HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեց ամիս գերության մեջ

Նախկին ռազմագերի Արթուր Մինասյանը 40 տարեկան է, բայց արդեն կորցրել է առողջությունը:

Մի աչքը չի տեսնում, մյուսի տեսողությունն էլ թույլ է: Գիշերները հաճախ է արթնանում ոտքերի ու որովայնի վրա մնացած սպիների ցավից: Ինը տարի առաջ, երբ որոշեց ստանալ հաշմանդամության կարգավիճակ, երկրորդ կարգ տալու համար նրանից գումար պահանջեցին: «100 դոլարը չտվեցի, ու հաշմանդամությունը ցմահ սահմանեցին երրորդ կարգի՝ 50 տոկոս տեսողությանս ու արցախյան պատերազմի ընթացքում տարած կանտուզիայիս համար»,-պատմում է Արթուր Մինասյանը:

Բժշկասոցիալական եզրակացությունում միաժամանակ նշվեց, որ նա կարող է աշխատել որպես հսկիչ բրիգադավար: Նրա թոշակը 26.000 դրամ է, որը հազիվ է բավարարում մի պարկ ալյուրի, հոսանքի եւ գազի վճարներին: Հարազատները Արթուրին գերությունից ազատելու համար վաճառել էին միակ բնակարանը:

Արցախյան պատերազմում կռված ու կես տարի գերության մեջ անցկացրած ավագ լեյտենանտը դժվարանում է ֆիզիկական աշխատանք կատարել, չնայած կնոջն ու երկու անչափահաս աղջիկներին պահելու համար Երեւանում գործ է գտել: Երկու-երեք շաբաթը մեկ Երեւան է գնում, շինարարությամբ գումար վաստակում, հետ դառնում տուն` հանգստանալու, ու նորից վերադառնում աշխատանքի: Ձմռան ամիսներին աշխատանքը դադարեցնում է քայքայված առողջության պատճառով, ու ընտանիքը գոյատեւում է թոշակով ու հարազատների օգնությամբ:

«Եթե երկրորդ կարգ ունենայի, արտոնություններից կօգտվեի»,- ասում է Արթուրը: Նա անցած տարի դիմել է հաշմանդամության կարգը փոխելու համար: Սակայն չի դիմացել բյուրոկրատական քաշքշուկին, պահանջվող փաստաթղթերը հայթայթելուն, անալիզներին ու կաբինետներով դես-դեն ընկնելուն. «Նյարդերս շարքից դուրս են եկել, այլեւս չեմ դիմանում»:

«Վանաձոր» կամավորական ջոկատում էր Արթուրը: Առաջին անգամ վիրավորվեց 1991-ի նոյեմբերին: Արթուրի մականունը Արջ էր: Զինակիցներն այս մականունն էին կնքել մեղր շատ ուտելու համար: Բուժվելուց հետո ջոկատով մարտեր մղեց Մարտակերտում, մասնակցեց մի քանի գյուղերի ազատագրմանն ու կրկին վիրավորվեց: Երրորդ անգամ վիրավորվեց Քելբաջարի գրավման ժամանակ: Հիշում է, թե ինչպես 1993-ին մտան Քելբաջար, մի ամիս անցկացրեցին այնտեղ, գումարտակ ստեղծեցին ու շարժվեցին դեպի Ֆիզուլի:

«Թշնամու հետ անհավասար մարտեր էր, վեց հոգի մենք էինք, հիսուն հոգի` իրենք: Ես վիրավորվեցի, հակառակորդը ինձ տարավ: 1994-ի փետրվարի 17-ին էր»,- հիշում է Արթուրը:

Կես տարի մնաց գերության մեջ: Մի ամիս նրան պահեցին Բաքվում, մնացած հինգ ամիսն անցկացրեց Գոբուստանի բանտում: Բանտի տնօրենի ոչխարներն էր պահում: Հայ գերու համար ծեծը առավոտյան նախաճաշի նման մի բան էր դարձել: Գերության սկզբնական շրջանում այնքան էին նրան ծեծել, որ հիշում է, թե ինչպես վազելիս իր արագությունից ընկնում էր: Ծեծն ու անմարդկային վերաբերմունքն աստիճանաբար փոխարինվեցին մարդկային պարզ հարաբերության. գերության երրորդ ամսում նրան քիչ էին ծեծում, բանտի տնօրինությունը իր բաժին սննդից հաճախ էր Արթուրին հյուրասիրում: Ընկերացել էր մի հանցագործի հետ, ով իր խցի հատակն ավլելու դիմաց ոչ ոքի չէր թողնում նրան ծեծել:

Ողջ մնալու համար Արթուրը պարտական է Միջազգային Կարմիր Խաչին, որի ներկայացուցիչները հաճախ էին այցելում նրան, իրենց հետ սնունդ ու հագուստ բերում, օգնում նամակներ ուղարկել տուն: Արթուրին ադրբեջանցիները փոխանակեցին հինգ հոգու դիմաց:

Հայրենիքի պաշտպանությանը ցուցաբերած ծառայության համար 2006թ.-ի հոկտեմբերին պետությունը նրան շնորհեց մարտական շքանշան, իսկ դեռեւս 1993-ին Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ հաստատված շքանշանը փոխանցվեց ութ ամիս առաջ:

«Վանաձոր» ջոկատի 25 տղաներից միայն երեքն են աշխատում պաշտպանության համակարգում: Արթուրի առողջությունը թույլ չի տալիս նրան ծառայել բանակում: Ասում է, որ դրա համար ծանոթ է պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter