
Գարնան 19-րդ ակնթարթը բանտում
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
2015-ի գարունը 19-րդն է, որ անցկացնում եմ բանտախցում: Հաճախ եմ մտածում չապրած, բայց նաև ապրելիք գարունների մասին: Հասկանում եմ, որ 19 տարին մի ամբողջ կյանք է, չէ՞ որ 19 տարի առաջ ծնվածներն արդեն չափահաս են դարձել: Բայց այստեղ միայն մարմինս է, էությունս, մտքերս, հոգիս Ողջերի աշխարհում են: Տեսնես ո՞րերորդ գարունը կդիմավորեմ ֆիզիկական ազատության մեջ:
Իմացա, որ մի խումբ հասարակական գործիչներ, նաև հոգևորականներ դիմել են Նախագահին, որ Սողոմոն Քոչարյանի ու իմ հանդեպ կիրառվի մասնակի ներում: Երախտապարտ ենք, որ հասարակությանը հայտնի քաղաքացիներ նման մարդասիրական խնդրանքով են դիմել` անձամբ չճանաչելով ո́չ Սողոմոն Քոչարյանին, ո́չ ինձ: Մենք ևս գրել ենք մասնակի ներման խնդրագրեր երկու փախուստների համար, ուղարկել հանրապետության նախագահին: Նշել ենք, որ փախուստները ուղղակի հուսահատ քայլեր են եղել, հետևանք` մեր նկատմամբ կայացված սխալ դատավճիռների: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կլսի մեր ձայնը:
Մտածում եմ 19-րդ գարնան մասին ու նայում ցմահների հարկաբաժնի քառաշերտ ճաղերից այն կողմ: Այստեղից երևում է աշխարհի մի կտոր, որն էլ բաժանված է մանր քառակուսիների` փոքր ճաղերի պատճառով: Արևի ճառագայթները գարնանը կարողանում են մտնել խուց, հասնել այն նառին, որտեղ քնում եմ: Այդ երանելի պահերին ձեռքերս, երեսս արևի տակ եմ պահում: Կար ժամանակ, որ արևի փոքր շողն էլ չէր թափանցում խուց, քանի որ ճաղերը փակված էին երկաթե շերտավարագույրով: Ժամանակի մասին իմանում էինք շերտավարագույրի փոքր ճեղքից` երկնքին նայելով: Գիշեր-ցերեկ միացված էր ցերեկային դեղին լույսը: Թռչունների ձայներից, անձրևի կաթոցից էինք հասկանում՝ գարուն է: Երազում մինչ օրս էլ երբեմն տեսնում եմ մահապատժի տարիների`1990-ականների խուցն ու վեր թռչում սարսափից:
Մի քանի օր առաջ առավոտյան, ինչպես միշտ, բարձրացա պատուհանագոգին, որ տեսնեմ սարի վրայի սպիտակ քարերից պատրաստած մեծ Սիրտը: Տեսա` ձյուն է եկել, շուրջբոլորը սպիտակ է: Հանկարծ հենց բանտի դիմաց, ճանապարհի կողքին, չգիտես՝ որտեղից միանգամից 5 ձի հայտնվեց՝ 4-ը` մեծ, մեկը` քուռակ: Այն աստիճան անսովոր ու զարմանալի տեսարան էր, որ աչքերս թարթեցի՝ մտածելով երազ է` 5 թռչող ձի սպիտակ ձյան վրա:
Գարնանը ավելի, քան երբևէ ինձ պատանդ եմ զգում այստեղ: Գիտեմ՝ ինչու է սիրտս արագ բաբախում: Ուզում եմ պոկել ճաղերը ու գոռալ: Հայտնվում եմ Մաուգլիի վիճակում, ուզում եմ վազել անտառով մեկ, բայց պատից պատ քայլելով` բարձրանում եմ պատուհանագոգին, տեսնում եմ հեռվում բողբոջող մի քանի ծառ: Կանաչող սարերի հետևում էլ գիտեմ` Երևանն է, որտեղ կանայք ու աղջիկները, գարնանային ծաղիկների պես բացված, քայլում են իրենց Մաուգլիների հետ:
Այստեղ բույսեր պահել չի թույլատրվում, բնության մասնիկ տեսնելն ու շոշափելը ֆանտաստիկայի ոլորտից է: Բանտի աշխատակիցները դա բացատրում են անվտանգության հարցերով: Այդպես էլ չեմ հասկանում պատճառը, թե ինչու մարդ չի կարող սենյակային բույսեր ու ձկներ պահել: Վերջերս գտել եմ հնարը. բամբակի վրա ցորենի հատիկներ եմ դնում, ջրում ամեն օր: Ցորենը ծիլեր է տալիս, ու այդպես խցում կարողանում եմ կանաչ բույս տեսնել:
Իմացա, որ քրեակատարողական համակարգում աշխատանքի բազմամյա փորձ ունեցող բանտապետերից մեկը` Արամ Սարգսյանն այլևս համակարգում չէ: Հիշում եմ նրա պաշտոնավարման տարիներն այստեղ` «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցում: 2005-06 թվականներն էին, երբ իրական բարեփոխումներ սկսվեցին. նա հեղափոխական փոփոխություններ արեց: Ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները հարազատների հետ թույլատրեց փոխարինել երկարատևով: Տարեկան 6 անգամ կարողանում էինք հանդիպել ընտանիքի անդամներին: Բացվեց սպորտդահլիճ, որտեղ շաբաթական 2 անգամ պարապում էինք: Անգլերենի դասընթացներ կազմակերպվեցին. ցմահ դատապարտյալներից Արսեն Արծրունին մոտ տասը բանտարկյալի անգլերենի դասեր էր տալիս: Երբ ասացին, որ խցում կարող ենք ձկներ պահել ու համակարգիչներ ունենալ, չէինք հավատում: Բայց այդ ամենը եղավ` շնորհիվ մեկ մարդու կամքի:
Այս բոլոր բարեփոխումները, դժբախտաբար, կարճ տևեցին. շուտով Արամ Սարգսյանին տեղափոխեցին: Նրա գնալուց հետո սպորտդահլիճն էլ փակվեց, անգլերենի դասերն էլ վերացան, համակարգիչները, ձկներն ու ամենակարևորը` թթվածնին փոխարինող տեսակցությունները հարազատների հետ` նույնպես: Այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ քրեակատարողական համակարգի համար առաջնային չէ բանտված մարդու վերականգնումը, այլապես նա կմնար ու կաշխատեր կլոր գերեզմանոցում, և միգուցե այն այլևս չլիներ կլոր գերեզմանոց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել