HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. մոր նվերը` Մեծարենցին

Աննա Բաբաջանյան

Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՜…
հոգիս թռչնիկ մըն է,
օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,
բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,
անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
կ´իյնա շնչահեղձ:

Թեև բարի արևին դիմող Մեծարենցն օր-օրի սպառվում էր, սակայն նա չէր կորցնում ապաքինվելու հույսը: Մտածումի պահերին բանաստեղծին օգնության էին գալիս հայերեն ու անգլերեն, թուրքերեն և պարսկերեն գրքերը, որոնք խրձով տեղ էին գտել նրա մահճակալի մոտ: Այդ գրքերի մեջ Աստվածաշնչի կողքին Միսաք Մեծարենցի համար առանձնակի նշանակալից էր «Նարեկը»: Անելանելության մահճում բանաստեղծը հաճախ թերթում էր նաև իր առաջնեկ գիրքը` «Ծիածանը»: Սակայն Մեծարենցին ոչինչ այլևս չէր փրկում. անգամ սիրելի մոր գոտեպնդումներն ապարդյուն էին: Իսկ Տիկին Իսկուհին երբեք չէր կորցնում վերջին հույսը և որդուն ապաքինելու համար  գործի էր դնում ամեն հնարավոր և անհնարին միջոց:

Մի երեկո, երբ մայրը ափը սեղմած, սրտի թրթիռով մոտեցավ որդու սնարին, փաղաքշելով շոյեց մատները, նայեց նրա դալուկ դեմքին, ապա թախանձագին աղոթք ասաց և որդու մատին անցկացրեց մի ոսկյա մատանի: Շքեղությամբ աչքի չընկնող, վարդագույն հարթ քարով մատանին առանձնահատուկ էր իր փորագրությամբ. «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ»: Սրանք աստվածաշնչյան խոսքեր են` վերցված Երգ երգոցից: Արևելահայերենով այս բառերն  ամբողջության մեջ հնչում են հետևյալ կերպ.

Առ, դրոշմիր սրտիդ դու ինձ որպես կնիք,
Ինձ խարանիր բազկիդ որպես խարան,
Քանզի զորավոր է սերն իբրեւ մահ:

Իսկուհի Մեծատուրյանի` որդուն նվիրած մատանին պահվում է Երեւանի գրականության և արվեստի թանգարանում:

Տեղեկությունները` Երեւանի գրականության և արվեստի թանգարանի աշխատակցուհի Մելանյա Եղիազարյանի

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ Ղազարյան
Եվ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ»
Գրիգոր Աւագ Քահանայ Տամատեան
Շքեղությամբ աչքի չընկնող, վարդագույն հարթ քարով մատանին առանձնահատուկ էր իր փորագրությամբ. «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ»: Սրանք աստվածաշնչյան խոսքեր են` վերցված Երգ երգոցից: Այս պարբերութիւնը Սուրբ Գրքի Նոր Կտակարանի բաժնին մէջ կը գտնուի Յովհաննէս Առաքեալի Առամջին Ընդհանրական նամակի Դ (4) գլխու 18րդ համարին մէջ։ Այս գլուխէն է որ կը կարդանք Ոտլուայի արարողութեան ընթացքին։ Սիրոմվ եւ աղօթքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter