«Այսօր իմ ծնունդն է, ազատ արձակեք ամուսնուս և նվեր արեք ինձ»,-ասում է շուրջ 1 տոննա թմրանյութի գործով դատապարտված վարորդի կինը
«Այսօր իմ ծնունդն է, ազատ արձակեք ամուսնուս և նվեր արեք ինձ»: Դատական նիստի ավարտին հայտարարեց գործով 17 տարի դատապարտված վրացի վարորդի կինը՝ Լեյլա Մարտիաշվիլին:
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվեց շուրջ 1 տոննա թմրամիջոցի գործով քննությունը, որին մասնակցելու համար Թբիլիսիից ժամանել էին նաև վարորդի կինը և հարազատները:
Դատական ողջ գործընթացի ժամանակ վարորդի պաշտպանները փորձում էին հիմնավորել, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին չի իմացել ո́չ թաքստոցի, ո́չ էլ` տեղափոխվող թմրանյութի մասին: Փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն նշեց, որ առաջին ատյանի դատարանը իրավական գնահատական տալիս շրջանցել է այն փաստը, որ եթե Մարտիաշվիլին կապված լիներ և մասնակից լիներ այս ամենին, նրանից չէին թաքցնի մեքենայի երկրորդ բանալու առկայության, թաքստոցում ավազ տեղափոխելու փաստերը:
«63-ամյա Մարտիաշվիլին հնարավորություն չուներ գնել և վաճառել այդ չափի թմրամիջոց, այն արժե 1 մլրդ դոլար,-նշեց փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն,- ձեր առջև կանգնած է անմեղ մարդ»: Օսման Ուղուրլուի մեղքը, փաստաբանի խոսքով, վերագրվում է վարորդ Մարտիաշվիլուն: Կարծես թե նրանք միասին են գործել, ինչն աբսուրդ է, քանի որ Մարտիաշվիլին եղել է միայն վարորդ, հանցագործության նախապատրաստման, պատրաստման գործում որևէ առնչություն չի ունեցել, հանցակազմին մասնակից ոչ մի անդամի հետ երբևէ շփում կամ որևէ կապ չի ունեցել: Փաստաբանը խնդրեց արդարացենլ վարորդ Մարտիաշվիլուն և դատարանի դահլիճից ազատ արձակել:
Աֆթանդիլ Մարտիաշվիլին միջնորդեց դատարան հրավիրել քննիչ Արմեն Թևանյանին և հանրային պաշտպան Գուրգեն Մադոյանին. «Քննիչն ինձ բառացի ասաց. «Մեր անվտանգության կողմից ձեռք բերված տեղեկություններով՝ դու ոչ մի բանում մեղավոր չես, քեզ օգտագործել են որպես վարորդ, դու անմեղ ես»»: Դատարանը, սակայն, մերժեց նրա միջնորդությունը:
«Ես ուզում եմ դիմել ձեզ և ասել, որ ես անմեղ եմ: Կան շատ ապացույցներ, որ ես անմեղ եմ, կան փաստեր, փաստաթղթեր: Ամեն ինչում ինքն է մեղավոր,-ցույց տալով Օսման Ուղուրլուին՝ դատարանին իր վերջին խոսքով դիմեց Մարտիաշվիլին,- ես իր մոտ աշխատել եմ 1.5-2 ամիս, և երկու ամիսը ժամանակ չէ, որ ես հնարավորություն ունենայի կապ ունենալ նրանց խմբավորման հետ, թմրանյութ բերեի: Եվ մինչև հիմա ես զարմացած եմ. այսպես նույնիսկ դերասանը չի կարող լավ կատարել իր դերը՝ ստել և խաբել, ինչպես ինքն է ինձ խաբել: Եվ նրա սուտը իմ ընտանիքի վրա է ազդել: Դատախազի մեղադրանքով ինձ դատապարտեցին մինչև իմ կյանքի վերջ: Ես հույս ունեմ, որ դուք ճիշտ որոշում կընդունեք: Ես ասում եմ՝ մինչև կյանքի վերջ, որովհետև ես 63 տարեկան եմ, և 17 տարի դատապարտելը նշանակում է մինչև կյանքի վերջ»:
Դատախազ Փանոսյանն, այնուամենայնիվ, հիմնավոր համարեց մեղադրանքը և դատարանին խնդրեց մերժել վերաքննիչ բողոքները:
Դատարանը երկու ժամ ընդմիջումից հետո մերժեց ամբաստանյալների բողոքը` անփոփոխ թողեց Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը` Գորիս) դատավճիռը:
Մեկնաբանել