
Տեղական հանրաքվե` համայնքների միավորման հարցը որոշելու համար
Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել իրականացնել համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքում անցկացնելով տեղական հանրաքվե:
2015թ. իրականացվելու է 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով, որտեղ կառավարության որոշմամբ մայիսի 17-ին կանցկացվի տեղական հանրաքվե՝ պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն արդյոք, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով նշված բնակավայրերը:
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ, սա համայնքների խոշորացման առաջին քայլն է: Երեք փունջ համայնքների միավորման վերաբերյալ դժգոհություն կամ վիճելի հարց չկա: Բարեփոխումը շարունակություն է ունենալու»,- տեղեկացնում է կառավարությունը` հշեցնելով, որ համայնքների խոշորացման գործընթացը սկսվել է մոտ 3,5 տարի առաջ: Այն հաստատվել է կառավարության հավանությունն ստացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով:
Ի կատարումն 2013թ. հուլիսի 5-ի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականի՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկել է համայնքների խոշորացման ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային և վարչական: Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ:
Մեկնաբանել