
Հակառակորդի հետ բախման ժամանակ հայկական կողմը տվել է 3 զոհ և 4 վիրավոր(լրացված)
Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը միանում է կորստյան ծանր վշտին և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում է նախարարությունը:
Դեպքի այլ մանրամասներ և իրեղեն ապացույցներ կներկայացնենք ավելի ուշ:
Լրացում
Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:
Հավելենք նաև, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:
Վիրավորված հայ 4 զինվորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել