկան, իսկ երեխաներին դասի ժամանակ, լավագույն դեպքում, բաժանվում են պատճենահանված նյութեր, բայց սովորաբար դասի ժամանակ թելադրում են: Կրթության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ ուսուցիչների ընտրությունը թողնված է դպրոցների հայեցողությանը. «Սակայն առարկան դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստվել են»:

«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդելու համար ուսուցիչները 2008 թ.-ից երկու անգամ արդեն հնգօրյա վերապատրաստման դասընթացներ են անցել` Ծաղկաձորում եւ Լուսակերտում, որը կազմակերպել է «Գլոբալ հիմնադրամ»-ը` առողջապահության եւ կրթության նախարարությունների հետ համատեղ:

Ենթադրվում է, որ այն դասավանդում են ֆիզկուլտուրայի կամ կենսաբանության ուսուցիչները: Տիկին Մուրադյանը հստակեցնում է. «Ֆիզկուլտուրայի ուսուցիչները կազմում են մոտ 30 տոկոսը»:

Մինչդեռ Երեւանի թիվ 4 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Կարինե Ավդալյանը «Հետքին» ասաց, որ իր հետ վերապատրաստվում էին քիմիկոսներ, ֆիզիկոսներ, պատմաբաններ:

«Ես կարծում եմ, որ առարկան պետք է դասավանդի կենսաբանության ուսուցիչը, քանի որ մենք անցնում ենք մարդու անատոմիա, դա կարող ենք կապել մարդու օրգանների հետ,- մեկնաբանում է նա,- օրինակ` մարսողական համակարգ անցնելիս մենք կարող ենք ավելի խորացված անցնել մարսողական համակարգի հիգիենան եւ այլն»:

Տիկին Ավդալյանն ասում է, որ աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում առարկայի նկատմամբ, սակայն շատ բան կախված է ուսուցչից: «Պետք է կարողանալ կիրթ եւ պատշաճ ձեւով մատուցել, որովհետեւ տղաները մեծ մասամբ քրթմնջալով խնդմնդում են,- ասում է նա,- ես, օրինակ, անցնում եմ պահպանակների օգտագործման մասին  եւ կարծում եմ, որ ավելի լավ է նրանք դա իմանան այստեղ, քան թե լսեն ուրիշ տեղերից»:

Այս դպրոցի ութերորդ դասարանի մի խումբ աշակերտներ, որոնք նախորդ տարի անցել են առարկան, «Հետքին» ասացին, որ  անցել են հիգիենայի հետ կապված որոշ հարցեր: «Օրինակ` մենք անցել ենք, որ շաբաթական 3-4 անգամ պետք է լողանալ»,- ասում է Գայանեն: Իսկ Կարինեն ավելացնում է, որ տեղյակ է սեռավարակների մասին. «Դրանք անցնում են սեռական հարաբերության եւ արյան ներարկման միջոցով»:

Գրեթե նույնն են պատմում Էջմիածնի թիվ 1 դպրոցի աշակերտներ Նադյան ու Մարիաննան: «Մենք անցել ենք, որ սպորտը շատ կարեւոր է,- ասում է Նադյան,- իսկ կենսաբանությունից էլ անցել ենք, թե մարդը ինչպես է սաղմնավորվում»:

Բայց աղջիկները պատմում են, որ սեռական հարաբերությունների մասին ոչ մի հավաստի գիտելիք չունեն, իսկ «այդ դասի» ժամանակ տղաները խնդմնդում են: «Մենք էդ հարաբերությունների մասին ոչինչ չգիտենք,- ասում է Մարիաննան,- դասատուն բացատրում էր ու նկարներով ցույց էր տալիս, իսկ տղերքն էլ ծիծաղում էին»:

Տղաները չցանկացան խոսել, նրանք խուսափում են նման հարցերի շուրջ զրուցելուց, իսկ աղջիկների հավաստմամբ` դասին լուրջ չեն վերաբերվում: Երեխաներն ասում են, որ մինչեւ ամուսնանալը սեռական հարաբերություն ունենալը սխալ է, որովհետեւ դա «վատ բան է», թեպետ Գայանեն հավելում է, որ իր իմացած աղջիկների մոտ 30 տոկոսը այդպես չի կարծում: «Նորմալ ընտանիքում ծնողները բացատրում են, որ էսպես-էսպես բաներ կան, օրինակ` իմ մաման բացատրել է»,- ասում է Աիդան:

Աղջիկներն ասում են, որ մինչամուսնական սեռական հարաբերությունից պետք է խուսափել, որովհետեւ վարակվելու վտանգ կա: «Մեզանից մեկ-երկու տարի մեծ աղջիկներ կան, որոնք միանգամից երեք-չորս տղայի հետ են կապված,- ասում է Աիդան,- բա դրանից չի վարակվի՞»:

Իսկ Մարգարիտան հավելում է, որ Հայաստանը Եվրոպա չէ, ոչ էլ Ամերիկա. «Մի բան անես` բոլորը կիմանան: Համ էլ դա ուրիշ ազգերի մտածողություն է, մենք էդպես չենք մտածում»: Այդուհանդերձ, երեխաները կարծում են, որ ճիշտ կլիներ ամեն ինչի մասին դպրոցից իմանալ, քանի որ այնտեղ ճիշտը կբացատրեն, որովհետեւ իրենք այնքան էլ լավ չեն հասկանում: Մարիաննան կարծում է, որ նախքան ամուսնանալը սեռական հարաբերություններ ունենալիս «գեշ» հիվանդություններով են վարակվում, որը չի լինում ամուսնու պարագայում:

Էջմիածնի թիվ 1 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռուբեն Ավագյանը «Հետքին» ասաց, որ գլխավոր խնդիրն, իր կարծիքով, այն է, որ առարկան չի գնահատվում, այդ պատճառով էլ երեխաները լուրջ չեն մոտենում: «Մենք դասի ժամանակ քննարկումներ ենք անում, հետո թեստեր կան, որոնք երեխաներին հանձնարարվում է լրացնել եւ ստուգվում է,- ասում է նա,- բայց քանի որ քառորդ չի փակվելու, երեխաներն իմիջիայլոց են վերաբերվում»:

Սակայն դեռահասային տարիքի համար սա շատ զգայուն թեմա է, եւ բոլորն էլ թաքնված հետաքրքրություն ունեն թեմայի նկատմամբ, քանի որ սեռահասունացման տարիքում գտնվող երեխաներին օրինաչափորեն հետաքրքրում է սեռական հարաբերությունների թեման, եւ նրանք այդ մասին իմանում են տարատեսակ աղբյուրներից, այդ թվում` անվերահսկելի համացանցից, որտեղ ամեն կարգի տեղեկություն կա:

Հոգեբան Մարինա Թոզալաքյանը «Հետքին»  ասում է, որ երեխաների սեռական դաստիարակությունը պետք է սկսվի մանկապարտեզում` 3-5 տարեկան հասակում: «Այդ տարիքում տեղի է ունենում սեռական իդենտիֆիկացիա, եւ երեխաները խաղերի կամ թաքնված ձեւերով սկսում են նայել միմյանց սեռական օրգանները,- ասում է նա, սակայն այդտեղ ոչ մի վատ բան չկա, դրանք ճանաչողական բնույթ են կրում, իսկ ծնողները կամ դաստիարակները, դա նկատելով, արգելում են` ասելով, որ ամոթ է, իսկ երեխան մտածում է, որ վատ բան է անում»:

Հոգեբանի կարծիքով` երեխաները պետք է հավաստի աղբյուրից` դպրոցում, դասերի միջոցով տեղյակ լինեն տարիքային առանձնահատկություններին բնորոշ երեւույթների մասին եւ հասկանան, թե ինչքանով են դրանք նորմալ կամ ոչ:

«Սեռահասունացման փուլում, երբ աղջիկներն ունենում են դաշտան, նրանց պետք է բացատրել երեւույթի մասին, իսկ տղաների մոտ դա արտահայտվում է ոչ կամային էրեկցիոն սերմնազատումների ձեւով, իսկ քանի որ դեռահասը չգիտի, որ դա տարիքին բնորոշ է, նրա մոտ տագնապներ կարող են առաջանալ,- մեկնաբանում է նա,- այդ տարիքում երբեմն դեռահաս տղաներն ունենում են էրոտիկ բնույթի երեւակայական պատկերներ, որն օրինաչափ է, բայց նրանք կարող են մտածել, որ դա նորմալ չէ»: Անձը սեռահասուն համարվում է 16-17 տարեկանում:

Մարինան պատմում է, որ ծնողներն իր մոտ էին բերել 5 տարեկան մի տղայի, որը ձեռնաշարժությամբ էր զբաղվել. «Նրանք շոկի մեջ էին, բայց երբեմն այդ տարիքում տղան կարող է օնանիզմով զբաղվել, եւ դրանից պետք չէ պատմություն սարքել»:

Հայ հասարակությունը, ավանդական համարվելով, թաքնված կամ անթաքույց կերպով ամեն կերպ խոչընդոտում է սեռական հարաբերությունների թեմաներով անկաշկանդ եւ առողջ քննարկումների ծավալմանը. դա համարվում է «ամոթ», եւ այդ մթնոլորտում ձեւավորված անհատի գիտակցությունը, կամա թե ակամա, կրում է այն միջավայրի ազդեցությունը, որտեղ ձեւավորվել է:

Դա է պատճառը, որ ծնողներն այդ թեմայով գրեթե չեն խոսում իրենց երեխաների հետ` թողնելով, որ նրանք այդ մասին տեղեկանան կասկածելի աղբյուրներից, իսկ դպրոցներում դասավանդվող «Առողջ ապրելակերպ»-ը թեմայի հետ գրեթե կապ չունի, երեխաները շատ կցկտուր պատկերացում ունեն հենց դասավանդվող առարկայի մասին:

«Առարկան դեռեւս նոր է, եւ չենք կարող ասել, թե ամեն ինչ նորմալ է»,- ասում է Կրթության նախարարության աշխատակից Մուրադյանը:

Կենսաբանության ուսուցչուհի Ավդալյանն ասում է, որ, ամեն դեպքում, զրույցները տանում է` հավատարիմ մնալով հայկական ազգային ավանդույթներին: Սակայն հոգեբան Մարինա Թոզալաքյանն ասում է, որ կույս լինելու հանգամանքը չի կարող ամուսնության հիմք հանդիսանալ: «Դա անհատի որոշման կայացման խնդիր է, սակայն ամուսնության մեջ աղջիկ լինել-չլինելու հանգամանքը տարածված կարծրատիպ է եւ չի կարող ամուր ամուսնության հիմք լինել»,- ասում է նա:

Գրախանութներում եւ կրպակներում կարելի է գտնել տարբեր ձեռնարկներ, որտեղ թեմայի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ կան: Օրինակ` «Երեխաները սեքսի մասին» իսպաներենից թարգմանված գրքում ներկայացված են սեռական օրգանները եւ դրանք միմյանցից տարբերակող առանձնահատկությունները, սակայն սեռական հարաբերությունների, դրանց վերաբերվող հիգիենայի եւ այլ կարեւոր հարցերի մասին ոչինչ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter