
Գարնան 20 ակնթարթները՝ անձեռոցիկե «կտավների» վրա
Դեմքի վրա լայն ու ջերմ ժպիտ է գծագրվում, իսկ արտահայտիչ աչքերն ավելի են կլորանում շփոթությունից, երբ «Gallery-25»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը ներկայացնում է «Գարնան 20 ակնթարթ» նախագծի հեղինակին՝ շեշտելով, որ անձեռոցիկներից կազմված գործերը «ծնվել» են մանկական սրճարանի տարածքում, որտեղ աշխատում է Նուշ Պետրոսյանը:
Փոքրամարմին նկարչուհին սկզբում փորձում է խույս տալ հարցազրույցից՝ ասելով, թե շատ բան չկա պատմելու, հետո համաձայնում՝ լսելով իմ «պարզապես զրուցելու ենք» արտահայտությունը:
Նուշը 19 տարեկան է, սովորում է Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնի երկրորդ կուրսում: Ուսման վարձը հոգալու նպատակով շուրջ 4 ամիս է աշխատում է Անի թաղամասում գործող մանկական սրճարանում: «Մանուկների համար հատկացված սրահում եմ աշխատում, նրանց զբաղեցնում եմ ավազային նկարչությամբ, վիտրաժային: Դաս, հետո աշխատանք եւ շատ քիչ ժամանակ է մնում նկարելու համար: Դրա համար էլ հենց ազատ պահ եմ ունենում սկսում եմ ձեռքիս տակ եղած անձեռոցիկների վրա նկարել»,- Նուշը ծիծաղում է ու ձիթապտղի հատիկ հիշեցնող աչքերը նեղանում են:
Բնորդները սրճարանի այցելուներն են: Մարդիկ գալիս են մի բաժակ սուրճ վայելելու: Նստում են, զրուցում ու դա անում շատ անկաշկանդ, որ նկարչուհուն ավելի է գրավում, քան բնորդներին պարտադրված կեցվածքը: «Մի օր մի պապիկ եկավ, պատվիրեց պոնչիկ ու նստեց անշարժ ամբողջ 20 րոպե: Ես արդեն անհանգստացել էի, չեմ սիրում, երբ մարդիկ անշարժ նստում են, սիրում եմ, երբ շարժման մեջ են»,- ասում է սկսնակ գրաֆիստը:
Նյութը, որի վրա տուշի կամ գրիչի օգնությամբ հայտնվում են մարդկային զանազան պատկերները, շատ փափուկ է, նուրբ եւ աշխատելու համար ոչ պիտանի: «Դու ոչ կարող ես սխալ գիծը ջնջել, ոչ կտրուկ շարժում անել՝ մեկ էլ տեսար պատռվեց»,- նկատում է զրուցակիցս: Ձգտում է արագ աշխատել: Մարդիկ սովորաբար անհանգստանում են, երբ հայտնաբերում են, որ իրենց նկարում են:
Երբեմն անձեռոցիկե ստեղծագործությունները հայտնվում են սրճարանի աղբամանում՝ իհարկե ոչ դիտավորյալ: «Մեկ էլ տեսնում եմ, որ աղջիկներից մեկն ու մեկը դրանցով սեղանն է սրբում, կամ իրենց թվում է, թե խզբզանք է ու ճմրթելով նետում են աղբամանը»,- Նուշի դեմքին ներողամիտ ժպիտ է հայտնվում:
«Ես այս ընթացքում հայտանաբերեցի, որ հայ կանանց ամենասիրած դիրքը նստելիս պիկասոյականն է,-զրույցը շարունակում է նկարչուհին,- դիմացինին լսելիս կամ զրուցելիս անպայման կզակը հենում են ձեռքին: Նմանեցնում եմ Պիկասոյի «Աբսենթ» կտավին: Ես իմ նմանատիպ աշխատանքները անվանում եմ «Պիկասոյի դիրք»»:
Սրճարանի տնօրինությունն առայժմ չի դժգոհում անձեռոցիկների «անհետացումից»: Նուշն ասում է տեղյակ չեն, որ ինքը դրանց վրա ստեղծագործում է: Տնօրինությանը հրավիրել է ցուցահանդեսին, երբ գան, այն ժամանակ էլ հավանաբար կլինի համապատասխան արձագանք: Դեռ երկու շաբաթ Նուշի «կտավները» կմնան «Gallery-25»-ում: Գուցե այցելուների մեջ լինեն մարդիկ, ովքեր կճանաչեն իրենց այդ գործերում: «Գուցե եւ գնեն,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը,- ի վերջո հաճելի անակնկալ է, դա նման է այն լուսանկարներին, որոնք արել են առանց քո իմացության եւ դու պատահաբար հայտնաբերում ես դրանք»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել