Աշխարհի 250 հայ սրտաբան մասնակցում է Սրտաբանության եվրակովկասյան համաժողովին
Հոկտեմբերի 29-ից 30-ը Հայաստանում անցկացվում է Սրտաբանության եվրակովկասյան 3-րդ համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ առողջապահության և սփյուռքի նախարարությունները, «Ակցիա առողջություն-Ֆրանսիա» կազմակերպությունը։
Համաժողովին մասնակցում է մոտ 250 հայ սրտաբան Հայաստանից, այդ թվում նաև Արցախից, ինչպես նաև Ֆրանսիայից, Սիրիայից, Իրանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և մի շարք այլ պետություններից։
ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը նշել է, որ սրտանոթային հիվանդություններից մահացությունն աշխարհում առաջին տեղում է, իսկ ամենավտանգավորն այն է, որ այդ հիվանդությունները երիտասարդանում են։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ առողջապահության ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ուղղություններից մեկն է։
«Պետբյուջեի միջոցներով այսօր վերանորգվում են Հայաստանի բուժհաստատությունները, դրանք արդիկանացվում են ու նորացվում, քանի որ հայ մարդու առողջության պահպանումը մեր կարևորագույն խնդիրն է»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։
ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտը զարգացնելու համար, նպաստել ՀՀ-ի, Արցախի և սփյուռքի սրտաբանների մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել