Հացավանում սպասում են ընտրություններին, որ համայնքի խնդիրներից որեւէ մեկը լուծվի
Հացահատիկով եւ մրգերի առատ այգիներով երբեմնի Հացավանի մասին մեծահասակներն այժմ միայն թախծոտ ժպիտով են հիշում: «Առաջ ամեն ինչ կար համայնքում, հիմա վերացել է: Հաց էինք ցանում, հացահատիկ կար»,- պատմում է հացավանցի Հովիկ Ավետիսյանը:
Մյասնիկ Մանուկյանը շարունակում է համագյուղացու միտքը` ժողովուրդն աշխատատեղ չունի, երիտասարդները պարապ են, ոռոգման ջուր չունեն, որ այգիներն ու տնամերձ հողամասերը մշակեն, էլ ինչպե՞ս ապրեն:
Հացավանցիներն իրար հերթ չտալով` մյուս խնդիրներն են թվարկում. նախկինում համայնքում գոնե մշակույթի տուն կար, ցրտերին այնտեղ էին ապաստանում, նարդի էին խաղում, հիմա մշակույթի տունը զուգարան է դարձել: «Սահմանամերձ համայնքներում լավ են անում, որ անում են, ստեղ քթին կպած է Երեւանը, ոչ մի բան չեն անում: Անտերություն է»,- հուսահատված ավելացնում է Մ. Մանուկյանը:
Կոտայքի մարզի Հացավան համայնքի վիճակն այնքան վատ է եղել, որ 2000 թ. գործող համայնքապետը հրաժարվել է իր պաշտոնից: Արդեն 9 տարի համայնքը ղեկավարող Շավարշ Սարգսյանն ասում է, որ գյուղում դրական շարժ չկա. «Շատ վատ վիճակում է մեր համայնքը, շատ: Երեւի մեր հանրապետության մարզերում սենց վատ վիճակի գյուղ չկա: Եթե համայնքապետարանն այսօր չի կարողանում հավաքարար պահել, պահակ պահել, ընդամենը անհրաժեշտ աշխատողներն են մեր մոտ` քարտուղար, հաշվապահ, համակարգչային մասնագետ, ես ու ակումբի` գրադարանի աշխատողը, էլ ինչի՞ մասին է խոսքը»:
«Ինչո՞ւ է համայնքն աչքաթող արվել, եթե նախկինում եղել է լավագույնների շարքում» հարցին համայնքի ղեկավարը պատասխանում է, որ ամբողջ խնդիրը ոռոգման ջուրն է: Նախկինում համայնքում երեք պոմպ է աշխատել, մարդիկ հողերը մշակել են: 150 հա այգի են ունեցել, հետո հոսանքի ու ջրի պատճառով այդ այգիները չորացել են:
Հացավան համայնքի ղեկավար Շավարշ Սարգսյանը ընտրական տարվան է սպասում, որ իրականացնեն համայնքի զարգացման քառամյա ծրագրում ընդգրկված խնդիրներից որեւէ մեկը: Զարգացման ծրագրի ժամկետն ավարտվել է, սակայն որեւէ ծրագիր չի իրականացվել:
Նույն խնդիրներն ու ծրագրերը փոխանցվել են վերջերս հաստատված` 2011-2015 թթ. Զարգացման ծրագիր: Համայնքապետն ասում է, որ համայնքի բյուջեն շատ սուղ է` տարեկան շուրջ 10 մլն դրամ, իսկ դոտացիան 7 մլն-ից նվազել է 5,8 մլն դրամի: Բյուջեն բավականացնում է 5 աշխատակիցների աշխատավարձերի եւ այլ վճարումների համար:
Քառամյա ծրագրում ընդգրկված էր մշակույթի տան վերանորոգումը, դպրոցի ցանկապատումը, խմելու ջրագծերի նորոգումն ու կոյուղու հարցը: «Դպրոցը ցանկապատ չունի, շրջակայքում ծառեր էլ չկան, առավոտյան անասունները որ դուրս են գալիս, կեղտոտում են ամբողջ տարածքը»,- բացատրում է համայնքապետը:
Վերջինս «թեթեւ հարցեր» է համարում համայնքամիջյան ճանապարհների վերանորոգումը, համայնքում լուսավորության անցկացումը եւ այլ խնդիրներ: Համայնքի 40%-ը խմելաջուր չունի, ջրագծի խողովակները հին են, քայքայված, 1996 թ. 1 կմ-ի չափով ջրագիծը վերանորոգվել է, 2007 թ. ընտրությունների ժամանակաշրջանում պետական ֆինանսավորմամբ շարունակել են խմելու ջրագծի նորոգումը, վերանորոգել են նաեւ մեկ հուշարձան եւ համայնքամիջյան ճանապարհները:
«Սպասում ենք, էս ընտրությունների դիմաց միշտ ինչ-որ պետական ծրագիր ստացվում է մեր մոտ»,- ասում է նա: Սպասում են, որ առաջիկա ընտրությունների առիթով գոնե դպրոցը կցանկապատեն կամ կշարունակեն ջրագծի նորոգումը, ինչու չէ` նաեւ կվերանորոգեն 1992 թ.-ից չգործող մշակույթի տունը:
1983 թ.-ից չի գործում նաեւ համայնքի մանկապարտեզը, սակայն համայնքապետն ասում է, որ առաջնայինը մշակույթի տունն է, մանկապարտեզի կարիք այլեւս չունեն, քանի որ համայնքում քիչ երեխաներ են ծնվում: 2005 թ. նորակառույց դպրոցում սովորել է 150 աշակերտ, այս տարի` 56 աշակերտ:
«Երիտասարդություն չկա, ով ամուսնանում` դուրս է գալիս, ով գնացել է, հետ չի գալիս, համայնքում ընդհանրապես աշխատանք չկա, որ կարողանան ընտանիք պահել»,- ասում է համայնքապետը:
603 բնակիչ ունեցող Հացավանում արտագաղթը ներկա դրությամբ 30% է կազմում: Համայնքը 1800 հա պահուստային հողատարածք ունի, բայց ոչ ոք չի գնում: Իսկ սեփականաշնորհված 344 հա հողից այսօր մշակվում է ընդամենը 25-30-ը:
Չնայած գյուղը Երեւանին շատ մոտ է` Գառնի տանող ճանապարհին, բայց համայնքապետն ասում է, որ իրենց գյուղում նույնիսկ ամառանոցների համար տուն չեն գնում. հարեւան Ողջաբերդը սողանքային է, վախենում են: 90-ականներին դրական շարժ է նկատվել, ամառանոցների համար հողեր ու տներ են գնել, բայց այժմ այդ տներն էլ են փակ կամ վաճառվում են:
«Մեզ առաջնահերթ ջուր է պետք, մենք համայնքի վերեւի մասերում ջուր չունենք, մեր ջուրը միայն ներքեւի մասում է, եթե վերեւում ջուր հանվեր, տնամերձի համար հողաբաժանություն կանեինք, վերեւի հատվածում համայնքը կզարգանար, այսօր եղած ջուրը մեզ չի բավարարում»,- բացատրում է Շ. Սարգսյանը:
Հացավանն օգտվում է Գառնիից եկող ջրից: Համայնքապետը սպասում է, որ նոր ջրագիծ լինի, համայնքին ջուր տան: «Տարիներ շարունակ մեզ խաբում են, որ ջուրը կգա կհասնի, բայց չկա»: «Ո՞վ է խաբում ձեզ» հարցին համայնքապետը պատասխանում է. «Դե, պետությունը, ո՞վ պիտի խաբի մեզ»:
Համայնքապետարանի շենքը փլուզման եզրին է, միայն երկու սենյակ են օգտագործում: Շենքի արտաքին կողմն արդեն 10 տարի փակված է, անձրեւի ժամանակ ջուրը շենքն է լցվում: Առաջին հարկում գրադարանն է, գրքերն այժմ նորմալ վիճակում են, սակայն նախկին տեղում անձրեւների պատճառով մոտ 500 գիրք վնասվել է:
Համայնքապետի խոսքով` գրադարանից բնակիչները շատ քիչ են օգտվում: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե համայնքապետի մոտ բարձրանալիս նկատեցինք գրադարանի կողպված դուռը, ասաց, որ գրադարանավարն աշխատում է առավոտվանից, բայց ոչ ոք չի գալիս, ուստի, երբ պետք է լինում, զանգում կանչում են:
Գյուղի բնակչության հետ հանդիպումներ ու ընդունելություններ, համայնքի ղեկավարի ասելով, ամեն օր էլ լինում են, շաբաթական երեք օր ընդունելություն է հայտարարված, ով ցանկանում` գալիս է, չնայած, նրա ասելով, շատ քիչ են գալիս: «Մեկը իր ջրի խնդիրն է լուծում, մյուսը` հողի, մեկը սերմացու է ուզում»:
Համայնքապետին խնդրեցինք քաղաքացիների ընդունելության մատյանը ցույց տալ: Ասաց, որ «ամեն ինչ էլ ունեն», աշխատակազմի քարտուղարը եթե լիներ, կարող էր ցույց տալ, իսկ նա տեղում չէ (չնայած աշխատանքային ժամ էր): Պարզվում է` համայնքապետը շատ քիչ է օգտվում համակարգչից, չնայած աշխատասեղանին մեծ, պլազմային էկրանով ինտերնետին միացված համակարգիչ կար:
Շավարշ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Հարցին` օգնու՞մ է «Բարգավաճ Հայաստան»-ը համայնքի ծրագրերի իրականացման հարցում, համայնքապետը հույս է հայտնում, որ «երեւի կօգնեն էս տարի». «Գրությունով դիմել ենք մեր հիմնախնդիրների վերաբերյալ, մոտ օրերս պիտի ստանանք պատասխանը»:
9-րդ տարին աշխատող համայնքապետը երկու տարի առաջ է անդամագրվել ԲՀԿ-ին: Հարցին, թե ինչու է ընդգրկվել մի կուսակցության շարքերում, եթե այդ կուսակցությունը որեւէ օգնություն չի ցուցաբերում իր համայնքին, պատասխանում է. «Այ, եթե հաստատ համոզված լինեմ, որ չեն օգնելու, կհելնեմ, բայց համոզված եմ, որ պիտի օգնեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել