ԵՄ-ն աջակցում է սևծովյան ավազանի տարածաշրջանում զբոսաշրջային փաթեթների ստեղծմանը
Եվրամիության աջակցությամբ չորս երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան, մշակել են Տարածաշրջանային այցելուի («ՏԱՄ» փաթեթ) միասնական փաթեթ: Այն ընդգրկում է տուրիստական շուրջ տասը երթուղի: Նշված երկրների զբոսաշրջային գործակալությունները սույն թվականի մայիսի 1-ից հնարավորություն կունենան վաճառելու «ՏԱՄ» փաթեթը: Այսինքն՝ աշխարհի բոլոր անկյուններից զբոսաշրջիկները կարող են այցելել այս չորս երկրներ մեկ միասնական փաթեթով՝ նախապես ընտրելով, թե ինչ են ցանկանում տեսնել: Հեյֆեր Հայաստանի տնօրեն, ծրագրի տարածաշրջանային համակարգող Անահիտ Ղազանչյանը նշեց, որ մշակված երթուղիները տարբեր են: Բոլոր չորս երկրներում կարելի է ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությանը, ծանոթանալ համադամ ուտեստներին, թռչնաշխարհին կամ սևծովյան տարածաշրջանի ծովերին ու լճերին ծանոթանալու երթուղի և այլն:
Հեյֆեր Հայաստանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն` «ՏԱՄ» փաթեթը կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռքբերումը:
Փաթեթի շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 19-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում: Շնորհանդեսը կազմակերպել էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և Հեյֆեր Հայաստանը (Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղ):
Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հյուրեր Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից և Թուրքիայից, ՀՀ նախարարությունների, գործընկեր երկրների կառավարության, արտասահմանյան առաքելությունների և դեսպանատների, միջազգային և տեղական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, Եվրամիությունը շատ հետաքրքրված է այս ոլորտում աջակցություն ցուցաբերել Հայաստանին. «Այս ծրագիրը գյուղական զբոսաշրջության զարգացման ոլորտում Եվրոպական միության աջակցության շատ լավ օրինակ է: Թեև ծրագիրը դեռ չի ավարտվել, սակայն հաջողություններն արդեն ակնառու են: Հատկանշական է, որ այս ծրագիրը կյանքի է կոչվում տարածաշրջանային համագործակցության միջոցով: Հայաստանը, Թուրքիան, Բուլղարիան և Վրաստանը ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ծրագրի իրականացմանը, այլև հետագայում էլ համագործակցելու են ծրագրի արդյունքների զարգացման ուղղությամբ»:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը կարևորեց ծրագրի իրականացումը Հայաստանի համայնքների զարգացման համար. «Սա շատ կարևոր ծրագիր է՝ հատկապես հաշվի առնելով, որ այն նպաստում է Հայաստանի համայնքների զարգացմանը: Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը բավական շոշափելի է, և ուրախալի է, որ շուտով մեկնարկելու է Եվրապական միության կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագիր, որը նպաստելու է Հայաստանում օրգանական գյուղմթերքների արտադրությանը: Հայաստանն ունի եզակի մշակութային ժառանգություն, որին այս ծրագրի շնորհիվ կծանոթանա ողջ աշխարհը, և մենք հնարավորություն կունենանք ցուցադրելու մեր համայնքների ողջ ներուժը»:
«ՏԱՄ» փաթեթը մշակվել է «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից 473 000 եվրո գումարի չափով Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով: Այն իրականացնում է Հեյֆեր Հայաստանը՝ որպես առաջատար գործընկեր, Վրաստանի (Հեյֆեր Վրաստան), Թուրքիայի (Գյումուշանի ազգային կրթական վարչություն) և Բուլղարիայի (Վառնայի տնտեսական զարգացման գործակալություն) գործընկերների համագործակցությամբ:
Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին և կտևի 18 ամիս: Այն ուղղված է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ու սոցիալական զարգացման նպատակով սևծովյան ավազանի երկրների (Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի) միջև գործընկերության հաստատմանը: Այս ծրագրի շրջանակներում համատեղ ռեսուրսներով ստեղծվում են գյուղական զբոսաշրջության համակարգեր՝ միասնական, նորարարական և ավանդական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները խթանելու նպատակով: Ծրագրի արդյունքում կամրապնդվեն տարածաշրջանային համագործակցությունը և գործընկերական կապերը՝ ֆիզիկական և մարդկային ռեսուրսների ինտեգրացված օգտագործման և փորձի փոխանակման միջոցով, որի նպատակն է բարելավել զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունները: Այս ամենը կխթանի սևծովյան ավազանի երկրների սոցիալական և տնտեսական զարգացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել