Այդոս Սարիմ. «Հայերը եղբայրներ չունեն»
Երեկ՝ մարտի 20-ին, հայաստանյան մեդիայի համար կազմակերպված օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ այսպես հայտարարեց ղազախստանյան քաղաքագետ Այդոս Սարիմը:
Հարցերը վերաբերում էին ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հեռանկարային զարգացումներին (կազմակերպություններ, որի անդամներն են եւ Ղազախստանը, եւ Հայաստանը), Հայաստանի՝ այդ կազմակերպությւոնների հետ ունեցած սպասելիքների, Ղազախստանում մոտ ժամանակներս անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններին եւ այլ խնդիրներին:
ԵԱՏՄ-ի մասին
Հայաստանի ԵԱՏՄ անդամությանը վերաբերմունք. «Մի նեղացեք, բայց ղազախների ինչի՞ն է պետք Հայաստանը: Ապրանքաշրջանառությունը համարյա վիճակագրական սխալանքի մակարդակի է: Որքան ներդրում ունենք Հայաստանո՞ւմ: Գրեթե զրո ներդրում: Ուրեմն ի՞նչ ուրախանալու բան կա (Հայաստանի անդամագրումից – խմբ.): Բացի այդ մենք ունենք բարոյական, մարդկային, քաղաքական պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ: Ձեր առջեւ դեռ Ղարաբաղի համար մեծ պատերազմը կա, որը այսպես թե այնպես պետք է վերադարձնել: Ես հասկանում եմ Հայաստանին, որը բավական դժվար իրավիճակում է, ոչ բարեկամ երկրների շրջակայքում: Հավանաբար Ռուսաստանը ձեր ղեկավարության պատկերացմամբ Հայաստանի գոյատեւման միակ միջոցն է: Հայաստանը փաստորեն բռնվում է ռուսաստանյան սվիններից»:
«Հետքի» հարցին, թե ինչ նկատի ունի քաղաքագետը, Ադրբեջանի նկատմամբ Ղազախստանի «մարդկային, բարոյական ու այլ պարտավորւթյուններ» ասելով, նա պատասխանեց. «Տարօրինակ հարց է: Մենք Ադրբեջանի հետ եղբայրական, թուրքական ժողովուրդներ ենք: Կասպյան հարեւաններ: Ունենք էներգետիկ ծրագրեր եւ այլն: Սրանք մի՞ թե պարտավորություններ չեն: Կարծում եմ, որ հեռավոր ապագայում թուրքական պետություները կստեղծեն սեփական ինտեգրացիոն ծրագրեր: Լավագույն տարբերակը կոնֆեդերացիան է: Կոնֆեդերացիան չի՞ կարող ունենալ իր սեփական բանակն ու նավատորմը: Կարող եք ինձ իդեալիստ կամ ուտոպիստ համարեք, բայց այդպես կլինի: Ուղղակի դրա համար պետք է շատ աշխատել»:
«Հետքի» մյուս հարցով ավելի պարզ դարձավ, թե ինչ նկատի ունի քաղաքագետն, ասելով, որ ՄՄ-ն, ԵԱՏՄ-ն մեռելածին ծրագրեր են, որ դրանք ուղղված են ռուսաստանյան կայսրությունից խաղաղ բաժանման գործընթացն ապահովելուն: Չէ՞ որ Եվրասիական կազմակերպության ձեւավորումը Ն. Նազարբաեւի գաղափարն է:
Ա. Սարիմ. «Նուրսուլթան Նազարբաեւը մեր նախագահն է: Նա հուսով եմ, ակտիվ, մտածող մարդ է: Եթե կարդաք նրա բոլոր աշխատանքները, ապա ոչ միայն այդ գաղափարը կգտնեք... Ինչ վերաբերում է գաղափարի տարածվածությանն, ապա այս տարի ՄՄ-ին ու ԵԱՏՄ-ին հավատացող մարդկանց քանակը կրճատվել է: Մյուս տարի էլ ավելի քիչ կլինի: Եվ սա ես չեմ հնարում: Այսպիսին է ուտոպիստական բռնապետական ծրագրերի դիալեկտիկան, որոնք կառուցվում են առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու»:
ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության համակարգի մասին
Պատասխանելով Arminfo.am-ի այն հարցին, թե Ղազախստանի ազգային անվտանգության ինչ խնդիրներ է ներկայումս լուծում ՀԱՊԿ-ում նրա անդամությունը, քաղաքագետն ասաց. «...Դե, գուցե զինվորներն ու սպաները վարժվում են, բարձրացնում իրենց որակավորումը: Ռուսաստանի հետ մենք ունենք ՀՕՊ եւ ռազմատեխնիկայի ոլորտների երկկողմանի ծրագրեր: Բայց դա որոշակիորեն այլ բան է: ՀԱՊԿ-ն, իմ կարծիքով, սեփական ՆԱՏՕ ստեղծելու Ռուսաստանի կողմից ձեռնարկվող փորձ է: Ոչ ավելին, ոչ պակաս: ՀԱՊԿ-ին սպասում է այն նույն հեռանկարը, ինչ ոչ ԵԱՏՄ-ին: Հիշենք թեկուզ, որ այն ոչինչ չկարողացավ անել նույնիսկ Ղրղզստանում: Իսկ ձեր գործընկերներից շատերը միամտորեն կարծում են, թե ՀԱՊԿ-ն պաշտպանելու է Հայաստանն Ադրբեջանից: Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն՝ այո, բայց ՀԱՊԿ-ն ֆիկցիա է»:
«168 ժամ»-ի հարցին, թե արդյոք Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, կարող է ակնկալել ՀԱՊԿ անդամ Ղազախստանի օգնությանը Ղարաբաղյան կարգավորման հարցում, քաղաքագետը պատասխանեց. «Մեծ կասկածներ ունեմ: Եթե Աստված մի արասցե լինի պատերազմ Ղարաբաղի համար, ապա նույնիսկ ՀԱՊԿ շրջանակներում մեր բանակը չի օգնելու ձեր բանակին: Շարքային ղազախներն ավելի շուտ որպես կամավորներ կգնան Ադրբեջան»:
Այդոս Սարիմի պատասխանը Հայաստանի հանրային ռադիոյի հարցին, թե որքան տարածված է ղազախստանյան քաղաքական վերնախավում պանթյուրքական մտածելակերպը, հետեւյալն էր. «Ես հասկանում եմ, որ ձեր գործընկերներից շատերի համար պանթյուրքիզմն ահավոր բառ է: Իրականում յուրաքանչյուր նորմալ, առողջ, իր պատմության ու մշակույթի, հիշողության ու սրտի հետ հաշտ ղազախը պանթյուրքիստ է: Դուք մեզ դժվար հասկանաք: Որովհետեւ հայերը եղբայրներ չունեն: Իսկ մենք նույն ընտանիքին պատկանող ժողովուրդներ ենք: Մենք շատ ենք, ունենք տարբեր ճակատագրեր: Երբեմն՝ ծանր ճակատագրեր: Եվ նորմալ մարդը պետք է մտածի իր եղբայրների մասին, մտածի, թե ոնց են նրանք ապրում, ոնց կարելի է նրանց օգնել: Յուրաքանչյուր ղազախ թուրք է եւ մուսուլման: Սա մեր ամբիվալենտ հոգու մի մասն է»:
Իսլամական պետության մասին էր «Հետքի» մյուս հարցը. «Անկասկած որպես ձեւավորում ԻՊ-ն սպառնալիք է ողջ աշխարհի համար: Եվ այն, որ նույնիսկ Սիրիայում այսօր կռվում են երկրի 300-ից ավելի քաղաքացիներ, հսկա խնդիր է: Օրինակ, այսօր (մարտի 20– խմբ.) ձերբակալվել են գրոհայիններ այնտեղից, որոնք ուզում էին ահաբեկչական գործողություններ կատարել մեզ մոտ: Ավելի կարեւոր խնդիր է այն, որ երկրում կան ռադիկալ կրոնական հայացքներով մարդիկ, իրենց ներքին ցանցով, գաղափարախոսւթյամբ: Նրանք հավաքագրում են նոր կողմնակիցների: Ապագայում, հնարավոր է նրանք կուզենան դուրս գալ նաեւ քաղաքական հարթություն: Ցավով պետք է նշեմ, որ մեր ղեկավարությունն ու ուժայինները դեռեւս չեն հասկանում խնդրի ողջ լրջությունն ու դրա խորությունը»:
«Հետքի»՝ «ինչո՞ւ են Ղազախստանում նշանակվել արտահերթ ընտրություններ, կունենա՞ն այդ ընտրությունները ազդեցություն Ղազախստանի ԵԱՏՄ անդամության վրա» հարցն ունեցավ հետեւյալ պատասխանը. «Սա նորմալ, թեկուզեւ ցինիկ քաղաքական հաշվարկ է: Իշխանություններն ուզում են անցկացնել ընտրությունները բարենպաստ, կանխատեսելի պայմաններում: Թե ինչ կլինի հաջորդ տարի նավթի հետ, ոչ ոք չի կարող ասել: Բացի այդ ապագայում մեզ սպասում է տենգեի եւս մեկ դեվալվացիա: 1998-1999 թթ. մենք ունեցանք երկու ընտրական գործընթացներ ճիշտ այսպիսի սցենարներով:
Այս ընտրություններում կհաղթի Ն. Նազարբաեւը: Ոչ մի կասկած այստեղ լինել չի կարող: Իր իշխանւթյունը նա ոչ մեկին չի փոխանցի: Համենայնդեպս, առաջիկա 5 տարիների ընթացքում: Հետո ցույց կտա ծրագրերի պատերազմը: Ընտրություններն անհրաժեշտն են անորոշությունը երկարաձգելու համար: Նազարբաեւն ուզում է լուծել տակտիկական հարցեր, այդ թվում նաեւ՝ ապագա հետնորդի հետ կապված: Եվ, ինչպես արդեն ասացի, ընտրություններից հետո պետք է ընդունվեն ոչ պոպուլյար որոշումներ, որոնց համար կա վստահության նոր քվեի անհրաժեշտություն»:
Մամուլի ասուլիսի նյութն ամբողջությամբ՝ այստեղ:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել