HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Խոջալու. ճշմարտության պահը (Մաս 2)

Սկիզբը

Խոջալուում եւ Աղդամի հատվածում սպանվածները

Ղարաբաղյան պատերազմի տարիների մարդկային ամենամեծ ողբերգությունը, անկասկած, Խոջալուն էր: Որեւէ այլ գործողության ընթացքում այնքան քաղաքացիական, խաղաղ բնակչություն չի տուժել, այդ թվում՝ երեխաներ ու կանայք, որքան Խոջալուում: Իրականում, թե որքան է եղել սպանվածների թիվը, մինչեւ այսօր էլ մնում է վիճարկելի, նշվում են տարբեր թվեր, իսկ պաշտոնական Բաքուն շարունակում է Խոջալուի ողբերգությունն օգտագործել քաղաքական նկատառումներով:

Որքա՞ն մարդ է սպանվել Խոջալուում: Տարբեր ժամանակներում ներկայացվել են տարբեր թվեր՝ սկսած 200-ից մինչեւ 600-ից ավելի: Թոմաս դե Վաալը իրականությանն ամենից մոտը համարում է այն թիվը, որը ներկայացնում է Ադրբեջանի խորհրդարանի կատարած հետաքննությունը՝ 485: Այս թվի մեջ մտնում են Խոջալուի գործողության ժամանակ բոլոր սպանվածները, այդ թվում եւ նրանք, ովքեր քաղաքից փախչելու ընթացքում մահացել են ցրտից:

Խորհրդարանական հետաքննություն իրականացնողներից Նամիկ Ալիեւը 1992թ. ապրիլին «Հելսինկի ուոչի» գործուղած թիմին ասել է, որ Աղդամում թաղվել է 213 խոջալուեցի: Մեկ այլ պաշտոնյա՝ Այդին Ռասուլովը, նույն թիմին վստահեցրել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում սպանվածների թիվն անցնում է 300-ից, չհաշված նրանց, ովքեր մահացել են ցրտից՝ Աղդամի ճանապարհին: Աղդամի մզկիթի իմամը 1992թ. փետրվարի 27-ին ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցին ցույց է տվել 477 մահացածների ցուցակը: Նույն թվականին ադրբեջանական «Օրդու» թերթը տպագրել է 636 մահացածների ցուցակը: [24]

Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդը մարտի 4-ին Խոջալուի դեպքերի առնչությամբ տարածում է հայտարարություն. « Ադրբեջանի սպառազեն կազմավորումների կրակակետերի ոչնչացումը եւ Խոջալու գյուղի մոտակա ԼՂՀ միակ օդակայանի ապաշրջափակումը ... լայն արձագանք են ստացել Ադրբեջանի եւ այլ երկրների ԶԼՄ-ներում: Խոջալուում տեղակայված Ադրբեջանի ազգային բանակի զորամասերը ամբողջությամբ շրջափակել էին ԼՂՀ Ասկերանի շրջանը հանրապետության մայրաքաղաքի հետ կապող ճանապարհները, ծանր հրետանուց պարբերաբար գնդակոծում էին Ստեփանակերտը եւ հայկական մյուս բնակավայրերը: Շրջափակման հետեւանքով ԼՂՀ-ում սկիզբ առած սովը կարելի է հաղթահարել միայն օդակայանի գործարկումով: Չնայած մարտական գործողությունների գոտուց Խոջալուի բնակիչների դուրս գալու համար ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից թողնված միջանցքին, գյուղի խաղաղ բնակչության մի հատվածը չի օգտվել այդ հնարավորությունից: Նրանք բոլորն էլ՝ շուրջ 200 մարդ, ըստ իրենց ցանկության, առանց որեւէ նախնական պայմանների, ուղեկցվել են սահմանից այն կողմ: ԼՂՀ ԳԽ նախագահությունը վերստին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ եղած բոլոր հիմնահարցերը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջը վճռելու իր պատրաստակամության մասին»: [25]

Չինգիզ Մուստաֆաեւի նկարահանումները

Ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւը Աղդամի մոտակայքում առաջին անգամ փետրվարի 29-ին, երկրորդ անգամ՝ մարտի 2-ին, կատարում է նկարահանումներ: Հենց այդ կադրերն էին ցուցադրում Ադրբեջանի խորհրդարանի արտակարգ նստաշրջանում: Այն տեղանքը, որտեղ Մուստաֆաեւը նկարահանել է դիակները, գտնվում էր ադրբեջանական, ավելի հստակ՝ Ժողճակատի զինված խմբավորումների վերահսկողության տակ, ինչը պարզ երեւում է հենց Մուստաֆաեւի նկարահանումներում: Փաստ է, որ դիակները պղծվել էին, երբ Մուստաֆաեւը մարտի 2-ին երկրորդ նկարահանումներ էր անում: Այդ մասին նա տեղեկացնում է Մութալիբովին: Ի դեպ, հենց Ադրբեջանի նախագահն էր նրան ուղարկել նկարահանումների: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մութալիբովը զգուշացնում է. «Չինգիզ, ոչ մեկին բառ անգամ չասես, որ ինչ-որ բան այն չէ, այլապես քեզ կսպանեն»: Տարածքը, որտեղ պղծվել էին դիակները, ընդամենը մի քանի հարյուր մետր էր հեռու ադրբեջանական Ժողճակատի դիրքերից եւ հեշտությամբ վերահսկվում էր նշանառուների կողմից: Մուստաֆաեւն ուղղակի չէր կարող նկարահանումներ կատարել այդ տարածքում, եթե դրանք լինեին ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ:

Մի քանի ամիս անց Մուստաֆաեւը սպանվեց հերթական նկարահանումները կատարելիս, մարտական գործողությունների այն հատվածում, որը գտնվում էր Ժողճակատի ռազմական խմբավորումների վերահսկողության տակ: Թե ինչու սպանվեց նա, մինչեւ այսօր էլ մնում է վիճարկելի: Ղարաբաղյան կողմը պնդում է, որ Մուստաֆաեւը դարձավ Խոջալուի զոհը: Եւ՛ Մութալիբովի, եւ՛ Մուստաֆաեւի մոտ եղել է այն համոզմունքը, որ Ժողճակատը, օգտագործելով Խոջալուի ողբերգությունը, փորձում էր գալ իշխանության: Դա իրականություն դարձավ Խոջալուից անմիջապես հետո, ընդ որում՝ Մութալիբովին մեղադրելու նպատակով ցուցադրվում էին հենց այն կադրերը, որոնք նկարահանել էր Մուստաֆաեւը:

Ադրբեջանի Գերագույն խորհրդի շենքի առաջ հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարները պահանջում են Այազ Մութալիբովի հրաժարականը: Մարտի 5-ին՝ Գերագույն խորհրդի արտակարգ նստաշրջանի առաջին օրը, Էլմիրա Կաֆարովան հրաժարական է տալիս, խորհրդարանի նախագահ է ընտրվում Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան Յաղուբ Մամեդովը: Ցուցարարները շարունակում են շրջափակած պահել եւ թույլ չեն տալիս պատգամավորներին դուրս գալ շենքից: Մութալիբովը տեղի ունեցող իրադարձությունները որակում է «պետական հեղաշրջում»: Մարտի 6-ին նա հրաժարական է տալիս, Մամեդովն ընտրվում է Գերագույն խորհրդի նախագահ եւ ստանձնում երկրի ժամանակավոր ղեկավարի պարտավորությունները՝ մինչեւ նախագահական ընտրությունների անցկացումը:

Մութալիբովն այսպես է մեկնաբանում. «Իմ հրաժարականը ստիպողական էր: Ես բոլորովին միտք չունեի հեռանալ, սակայն հասկանալով, որ ամեն ինչ մանրակրկիտ նախապատրաստված է, աջերը եւ ձախերը միավորվել են ընդդեմ նախագահի, որոշեցի չգնալ առճակատման»: Իշխանությունից հեռացված նախագահը կարծում էր, որ իր հրաժարականից հետո Ադրբեջանի ներքաղաքական պայքարում կշահարկվի ղարաբաղյան խնդիրը, եւ պատերազմի հետագա ծավալումը այլեւս կդառնա անշրջելի. «Ժողճակատը մեզ մեղադրում էր, որ չկարողացանք լուծել ղարաբաղյան հարցը: Այժմ նրանք պետք է ժողովրդին երաշխիքներ տան, որ իրենք կարող են դա անել: Գոյություն ունի երկու ուղի՝ կամ առավել վճռական գործողություններ, քանի որ ինձ մեղադրում էին անվճռականության մեջ, կամ էլ՝ փոխզիջում... Ենթադրենք, նրանց հաջողվի համախմբել մեր բոլոր ուժերը: Այդ դեպքում այս ամենը կարող է վերածվել մեծ պատերազմի, որը դեռ հայտնի չէ, թե ով կշահի, թեեւ Ադրբեջանում արդեն ոչ ոք չի ուզում կռվել»: [26]

Կրկին դիվանագիտություն

Խոջալուի ողբերգությունը համընկավ իրանական միջնորդական ջանքերին: Այն ժամանակ, երբ ղարաբաղյան ուժերը վերահսկողության տակ էին առել Խոջալուն, Բաքվում էր Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին: Նա Այազ Մութալիբովի հետ քննարկում էր միջնորդական առաքելության մանրամասները: Փետրվարի 27-28-ին Վելայաթին ժամանում է Երեւան, հանդիպում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Մարտի կեսերին Մ. նահանգների նախագահ Ջորջ Բուշը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում է դադարեցնել ռազմական գործողությունները, ղարաբաղյան խնդիրը կարգավորել խաղաղ միջոցներով:

Մարտի 4-ին հեռուստաելույթում արդեն Ղազախստանի նախագահը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ մի շարք առաջարկներ է ներկայացնում ԱՊՀ անդամ երկրներին: Պաշտպանելով ԵԱՀԽ խաղաղարար ջանքերը՝ Նուրսուլթան Նազարբաեւը «արյունահեղությունը դադարեցնելու եւ ղարաբաղյան հակամարտությունը տեղայնացնելու նպատակով» անհրաժեշտ էր համարում «ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում որոշում ընդունել անհապաղ դադարեցնել կրակը եւ վերացնել ճանապարհների ու հաղորդակցությունների շրջափակումը, ժամանակավորապես կանգնեցնել սեփական զինված ուժեր ստեղծելու գործընթացը ԱՊՀ բոլոր պետություններում»: Նազարբաեւը առաջարկում էր անհապաղ ձեռնամուխ լինել ԱՊՀ ճգնաժամային շրջաններում հատուկ խաղաղապահ ուժերի ստեղծմանը, որոնք կենթարկվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին: [27]

Սակայն խորհրդային նախկին հանրապետությունները ոչ միայն պատրաստ չէին դադարեցնել մարտական գործողությունները, այլեւ, ստանալով խորհրդային բանակի զենքի եւ զինտեխնիկայի իրենց մասնաբաժինները, պիտի դրանք օգտագործեին միմյանց ոչնչացնելու նպատակով: Մինչեւ մայիս ռազմական գործողություններն ընթանում էին գերազանցապես Լեռնային Ղարաբաղում եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման հատվածներում: Ադրբեջանական ուժերը, մինչեւ Շուշիի ազատագրումը, «Գրադով» եւ այլ զենքերով հրթիռահարում էին Ստեփանակերտը: 1992թ. առաջին մի քանի ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը, ըստ տարբեր հաշվումների, մինչեւ 80 տոկոսով ավերվեց, հարյուրավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին եւ վիրավորվեցին ռմբակոծությունների հետեւանքով:

Իրենց հերթին ղարաբաղյան ուժերը հրետակոծում էին Աղդամը եւ շրջակա ադրբեջանական բնակավայրերը: Հակառակորդը եւս տալիս էր տասնյակ զոհեր եւ վիրավորներ խաղաղ, քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ընթացքում հակամարտության գոտի այցելած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց զեկույցներում հստակ նշում են, որ եւ՛ ղարաբաղյան, եւ՛ ադրբեջանական կողմը գործել են դաժանություններ, խախտվել են ժնեւյան կոնվենցիայի դրույթները, պատանդներն ու գերիները ենթարկվել են կտտանքների:

Այս կամ այն կերպ ղարաբաղյան միջնորդական առաքելության մեջ ներգրավված երկրներն ու կազմակերպությունները շարունակում էին կրակի դադարեցմանն ուղղված իրենց առաջարկությունները հակամարտության կողմերին: Մարտի 14-ին Հելսինկիում ԵԱՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստում ընդունվում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 10 կետից բաղկացած որոշում, մասնավորապես զինադադարը վերահսկելու նպատակով հակամարտության գոտում դիտորդներ տեղակայելու մասին: Որոշվում է Լեռնային Ղարաբաղի հարցով Հելսինկիում հրավիրել ԵԱՀԿ խորհրդի արտակարգ նիստ:

Մարտի 16-ին Թեհրանում Իրանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են հուշագիր ղարաբաղյան հակամարտության գոտում մեկ շաբաթով կրակը դադարեցնելու մասին: Մարտի 20-ին Աղդամով Ստեփանակերտ է ժամանում Իրանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Վայեզին, ղարաբաղյան իշխանություններին ներկայացնում մեկշաբաթյա զինադադարի պայմանները: Նույն օրը կեսօրին զինադադարը մտնում է ուժի մեջ: Սա այն եզակի դեպքերից էր, երբ, իրոք, կրակն ավելի քան մեկ շաբաթով դադարեցվեց: Պետք է նկատել, որ կողմերը այս ընթացքում խուսափեցին հրթիռակոծություններից եւ տեղական մարտերից, քանի որ մարտի 17-21-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց, Մ. նահանգների նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը փաստահավաք առաքելությամբ ժամանել էր տարածաշրջան: Հետագայում Վենսն իր պատրաստած զեկույցում նշում էր, որ հակամարտության գոտի ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չկա:

Մարտի 19-ին Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիին հղած նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին աջակցություն է հայտնում ղարաբաղյան կարգավորման հարցում իսլամական հանրապետության միջնորդությանը: Հաջորդ օրը ղարաբաղյան խնդիրը քննարկվում է Կիեւում՝ ԱՊՀ ղեկավարների հանդիպման ժամանակ: Նախագահները պատրաստակամություն են հայտնում կրակի եւ այլ թշնամական գործողությունների դադարեցումից հետո հակամարտության գոտի ուղարկել խաղաղության պահպանման հավաքական ուժեր եւ դիտորդների խումբ:

Մարտի 21-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հեռախոսազրույցներ են ունենում իրենց ամերիկացի պաշտոնակիցներ Ջորջ Բուշի եւ Ջեյմս Բեյքըրի հետ: Իշխող ՀՀՇ կուսակցության չորրորդ համագումարի իր ելույթում Հայաստանի նախագահն ասում է. «Զրույցների բովանդակությունն այն էր, որ Մ. նահանգները, նախօրոք խորհրդակցելով Թուրքիայի հետ, հանգել է այն եզրակացության, որ Արցախի հարցի շուրջ ԵԱՀԽ շրջանակներում պետք է սկսվեն եռակողմ բանակցություններ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Դա հաստատեց նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը նույն օրն իմ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ»: [28]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter