Լոռու մարզը նեղ մասնագիտացմամբ բժիշկների կարիք ունի
Գայանե Սարգսյան
2013թ.-ի ամփոփ տվյալներով բժիշկների թիվը Հայաստանի Հանրապետությունում նվազել է: 2012թ. գրանցված 12.429 –ի դիմաց 2013թ.-ին հաշվարկվել է 12.170-ը: Ընդ որում, բժշկական կադրերի նվազում է նկատվում ոչ միայն մարզերի, այլև Երևանի ցուցանիշներով:
2013թ. տվյալներով մարզային և համայնքային ենթակայության բուժհիմնարկներում աշխատում է 6470 բժիշկ: 2012թ. նրանց թիվը 6874 էր: Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում նրանց թիվը նվազել է 404-ով:

Լոռու մարզը ևս բժշկական մասնագետների կարիք ունի: Այս մասին փաստում է նաև Լոռու մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Ընդ որում, եթե մարզի բժշկական կենտրոնները քիչ թե շատ ապահովված են մասնագետներով, ապա պոլիկլինիկաներում նեղ մասնագետների պակասն ավելի սուր է արտահայտված:
«Խնդիրներն ավելի շատ առնչվում են բժշկական նեղ մասնագիտություններին և հատկապես պոլիկլինիկական ծառայությանը, որտեղ շատ հաճախ մասնագետները համատեղությամբ են աշխատում»,- ասում է Ս. Լամբարյանն ու թվում խիստ անհրաժեշտ մասնագետների ցանկը` մաշկավեներոլոգներ, ալերգոլոգներ, ակնաբույժներ, նյարդաբաններ, ուրոլոգներ, վիրաբույժներ, սրտաբաններ…
Մասնագետների պակասը, ըստ վարչության պետի, ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Դրանցից առաջանայինը երիտասարդ մասնագետների կողմից մարզերում աշխատելու ցանկության բացակայություն է, ինչն էլ իր հերթին պայմանավարված է ցածր վարձատրությամբ:
«Նեղ մասնագետների աշխատավարձը մոտավորապես մինիմալ աշխատավարձի սահմաններում է. 45.000-60.000 դրամ»,- ասում է վարչության պետն ու վստահեցնում, որ բժշկական կադրերի խնդիրը մեղմելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության հետ պայմանավորվածություն ունեն. Լոռու մարզում աշխատելու ցանկություն հայտնած բժիշկների համար մարզը կապահովի բոլոր կոմունալ-կենցաղային պայմանները:
Գործին, սակայն, այս խոստումն էլ առանձնապես չի օգնում: Ինչպես Ս. Լամբարյանն է վստահեցնում, 2014թ.-ին մարզի առողջապահական համակարգը համալրվել է 4 մասնագետով, որոնք աշխատանքի են անցել մարզի բժշկական կենտրոններում:
Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներին, առայժմ փորձ է արվում հատկապես նեղ մասնագետների խնդիրը լուծել համատեղման սկզբունքով:
Բժիշկների մի քանի տեղ համատեղությամբ աշխատելու դեպքում, սակայն, բնակիչները շատ հաճախ ստիպված են լինում ժամերով կամ օրերով սպասել իրենց նեղ մասագետի աշխատանքային ժամին, ինչը լուրջ դժգոհությունների տեղիք է տալիս:
Այն, որ համատեղության կարգով աշխատելը խնդիրներ է առաջացնում, ընդունում են նաև ոլորտի պատասխանատուները:
«Ինչ խոսք, դա որակի հետ կապված բավականին լուրջ խնդիր է առաջացնում, բայց այլ տարբերակ չունենք: Հարցի սրությունը, բնականաբար, չի թուլացել, սակայն, քանի դեռ մասնագետների հարցը լուծված չէ, սա դեռևս ամենաօպտիմալ տարբերակն է գոնե շաբաթվա տվյալ ժամերին մարդականց որոշակի նեղ մասնագետներով ապահովելու համար»,- նշում է վարչության պետը:
Վանաձորի կենտրոնում գտնվող թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սիլվա Նազարյանն էլ հավելում է. «Իհարկե ավելի լավ կլիներ, եթե բոլոր մասնագետները հիմնական լինեին, ոչ թե համատեղող: Բնակիչը որ ժամին գար, կբավարարվեր: Բայց լինում է, գնում են պոլիկլինիկա, մեկ մի մասնագետը չկա, մեկ՝ մյուսը: Հետազոտման համար 3 օր գնում-գալիս են: Ինչքա՞ն կարող է ամբողջ շաբաթն այդ հիվանդը պտտվի»:
Այս պոլիկլինիկան համատեղությամբ աշխատող 6 բժիշկ ունի:Նրանք պոլիկլինիկայում են լինում օրական 2-4 ժամով, քանի որ աշխատում են նաև այլ բուժհաստատություններում:
«Մերն առաջին պոլիկլինիկան է, որտեղ ամեն օր են գալիս մասնագետները:Տեղեր կան, որ շաբաթը մեկ օր, երկու օր են մասնագետները գալիս»,- ասում է տնօրենը:
Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող թիվ 3 պոլիկլինիկան հատկապես մեծահասակների նյարդաբանի ու ներզատաբանի կարիք ունի: Դեռևս նախորդ տարվանից ֆիզիոլոգիական արձակուրդ գնացած բժիշկներին այժմ փոխարինում են այլ բուժհաստատությունների բժիշկները, որոնք տնօրենի հավաստմամբ բնակիչներին սպասարկում են ամեն օր ժամը 15:00-18:00-ն:
«Մենք նախարարություն ենք ներկայացրել և՛ նյարդաբանի, և՛ էնդոկրինոլոգի մեր կարիքի պահանջը, բայց մինչև հիմա արձագանք չկա: Եթե առաջիկա երեք տարվա ընթացքում նոր մասնագետ չլինի, ուրեմն այսպես պետք է շարունակենք աշխատել»,- ասում է թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն Նվարդ Քոչարյանը:
Պոլիկլինիկայում օրվա երկրորդ կեսից են աշխատում նաև քիթ-կոկորդ-ականջաբանը, ակնաբույժը, մանկական նյարդաբանը: Վերջիններս ընդգրկված են զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի կազմում և իրենց հիմնական աշխատանքին են անցնում, երբ ավարտվում են հանձնաժողովի նիստերը:
Թե հատկապես ժամը քանիսից են նրանք անցնում իրենց բուն պարտականություններին, տնօրենը դժվարացավ ասել:
«Կոնկրետ չեմ կարող ասել քանիսից, որովհետև կամիսաին կարող է վերջանալ մի օր տասնմեկին, մի օր մեկին: Երբ վերջանում է, գալիս են»,- նշեց նա:
Ի դեպ, Լոռու մարզում վիճակն ավելի վատ է ալերգոլոգների առումով:
«Մարզում որևէ պոլիկլինիկայում ալերգոլոգ չունենք, հիմնականւոմ զբաղվում են թերապևտները՝ վերապատրաստումների հաշվին: Դա առաջնային կարգով բավարարում է, իսկ նեղ մասնագիտական կոնսուլտացիաների համար ուղեգրում ենք Երևան»,- ասում է Լոռու մարզի առողջապահության վարչության պետը:
Մարզի համայնքները, բացառությամբ Վանաձորի, նաև հոգեբույժների պակաս ունեն: Քաղաքային համայնքներից Սպիտակն ու Ալավերդին 1-ական հոգեբույժ ունեն, Ստեփանավանում ու Տաշիրում հոգեբույժն ընդհանուր է և համատեղում է աշխատանքը երկու համայնքներում:
Մարզի պոլիկլինիկաներում քիչ չեն նաև կենսաթոշակային տարիքի բժիշկները: Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում, օրինակ, տնօրենի հավաստմամբ՝ կենսաթոշակային տարիքի բուժաշխատողների թիվը 13-ն է:
«Փոխարինող չունենք: Ես էլ եմ սպասում, որ փոխարինող գա, ընդունեմ, բայց ոչ մեկը չկա»,- նշում է տնօրենը
Հարցին, թե ընդհանուր առմամբ քանի մասնագետի կարիք ունի Լոռու մարզը, Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ս. Լամբարյանը պատասխանում է. «Դա հարաբերական հասկացություն է: Մենք ունենք բոլոր այն մասնագետների կարիքը, որոնք այժմ լրացնում ենք համատեղությամբ աշխատողների հաշվին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել