Նանսենին նվիրված միջոցառմանը ելույթ է ունեցել Նանսենի անձնագրով Արգենտինա մուտք գործած հայ կինը
Հոկտեմբերի 28-ին Բուենոս Այրեսի «Սիրանուշ» հանդիսությունների սրահում տեղի ունեցավ նորվեգացի ականավոր բևեռախույզ, գիտնական, հումանիստ, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության ու Նորվեգիայի Թագավորության դեսպանությունները և Լատինական Ամերիկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Երեկոյին ներկա էին արգենտինական իշխանությունների ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Արգենտինայի հայկական ու նորվեգական համայնքների անդամներ, մտավորականներ, լրագրողներ:
Ելույթ ունեցան Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Նորվեգիայի դեսպան Նիլս Հաուգստվեյտը, Լատինական Ամերիկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Էվա Դեմանտը: Առանձնապես հուզիչ էին Նանսենի անձնագրով 1923 թ.-ին Արգենտինա մուտք գործած Մարի Կարսակլյանի խոսքերը:
Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի մարդկային բարձր հատկանիշները, նրա անմնացորդ նվիրումը ինչպես Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների իրավունքների պաշտպանության, նրանց նանսենյան անձնագրեր տրամադրելու, միջազգային ատյանների ուշադրությունը հայ ժողովրդի հոգսերի վրա հրավիրելու, այնպես էլ հույն, ռուս, ուկրաինացի ժողովուրդներին մարդասիրական օգնությամբ ապահովելու գործում:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ միջոցառման սկզբին ցուցադրվել են հատվածներ «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» վավերագրական կինոնկարից, ինչպես նաև կայացել է համերգ՝ նորվեգացի և հայ երաժիշտների կատարմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել