HY RU EN

«Նաիրիտի» աշխատակիցները պետք է հղի կնոջ օրինակին հետևեն

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները պետք է հղի կնոջ օրինակին հետևեն և սպասեն մինչև երեխան ծնվի, իմա՝ լուծվի Միջպետական բանկին ունեցած «Նաիրիտի» պարտքի հարցը:

Այս հորդորն էր հնչեցնում գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը այսօր կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիներին, ովքեր աշխատավարձերի վճարման պահանջով ուզում են հերթական անգամ հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Կամ այդ պարտքերը դուրս են գրվելու, կամ զիջելու են Հայաստանին որպես քյասիբ պետություն,-ասում է Հրաչ Թադևոսյանը,- այդ պրոցեդուրան պիտի անցնի: Փողերը տալու ռեալ և գլխավոր ճանապարհը Միջպետական բանկի կողմից պարտքի մարման հարցն է»:

Նաիրիտցիները մինչև 20 ամսվա կուտակված աշխատավարձ ունեն: Մեկ շաբաթ առաջ, երբ գործարանի ներկայացուցիչները նույն պահանջով հանդիպել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, վերջինս ասել է, որ մինչև Միջպետական բանկի հետ պարտքերի մարման հարցը չլուծվի, չի լուծվելու նաև գործարանի աշխատողների աշխատավարձերի պարտքերի մարման հարցը: «Եթե միջպետական հարցը լուծվում է, նախարարը խոստացավ, որ պարտքերի լուծման հարցը շատ արագ կկարգավորվի»,-հայտարարեց «Նաիրիտի» մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Աշխատակիցները նաև գործարանի վերագործարկում են պահանջում: Համապատասխան մասնագետների հետ կատարվել են հաշվարկներ: Գործարանն աշխատեցնելու համար ընդամենը 50-55 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ: Երեք տարվա մեջ ներդրողն իր գումարը ետ կստանա, 4-րդ տարում կունենա եկամուտ:

Արհմիության նախագահի հորդորները դուր չեկան նաիրիտցիներին: Ցեխի պետերից Արայիկը հիշեցրեց, որ 2010 թվականից նույն պահանջով հավաքվում են թե կառավարության, թե նախագահական, թե նախարարի նստավայրերի մոտ: Ամեն անգամ «նույն երգով» իրենց ճանապարհում են: Որպեսզի իրենք հավատան կառավարությանը, թող դուրս գան և խոստանան վճարել գոնե մեկ ամսվա աշխատավարձ և մինչև օգոստոս ողջ պարտքերի մարման ժամանակացույց ներկայացնեն:  

Պարտքերը, որոնց մասին խոսում են աշխատակիցները, փոքր գումարներ չեն: Եթե այսօր հաշվարկվում է, որ 50-55 մլն դոլարով գործարանը կարելի է աշխատեցնել, ապա, հիշեցնենք, 2006-ին, երբ կառավարությունը «Նաիրիտը» վաճառեց օֆշորային «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությանը, վերջինս 70 մլն դոլար վարկ էր վերցրել Միջպետական բանկից: Այդ գումարից 39 մլն դոլարը գործարանի գինն էր, մնացյալ գումարը պետք է ներդրվեր աշխատող գործարանի արդիականացման վրա, սակայն այն մսխվել է այդ նախագծի հեղինակների կողմից:

Ավելին, դրանից հետո ևս 100 մլն դոլարի վարկ է վերցվել գործարանի համար, սակայն դրանք նույնպես նպատակին չեն ծառայել: Միջպետական բանկը դատական կարգով արդեն իսկ այդ գումարների բռնագանձման վճիռներ ունի: