HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Խոջալու. ճշմարտության պահը (Մաս 1)

Ձեզ ենք ներկայացնում Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր» պայմանական վերնագրով, տակավին չհրապարակված գրքի այն հատվածը, որը վերաբերում է 1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Խոջալու, ինչպես նաեւ ապրիլի 10-ին Մարաղա գյուղերում տեղի ունեցած ողբերգություններին: «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»` Առաջին աշխարհամարտի տարիներին ասված այս խոսքերը կարող են վերաբերել նաեւ Խոջալուին ու Մարաղային:

Մինչ շարունակվում էին ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, միանգամից մի քանի երկրներ եւ կազմակերպություններ առաջարկում են իրենց միջնորդությունը ղարաբաղյան կարգավորման, առաջին հերթին՝ կրակի դադարեցման հարցում: Առանձնապես ակտիվ էր Իրանը: Մ իջնորդության հարցում սկսում են լուրջ հետաքրքրություն ցուցաբերել նաեւ ԵԱՀԿ-ն եւ Ռուսաստանը:

Փետրվարի 25-ին քաղաքական նախաձեռնության է դիմում Երեւանը: Նախագահ Տեր-Պետրոսյանը ուղերձով դիմում է աշխարհի 14 պետությունների ղեկավարների՝ ղարաբաղյան գոտում իրադրության հետագա սրումը, ինչը միմիայն կհանգեցնի պատերազմի, կանխելու նպատակով. «Պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները պետք է սաստեն Ադրբեջանին՝ հետեւողականորեն դատապարտելով այդ հանրապետությունում բանակի ստեղծումն ու բոլոր այն գործողությունները, որոնք կարող են տարածաշրջանում խախտել ուժերի հարաբերական հավասարակշռությունը..., ինչպես նաեւ ներազդեն Ռուսաստանի եւ ԱՊՀ ղեկավարների վրա, որպեսզի նրանք հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտեն Ադրբեջանին ձեռք բերել կամ օգտագործել ԱՊՀ զինամթերքը»:

Հայաստանի ղեկավարն ընդգծում է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը մենք ըստ էության դիտում ենք որպես ներքին քաղաքական կոնֆլիկտ, որը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի իշխանությունների եւ Լեռնային Ղարաբաղի նորընտիր ղեկավարության միջեւ բանակցությունների միջոցով՝ նկատի ունենալով, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»: [1]

Տեր-Պետրոսյանը ԱՊՀ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը եւ տարածաշրջանում կայունության հաստատմամբ շահագրգռված մյուս կազմակերպություններին հորդորում է արագացնել ղարաբաղյան հարցում միջնորդության գործուն մեխանիզմ ստեղծելուն ուղղված քայլերը, որի արդյունքում կձեւավորվեր բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը վայելող խաղաղության համակողմանի ծրագիր: Հայաստանի ղեկավարն ընդգծում էր, որ «Թուրքիան պետք է շարունակի չեզոքություն պահպանել եւ, օգտագործելով Ադրբեջանի կառավարության ու քաղաքական ուժերի վրա իր ազդեցությունը, փորձի փոխել Հայաստանի նկատմամբ նրանց հակասական ուղեգիծը»: Փոխարենը՝ «Հայաստանը օգտագործում է իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի վրա՝ համոզելու նրա ղեկավարությանը 24 ժամով միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները, սկսած այն պահից, երբ Ադրբեջանի կառավարությունը կհայտարարի համապատասխան ժամկետով տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորություն ստանձնելու մասին»: [2]

Ղարաբաղյան կարգավորման հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն ասում է, որ սկզբնական շրջանում Արեւմուտքը, մասնավորապես Մ. Նահանգները, լուրջ շահագրգռություն չուներ միջնորդության հարցում: «Նրանց քաղաքականությունն էապես տարբերվում է այսօրվա քաղաքականությունից: Այն ժամանակ նրանք որեւէ ինքնուրույն, ակտիվ դեր պատրաստ չէին եւ չէին էլ ուզում վերցնել: Նրանց առաքելությունը սահմանափակվում էր Մինսկի խմբում ակտիվ գործունեությամբ: Այն ժամանակ ԵԱՀԿ ձեւաչափից առավել ակտիվ գործում էր Ռուսաստանը՝ երկու ուղղություններով (պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների)»,- ասում է Շահնազարյանը: [3]

Հայ-ադրբեջանական բարձր մակարդակով հանդիպումները եւ բազմաթիվ միջնորդական առաքելություններն ու այցերը, սակայն, անկարող էին կանխել արյունահեղությունը երկու հարեւան ժողովուրդների՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Ավելին, որքան էլ տարօրինակ է հնչում, սովորաբար միջազգային միջնորդությունների օրերին էին տեղի ունենում ամենաողբերգական իրադարձությունները: Դրանցից մեկը Խոջալուն էր, մյուսը՝ Մարաղան:

«Ճշմարտության պահը»

Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Ամերիկացի սենատորի՝ առաջին աշխարհամարտից հետո ասված խոսքերը կարելի է վերագրել նաեւ ղարաբաղյան պատերազմին, մասնավորապես՝ Խոջալուին: Թե իրականում ինչ է կատարվել 1992թ. փետրվարի 25-26-ը Լեռնային Ղարաբաղի՝ մեծությամբ ադրբեջանական երկրորդ բնակավայրում՝ Խոջալուում, եւ հարակից տարածքում, երբ ղարաբաղյան ուժերի տրամադրած միջանցքով քաղաքացիական բնակչությունը հեռանում էր դեպի Աղդամ, շարունակում է մնալ ղարաբաղյան պատերազմի ամենավիճարկելի եւ չպարզված հանգամանքներից: Հստակ է առնվազն երկու բան՝ ղարաբաղյան ուժերը միջանցք տրամադրել են, երկրորդ՝ քաղաքացիական, խաղաղ բնակչությունը տուժել է, տեղի է ունեցել ողբերգություն:

Երբ ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովը 1994թ. հունվարին «Ճշմարտության պահը» հաղորդաշարի հյուրին՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահին հարցնում է Խոջալուում տեղի ունեցած ողբերգության մասին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Ես այդ ողբերգության կողքին կդնեի ողբերգությունների մի այլ շարք, որն իր չափերով երեւի գերազանցի Խոջալուի ողբերգությանը: Դա եւ՛ Սումգայիթն է, եւ՛ Բաքվի ջարդերը, հայկական 28 գյուղերի հայաթափումը, դա եւ՛ հայկական Մարաղա գյուղի ողբերգությունն է»:

«Սակայն, ըստ երեւույթին, Խոջալուի մասին առանձին բացատրություն է անհրաժեշտ: Այսինքն՝ դա այն գյուղն է, որ հայտնվել էր մարտական գործողությունների կիզակետում, ընդ որում, ինչպես ինձ պատկերանում է, մարտնչող կողմերը պետք է զգուշավորությամբ մոտենան բնակավայրերի՝ ռազմական նպատակներով օգտագործմանը. դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Խոջալուում: Բուն բնակավայրում տեղակայված էր 4 հրանոթ եւ «գրադ» կայանք, որոնցից մեթոդաբար ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Եւ եթե ինչ-որ ուժ վերածվում է դիրքի՝ հրետանու, «գրադի» հարվածի համար, ապա, բնականաբար, այդ կայանքներն իրենց վրա կրակ են հրավիրում: Դրա համար էլ, իսկապես, Խոջալուում ստեղծվեց մի իրավիճակ, որ ընթանում էին ծանր մարտեր բնակավայրի համար, եւ այդ մարտերի ընթացքում, իսկապես, տուժել է խաղաղ բնակչությունը»,- ասել է Քոչարյանը: [4]

Երբ բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը Սերժ Սարգսյանին խնդրում է պատմել Խոջալուի գրավման մասին, Հայաստանի պաշտպանության նախարարը պատասխանում է. «Մենք նախընտրում ենք բարձրաձայն այդ մասին չխոսել»: Ինչ վերաբերում է զոհերի թվաքանակին, ապա Սարգսյանը պնդել է, որ շատ բան չափազանցվել է, իսկ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել: «Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հարցը բոլորովին այլ էր: Մինչեւ Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, թե մեզ հետ կարելի է կատակներ անել, նրանք մտածում էին, որ հայերն ի վիճակի չեն ձեռք բարձրացնել քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք ջարդել այս (կարծրատիպը): Ահա թե ինչ է տեղի ունեցել: Եվ նաեւ պետք է ուշադրություն դարձնել, որ այդ տղաների մեջ կային մարդիկ, ովքեր փախել էին Բաքվից եւ Սումգայիթից»,- ասել է Սարգսյանը: [5]

Թոմաս դե Վաալը, որպեսզի ավելի արժանահավատ դառնան պնդումները, թե ղարաբաղյան ուժերը Նախիջեւանիկ հայկական գյուղի մերձակայքում դիմահար կրակ են բացել Խոջալուից փախչող քաղաքացիական բնակչության եւ նրանց ուղեկցող ադրբեջանական ՕՄՕՆ-ականների վրա, մեջբերում է ոստիկանության մայոր Վալերի Բաբայանի՝ 1992թ. ապրիլին ամերիկացի լրագրող Փոլ Քուին-Ջաջին ասածները: Բաբայանը կարծիք էր հայտնել, որ այդ իրադարձությունների հիմնական մոտիվը եղել է անձնական վրեժը, Խոջալուի վրա հարձակման մասնակիցներից շատերը «եղել են Սումգայիթից եւ նմանօրինակ այլ տեղերից»: [6]

Սամվել Բաբայանը, լինելով իրադարձությունների կենտրոնում, բոլորովին այլ մեկնաբանություն ունի. « Խոջալուի գործողության ժամանակ ես պետք է եւ՛ Աղդամը պահեի, եւ՛ ապահովեի գետի հոսանքով անվտանգության միջանցք, որ ժողովուրդը կարողանար դուրս գալ, ինչն էլ կատարել եմ: Միջանցքը տրվել էր, բայց մի անհասկանալի բան տեղի ունեցավ:

Աղդամի կողմից մեզ վրա հարձակվեցին: Բնակչությունը պետք է մեր դիրքերի արանքով անցներ եւ մտներ Աղդամ: Աղդամի ադրբեջանական ուժերի շրջանում տպավորություն է ստեղծվում, թե հայերն են անցնում: Բռնությունները կատարել են ադրբեջանական ուժերը՝ գիտակցաբա՞ր, թե՞ ոչ, չգիտեմ: Մենք Խոջալուում բնաջնջում չենք իրականացրել: Ընդհանրապես, պատերազմի տարիներին մենք խաղաղ բնակչությանը թույլ ենք տվել, որ հեռանա: Քելբաջարում կարող էինք ճանապարհները փակել եւ 60 հազար մարդու կոտորել, բայց հատուկ մի քանի օր ռազմական գործողությունը հետաձգել ենք, ճանապարհ ենք տվել: Դա այն նույն ճանապարհն է, որ 1994թ. մի հարվածով վերցրինք վերահսկողության տակ»: [7]

Պնդումները, որ ղարաբաղյան ուժերը մի քանի օր շարունակ նախազգուշացրել են Խոջալուի խաղաղ բնակչությանը հեռանալ բնակավայրից եւ այդ նպատակով տրամադրել են միջանցք, հաստատում են նաեւ ադրբեջանական աղբյուրները:

Խոջալուի բնակիչներից Սալման Աբասովը հետագայում բողոքել է. «Այդ ողբերգական իրադարձություններից մի քանի օր առաջ հայերը մեզ շատ անգամ ռադիոյով նախազգուշացրել էին, որ պատրաստվում են գրավել քաղաքը եւ մեզ հորդորում էին հեռանալ: Երկար ժամանակ Խոջալու էին թռչում ուղղաթիռներ, եւ հասկանալի չէր՝ որեւէ մեկը մտահոգվա՞ծ էր մեր ճակատագրով: Գործնականում, մենք որեւէ օգնություն չստացանք: Ավելին, երբ հնարավորություն կար դուրս բերել կանանց, երեխաներին եւ ծերերին, մեզ համոզում էին դա չանել»: [8]

2005թ. վաղ գարնանը Խոջալու է այցելում ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը: Բաքու վերադառնալով՝ նա «Անասուններին հասցրել են դուրս բերել, մարդկանց՝ ոչ» հրապարակման մեջ գրում է. «Սրանից մի քանի տարի առաջ ես հանդիպեցի Նավթալանում ժամանակավորապես բնակվող խոջալուցի փախստականների հետ: Նրանք բացահայտ խոստովանեցին, որ գրոհը սկսելուց մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով բնակչությանը նախազգուշացնում էին ծրագրվող գործողության մասին եւ քաղաքացիական անձանց առաջարկում հեռանալ ավանից՝ դուրս գալ շրջափակումից մարդասիրական միջանցքով՝ Կարկար գետի երկայնքով:

Խոջալուցիների խոսքերով՝ իրենք օգտագործել են այդ միջանցքը, եւ իրականում հայ զինվորները, ովքեր գտնվում էին միջանցքից այն կողմ, կրակ չեն բացել խոջալուցիների վրա: Ժողճակատի գումարտակների որոշ զինվորականներ, չգիտես ինչու, խոջալուցիների մի մասին դուրս են բերել դեպի Նախիջեւանիկ, որն այդ ժամանակ գտնվում էր հայերի՝ Ասկերանի գումարտակի վերահսկողության տակ»: [9]

Ասկերանի վարչակազմի ղեկավարության օգնությամբ ադրբեջանցի լրագրողը ծանոթանում է տեղանքին, քայլում այն տարածքով, որտեղով անցել են Խոջալուի բնակիչները: «Ծանոթանալով տեղանքի աշխարհագրությանը՝ կարող եմ վստահաբար ասել, որ միջանցք չլինելու մասին ենթադրությունները զուրկ են հիմքից: Միջանցք իրականում եղել է, այլապես ամբողջովին շրջափակված եւ արտաքին աշխարհից կտրված խոջալուցիները չէին կարող ճեղքել օղակը եւ դուրս գալ շրջափակումից: Խոջալուցիների մի մասը, չգիտես ինչու, ուղղվել է դեպի Նախիջեւանիկ: Թվում է՝ Ժողճակատի գումարտակները ձգտում էին ոչ թե խոջալուցիների փրկությանը, այլ մեծ արյան՝ Մութալիբովին գահընկեց անելու ճանապարհին»,- գրում է Ֆաթուլաեւը: [10]

Նախագահ Այազ Մութալիբովը Խոջալուի ողբերգությունից մեկ ամիս անց չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում, պատասխանելով «Ի՞նչ կասեք Խոջալուի դեպքերի մասին, որից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալուցիների դիակները հայտնաբերվեցին Աղդամից ոչ հեռու: Ինչ-որ մեկը նախապես կրակել էր մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռու փախչել: Հետո նրանց կացնահարել էին:

Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել էին նրանց: Մարտի 2-ին՝ նոր նկարահանումների ժամանակ, այդ դիակների գանգամաշկերը հանված էին: Սա ինչ-որ տարօրինակ խաղ է» հարցին, հիշեցնում է. «Ինչպես ասում են փրկված խոջալուցիները, այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ-որ ուժ գործում էր հանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թե նման իրավիճակին հստակ եւ բանիմաց մոտեցում ցուցաբերող հայերը թույլ տային, որպեսզի ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական արարքներում մերկացնող փաստեր ձեռք բերեն»: [11]

«Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր պատկերն այսպիսին է՝ հայերը, այնուամենայնիվ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին: Այն էլ Աղդամի մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու համար բավականաչափ ուժ կար:

Կամ պարզապես կարելի էր պայմանավորվել, որպեսզի խաղաղ բնակիչները հեռանան... Մոտակայքում էր գտնվում Աղդամի խմբավորումը, որը պարտավոր էր աչալրջորեն հետեւել դեպքերի զարգացման ընթացքին: Հենց որ Խոջալուն շրջապատվեց տեխնիկայով, անմիջապես հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հանձնարարություն էի տվել Շուշիի կապակցությամբ. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց եւ երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենքներից. մարդկանց պետք է փրկել: Իմ վարքագիծը օբյեկտիվ էր եւ միանշանակ. ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, սակայն ինչո՞ւ դրանք Խոջալուում չկատարվեցին, ինձ համար պարզ չէ»,- ասել է Մութալիբովը: [12]

Հետագայում եւս, որոշ սրբագրումներով, Մութալիբովը շարունակում է պնդել, որ հայերը խաղաղ բնակչության հեռանալու համար միջանցք թողել են:

«Փետրվարի 25-ի երեկոյան ինձ զեկուցեցին տեղի ունեցածի մասին, բայց առանց մանրամասների, հանգուցյալ ներքգործնախարար Թոֆիկ Քերիմովը: Նա ասաց, որ մի քանի հարյուր մարդ գնդակահարվել է հենց Խոջալուում: Այն ժամանակ ես առաջին բանը, որ արեցի, վերցրի հեռախոսը եւ զանգահարեցի Լեռնային Ղարաբաղի ղեկավար, ոմն Մկրտչյանին: Ես նրա հետ ծանոթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտեի: Ես նրան զայրացած հարցրեցի, թե ինչպես է հնարավոր Խոջալուում գնդակահարել գրեթե հազար խաղաղ բնակիչների: Իսկ նա պատասխանեց բառացիորեն հետեւյալը. «Ի՞նչ հիմարություններ, մենք Խոջալուում ոչ մեկին չենք գնդակահարել: Մինչեւ Խոջալուի վերցնելը, այնտեղ ոչ ոք արդեն չկար, քանի որ մենք միջանցք էինք տվել, եւ բնակիչները հեռացել են: Իսկ խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մոտ: Նրանք պրոֆտեխուսումնարանի շենքում են: Մենք նրանց կերակրում ենք, թեեւ մեզ իսկ մթերքները չեն բավականացնում»:

Ես չհավատացի նրան: Հեռախոսի մոտ խնդրեցի Արմեն Իսագուլովին, ով այդ ժամանակ ոստիկանության վարչության պետն էր: Նա էլ հայտնեց, որ մարդկանց միջանցք են տվել: Ահա թե ինչու, երբ այն ժամանակ ես հարցազրույց տվեցի, ասացի, որ ինձ հաղորդել են խաղաղ բնակչությանը միջանցք տրամադրելու մասին: Բայց ես չեմ պնդել, որ իրականում այդ միջանցքը եղել է, թե՝ ոչ: Ես ուղղակի վկայակոչել էի վերոնշյալ հեռախոսային խոսակցությունը... Ի դեպ, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի զեկույցում սեւը սպիտակի վրա գրված է, որ միջանցք տրամադրելու մասին անձամբ իմացել է Էլման Մամեդովը»,- հետագայում ասել է Մութալիբովը: [13]

Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը ողբերգությունից ընդամենը մի քանի օր անց խոստովանել է. «Մենք գիտեինք, որ այդ միջանցքը խաղաղ բնակչության հեռանալու համար էր»: [14]

Խոջալուի ողբերգության մասին լուրը Բաքու է հասնում փետրվարի 25-ի երեկոյան, այսինքն՝ նախքան ղարաբաղյան ուժերը կսկսեին ռազմական գործողությունները: Ո՛չ Ադրբեջանի ներքգործնախարար Քերիմովը, ո՛չ էլ անվտանգության նախարար Հուսեյնովը ի վիճակի չեղան պարզել այդ ապատեղեկատվության աղբյուրը: Եվ փետրվարի 26-ի առավոտյան Մութալիբովը զանգահարում է Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանից եւ ոստիկանության պետ Արմեն Իսագուլովից ճշտելու, թե իրականում ինչ է կատարվել Խոջալուում:

Փետրվարի 26-ի երեկոյան, զգալով, որ Խոջալուի կորուստը նշանակում է Մութալիբովի պարտությունը, Ադրբեջանի ներքգործնախարարությունը տարածում է հայտարարություն, որում պնդվում էր, թե «հայ գրոհայինների հարձակումը Խոջալուի ուղղությամբ հետ է մղվել, եւ քաղաքը կրկին վերահսկում են ադրբեջանական ուժերը»: Սակայն այս տեղեկատվությունն անմիջապես հերքում է Ժողճակատի տեղեկատվական կենտրոնը՝ հաղորդելով, որ «սպանված խոջալուցիների դիակներով լիքը երկու բեռնատարներ հասել են Աղդամ»: [15]

Խոջալուի ռազմական գործողությունը

Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը ենթադրում է, որ Խոջալուի գրոհը սկսվել է փետրվարի 25-ից 26-ի գիշերը՝ ի հիշատակ Սումգայիթի հայկական ջարդերի, որոնք կատարվել էին չորս տարի առաջ՝ 1988-ի փետրվարին: «Հայերին ռազմական աջակցություն ցուցաբերեց խորհրդային բանակի 366-րդ գնդի զրահատեխնիկան: Նրանք Խոջալուն շրջափակեցին երեք կողմերից, որից հետո հայ զինվորները մտան քաղաք եւ ճնշեցին տեղի պաշտպանների դիմադրությունը»,-գրում է Վաալը: [16]

Այստեղ, թվում է, կան մի քանի անճշտություններ: Նախ՝ արդյոք տրամաբանակա՞ն է, որ ղարաբաղյան ուժերը Խոջալուն վերցնեն Սումգայիթի ջարդերի հիշատակի օրերին: Բացի այդ, սումգայիթյան իրադարձությունները տեղի են ունեցել փետրվարի 27-29-ը եւ, ըստ «վրեժ լուծելու» տրամաբանության, ղարաբաղյան ուժերը Խոջալուի վրա գրոհը պիտի սկսեին փետրվարի 27-ի գիշերը: Խոջալուն գրավելը ղարաբաղյան ուժերի համար ուներ անգնահատելի մեծ նշանակություն, եւ այսօր, ռազմական գործողություններից տարիներ անց, ինչ-ինչ օրերի մոտավոր համընկնելու մասին ենթադրությունները տեղին չեն: Ի վերջո, Խոջալուն եւ ընդհանրապես ողջ ղարաբաղյան հակամարտությունը անողոք պատերազմ էր բառի ամենադաժան իմաստով, եւ այդ օրերին ո՞վ էր մտածում պատմական զուգահեռների մասին:

Ավելին, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ ղարաբաղյան ուժերը Խոջալուի վրա գրոհը նախապատրաստում էին ավելի վաղ, սակայն ինչ-ինչ հանգամանքներով այն հետաձգվել էր:

Փետրվարի կեսերին, Իրան այցելության նախօրեին, Այազ Մութալիբովը Շուշիի ռազմական պարետ Ռահիմ Ղազիեւին հանձնարարում է իր բացակայության պայմաններում պահպանել հրադադարը եւ դեպի Ստեփանակերտ չկրակել: Սակայն Իրան մեկնելուց մի քանի ժամ անց Ղազիեւի հրամանով սկսվում է Ստեփանակերտի, մասնավորապես՝ 366-րդ մոտոհրաձգային գնդի ուժգին ռմբահարումը: Ի պատասխան՝ ղարաբաղյան ուժերը գրոհում են Խոջալուն: Փոխհրաձգությունը տեւում է մի քանի օր՝ փետրվարի 14-16-ը:

«Ստեփանակերտից մեր վրա ռումբեր էին թափում: Դա մղձավանջ էր: Այդ ժամանակ ես հրամայեցի «Գրադ» համակարգից կրակ բացել Ստեփանակերտի ուղղությամբ: Մեր զինվորները չէին կարողանում ճիշտ, կոորդինատներով կրակել: «Գրադի» փողերից չորսը անսարք վիճակում էին: Զինվորներից մեկը բարձրացավ (Շուշիի) աշտարակը եւ այնտեղից հաղորդում էր՝ ռումբերն ընկնու՞մ են զինվորական քաղաքի վրա, թե՞ ոչ: Հանկարծ նա գոռաց, որ ռումբերն ընկան զինվորական քաղաքի վրա: Գնդի զրահամեքենաներից 5-ը ոչնչացվեցին»,-հիշում է Ղազիեւը: [17]

Ղազիեւի ասելով՝ այդ ժամանակ Շուշիում միայն մեկ «Գրադ» համակարգ կար, որը հնարավոր էր լինում օգտագործել դիրքային մարտերում. «Փետրվարի 16-ին տեղեկություններ ստացանք Խոջալուի վրա նախապատրաստվող գրոհի մասին: Շուշիում գտնվող մեր զորքերը հաջողությամբ կանխեցին գրոհը հենց այդ «Գրադի» օգնությամբ, որից ռմբահարվում էին հակառակորդի դիրքերը: Փետրվարի 25-ին մենք կրկին տեղեկություն ստացանք Խոջալուի վրա հարձակման հերթական փորձի մասին: Հավատացնում եմ՝ մենք չունեինք բավարար ռազմամթերք, որպեսզի օգնեինք խոջալուցիներին եւ կանգնեցնեինք հայերի գրոհը:

Այդ անգամ մենք չօգտագործեցինք «Գրադը», քանի որ Շուշիի վրա թանձր մառախուղ էր իջել... Այդ օրերին ես հեռախոսով կապվեցի Մութալիբովի հետ եւ տեղեկացրի Խոջալուի վրա կախված վտանգի մասին: Նախագահը պատասխանեց, որ ներքին գործերի նախարար Թոֆիկ Քերիմովը հավաստիացրել է, որ իրավիճակը կայուն է: Ես հասկանում եմ, որ Խոջալուում Մութալիբովի համար թակարդ էր պատրաստված: Բայց ճիշտ չէ, թե ես նախագահի հրամանին հակառակ կրակ եմ բացել Ստեփանակերտի վրա»: [18]

Նախքան Խոջալուն, ղարաբաղյան ուժերը մի շարք այլ վայրերում հաջող ռազմական գործողությունների փորձ արդեն ունեին: Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանը գրում է, որ Տողի եւ Սարինշենի ռազմական հաջողություններին հետեւել էին Լեսնոյի (Մեշալի), Մալիբեյլիի, Աշաղը (Ներքին) Ղուշչուլարի (այդ գործողությունները մշակել էր Արկադի Տեր-Թադեւոսյանը, գործողությունների հրամանատարը Վալերի Բալայանն էր), Ղարադաղլիի (հրամանատարն էր Կարեն Բաբայանը) հաղթանակները, ծանր մարտեր էին եղել Ստեփանակերտի արվարձան Կրկժանը ադրբեջանցիներից մաքրելու համար:

«Խոջալուի նշանակությունը դժվար է թերագնահատել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար: Խոջալուն տեսականորեն Ղարաբաղի հարավը բաժանում էր հյուսիսից: Խոջալուում էր Լեռնային Ղարաբաղի միակ օդակայանը, որը շրջափակման պայմաններում արցախահայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն էր: Եվ վերջապես, նաեւ Խոջալուից էին ռմբահարվում Ստեփանակերտն ու հայկական մյուս բնակավայրերը»,- գրում է Մելիք-Շահնազարյանը: [19]

Խոջալուն վերցնելու գործողությունը մշակում եւ ղեկավարում է ղարաբաղյան ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը: Ղարաբաղյան ստորաբաժանումները պետք է Խոջալու մտնեին 4 ուղղություններով, առաջին՝ Մեհտիշենից, երկրորդ՝ Նորագյուղից, երրորդ՝ Քաթուկից, չորրորդ՝ օդակայանի մերձակայքից: Կարկար գետի երկայնքով միջանցք էր թողնվել, որպեսզի հեռանան խաղաղ բնակիչներն ու ադրբեջանցի զինվորները:

«Բացի այդ, գրոհը սկսելուց շաբաթներ առաջ ղարաբաղյան կողմը բազմիցս նախազգուշացրել էր Բաքվին եւ Խոջալուի բնակիչներին, որ նախապատրաստվում է քաղաքի գրավումը: Այդ մարտավարությունը ղարաբաղյան ուժերը կիրառում էին պատերազմի ողջ ընթացքում: Դա երկու հիմնական նպատակ էր հետապնդում: Նախ՝ խուճապի մթնոլորտ սերմանել խաղաղ բնակչության շրջանում եւ նախքան ռազմական գործողությունը սկսելը ստիպել քաղաքացիական բնակչությանը հեռանալ, երկրորդ՝ խաղաղ բնակչության բացակայության պայմաններում բանակը բարոյալքվում է, նրա պատերազմելու ցանկությունը՝ մարում, եւ զինվորներն առաջինը մտածում են չսպանվելու, իսկ հնարավորության դեպքում՝ փախչելու մասին: Նման պայմաններում, ինչպես ցույց են տալիս պատերազմական հետագա գործողությունները, ղարաբաղյան կողմը տալիս էր անհավատալիորեն նվազ կորուստներ»,- գրում է Մելիք-Շահնազարյանը: [20]

Խոջալուն գրավելու գործողությունը սկսվում է փետրվարի 25-ի երեկոյան՝ 23.00-ին, այսինքն՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Մութալիբովին տեղեկացնում են Խոջալուի քաղաքացիական բնակչության ջարդի մասին: Մոտ երկուսուկես ժամ անց ադրբեջանցի ռադիստների խոսակցություններից պարզ է դառնում, որ խաղաղ բնակչության հետ քաղաքի պաշտպանությունը լքում են նաեւ զինվորականները: Միայն մեկ խումբ, դիրքավորվելով հինգհարկանի շենքում, դիմադրություն է ցույց տալիս, սակայն արդեն փետրվարի 26-ի առավոտյան 4-ին նրանց մի մասը ոչնչացվում է, մի մասը՝ հանձնվում:

Հնարավո՞ր էր Խոջալուի ադրբեջանական զինուժին օգնություն գար Աղդամից, որը այդ ժամանակ փաստացի գտնվում էր Ժողճակատի զինված խմբավորումների վերահսկողության տակ: Իրականում, Խոջալուն շրջափակված էր չորս կողմերից, եւ նրա պաշտպանունակությունը ռազմական տեսակետից խոցելի էր: Խոջալուի կապը Ադրբեջանի բնակավայրերի, մասնավորապես հարեւան Աղդամի հետ, իրականացվում էր ուղղաթիռներով: Վերջին թռիչքը, նախքան ղարաբաղյան ուժերը կվերցնեին քաղաքը, եղել է փետրվարի 13-ին: Ըստ տարբեր գնահատումների՝ փետրվարի 25-ին Խոջալուում մնացել էր մոտ 3000 բնակիչ, իսկ քաղաքի պաշտպանության հրամանատարը օդակայանի ՕՄՕՆ-ի ղեկավար Ալիֆ Հաջիեւն էր մոտ 160 զինված մարտիկներով:

Մյուս կողմից, զարմանալի է, թե ինչու քաղաքից դուրս չբերվեց քաղաքացիական բնակչությունը, երբ ադրբեջանական կողմի համար գրեթե ակնհայտ էր Խոջալուի անկումը: Դրա պատճառներից մեկը, հավանաբար, Ադրբեջանում ներքաղաքական խառնակ ժամանակներն էին: Չկար միասնական ռազմական հրամանատարություն, թեեւ Աղդամում կուտակված ադրբեջանական զինուժը կարող էր օգնության հասնել Խոջալուի պաշտպաններին: Ներկայացնենք մի հատված Ռահիմ Ղազիեւի հետ հարցազրույցից:

- Ինչո՞ւ խոջալուցիներին Աղդամից ժամանակին օգնություն չհասավ:

- Փետրվարի 25-ին Աղդամում կար Տ-72 մակնիշի 12 տանկ, նույնքան զրահամեքենա, 4 «Գրադ» համակարգ, զրահամեքենաներ , 40 թնդանոթ եւ ազգային բանակի 2.500 զինվոր: Բոլոր այդ ուժերը կարող էին ուղղվել Խոջալուի փրկությանը, բայց օգնություն չեղավ:

- Ինչո՞ւ:

- Չգիտեմ: Բավական էր «Գրադից» կրակ բացել: Կար այսպիսի նշանառու ՝ զինվոր Ինչիպիրենկո: Նա կարող էր «Գրադով» խփել ցանկացած կետի: Պատկերացնու՞մ եք: Հետո պարզվեց, որ «Գրադը» անհետացել է:

- Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ Աղդամում էին Թամերլան Գարաեւն ու Ֆահմին Հաջիեւը:

- Այո, իսկ Թաիր Ալիեւն էլ ամբողջ Ղարաբաղի ուղղությամբ հրամանատարն էր: Դուք ասում եք, որ ես նշանակվել եմ Շուշիի զինվորական պարե՞տ: Այդ հրամանագրի մասին ես լսել եմ հեռուստանորություններից: Ես չունեի ո՛չ փաստաթղթեր, ո՛չ կնիք, ո՛չ նորմատիվային ակտեր»: [21]

Խոջալուի գործողության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հենց Թաիր Ալիեւն էր, ով շատ կարճ ժամանակահատված մնաց այդ պաշտոնին: Ընդհանրապես, 1991-1992թթ. վեց ամիսների ընթացքում Ադրբեջանում նշանակվել է պաշտպանության չորս նախարար, ինչը ինքնին անհեթեթություն է պատերազմող երկրի համար: Պաշտպանության առաջին նախարարը խորհրդային գեներալ Վալեհ Բարշադլին էր: Կարճ ժամանակ անց նրան փոխարինեց Թաջեդդին Մեհտիեւը, ով ստիպված էր հեռանալ Քարինտակի պարտությունից հետո: Մեհտիեւին փոխարինեց Թաիր Ալիեւը: Մարտի 17-ին, Խոջալուի գործողությունից եւ Այազ Մութալիբովին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո, պաշտպանության նախարար նշանակվեց Ռահիմ Ղազիեւը:

«Խոջալուն վերցնելուց հետո մեր զորքերն այնտեղ գտնում են խաղաղ բնակիչների 11 դիակներ, չհաշված, իհարկե, ադրբեջանական կորուստները զինվորականների շրջանում: Եվս մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ, ավելի հստակ՝ 734 մարդ, որոնց մի մասը՝ մեսխեթի թուրքեր, բերվում են Ստեփանակերտ: Արդեն փետրվարի 28-ին բոլոր գերված խոջալուցիները հանձնվում են ադրբեջանական կողմին»,-գրում է Մելիք-Շահնազարյանը: [22]

Մեսխեթի թուրքերը Խոջալուում վերաբնակեցվել էին 1989 թվականից սկսած: Ուզբեկստանից արտաքսված մոտ հազար մեսխեթի թուրքերի Ադրբեջանը հետեւողականորեն բնակեցնում էր Խոջալուում՝ այսպիսով մեխանիկորեն ավելացնելով գյուղի բնակչության թիվը: Եթե 1989թ. Խոջալուում ապրում էր մոտ 1600 մարդ, ապա 1991թ. այդ թիվը հասավ 6300-ի, այդ տարի էլ Խոջալուն ստացավ քաղաքի կարգավիճակ: Քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանն ասում է, որ 1926թ. մարդահամարի տվյալներով՝ Խոջալուն մաքուր հայկական գյուղ էր, որտեղ ապրում էր 888 հայ։

«20–րդ դարի 50–ական թվականներին Խոջալուում սկսեցին վերաբնակվել ադրբեջանցիներ, եւ արդեն 60–ականների սկզբներին հայկական Խոջալուի կողքին երեւան եկավ ադրբեջանական Խոջալուն։ 1977թ. հայկական Խոջալուի մասին այլեւս չէր խոսվում։ 1989–ին Խոջալուն արդեն զուտ ադրբեջանական գյուղ էր՝ 1661 ադրբեջանցի բնակչությամբ»,-ասում է Բաբայանը։ [23]

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter