
Ֆերմերն առաջարկում է ալյուրը հարստացնելու փոխարեն զարգացնել տեղական ցորենի արտադրությունը
Ինչու՞ ֆոլաթթվով և երկաթով հարստացնել ներկրված ցորենից ստացվող ալյուրը, երբ կա շատ ավելի մատչելի ու արդյունավետ ճանապարհ՝ աջակցել տեղական արտադրողին: Առաջարկի հեղինակը Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 20 տարուց ավելի ցորենի արտադրությամբ զբաղվող Սմբատ Հակոբյանն է:
«Ռուսաստանից ներկրում են չհասունացած, անջատ բերքի ցորենը, որ պարենային նպատակների համար պիտանի չէ եւ սովորաբար օգտագործվում է, որպես անասնակեր,- ասում է Սմբատ Հակոբյանը,- որպեսզի ցորենը պիտանի լինի մարդու կողմից օգտագործման, այն պիտի հասունանա արևով: Ներկրվողը կանաչ, կիսահասունացած, ֆուռաժային ցորենն է, որ բերքահավաքի ժամանակ քաղել-թափել են»:
Չհասունացած ցորենը աղքատ է միկրոտարրերից, դա է պատճառը, որ կառավարությունն այն հարստացնելու նախագծին հավանություն է տվել: Ըստ բազմափորձ ֆերմերի` դրա փոխարեն ընդամենը պետք է արգելել նման որակի հացահատիկի ներկրումը:
Ելնելով սեփական փորձից` Սմբատ Հակոբյանը վստահեցնում է, որ գոմաղբով հարստացված տարածքներում ցորենի մշակությունը տալիս է հիանալի արդյունք: Հպարտությամբ ցույց է տալիս սեփական արտադրության «Յասաուլ» կոչվող ցորենի կարմրահատիկ սերմը՝ նշելով, որ անկրկնելի համ ու բույր ունեցող հաց ու խմորեղեն կարելի է ստանալ այս հացատիկի ալյուրից:
«Իմ ունեցած ցորենին, օրինակ, ոչ մի բան պետք չէ ավելացնել: 27 կլեյկայի ցորեն է: Ես մշակություն եմ իրականացնում մեր, Արագածոտնի, մեկ էլ Լոռվա մարզի մոտ 100 հա տարածքների վրա: Ընտրում եմ արևով հարուստ վայրեր: Եթե գնանք, նայենք, կտեսնեք, որ հողը պարարտացված է գոմաղբով: Էկոլոգիապես բարձր որակի ցորեն եմ ստանում, բայց չեմ կարողանում իրացնել»,- նեղսրտում է անուշավանցի ֆերմերը:
Սմբատ Հակոբյանն ասում է, որ 10-15 տարի իրացման խնդիր չի ունեցել. գնել են ֆերմերային փոքր տնտեսությունները, անհատները, սակայն մեծ սպառում ապահովել են հիմնականում էլեկտրական աղացների սեփականատերերը: «Երկար ժամանակ համագործակցել եմ «Մանչո գրուպի» հետ, բայց մի տարի առաջ զանգեցին, թե կներես, բայց հրահանգ կա միայն կոնկրետ մարդկանցից գնումներ իրականացնել, քո ցորենն այլևս չենք կարող գնել,- պատմում է Սմբատ Հակոբյանը,- հիմա 130 տոննա ունեմ, որ չգիտեմ ինչպես իրացնել: Հանրապետությունում գործող 4 էլեկտրական աղացներից և ոչ մեկին չեմ կարողանում առաջարկել, հրաժարվում են գնել, ասում են հրահանգ կա»:
Անուշավանցի ֆերմերը ցորենի 4 տեսակի սերմարտադրությամբ է զբաղվում, որոնք ժամանակի ընթացքում հարմարվել են ծովի մակերևույթից 1700-2000 մետր բարձրության վրա գտնվող տարածքներին, լավ աճում են և միջինը 45-ից 60 ցենտներ բերք ապահովում: Սերմը ժամանակին ներկրել է Ստավրոպոլի մարզից, ասում է, որ որակական հատկանիշներով իր ստացած սերմնացուն չի զիջում ղազախականին:
«Հրաշալի ալյուր է ստացվում մեր տեղական ցորենից,- հավաստիացնում է Սմբատ Հակոբյանը,- նույնիսկ ռուսական «Կառոնա» ֆիրմայի ալյուրը, որ շատ են գովում, զիջում է իմ արտադրած ցորենից ստացված ալյուրին: Ուղղակի զարմանում եմ, որ անընդհատ ասում են դեմքով դառնանք դեպի գյուղացին, բայց անընդհատ թիկունք են ցույց տալիս: Էդքան գումարը, որ ծախսելու եք ֆոլաթթվով ալյուրի հարստացման վրա, աջակցեք, թող տեղացի ֆերմերն իր բերքն իրացնի: Գոնե հաստատապես համոզված կլինեն մարդիկ, որ անվտանգ սնունդ են օգտագործում»:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել