
Առողջապահության նախարարը դարձյալ արդարացնում է ալյուրի հարստացումը
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին արդարացված համարեց ալյուրի հարստացման ծրագիրը:
Պատասխանելով ալյուրի հարստացման վերաբերյալ ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին՝ առողջապահության նախարարը նշեց, որ ոլորտում ուսումնասիրություններ են կատարվել, և պարզվել է, որ 2000 թ. վերարտադրողական տարիքի կանանց 12 տոկոսի և նախադպրոցային տարիքի երեխաներից մինչև 24 տոկոսի մոտ գրանցվել է սակավարյունություն:
Ըստ Արմեն Մուրադյանի՝ 2005 թ. առաջին ցուցանիշը կրկնապատկվել է. վերարտադրողական տարիքի 25 տոկոս կանանց մոտ արձանագրվել է սակավարյունություն, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների դեպքում՝ 37 տոկոսի մոտ:
Նախարարն ասաց, որ Հայաստանում տարեկան 700 երեխա ծնվում է տարբեր տեսակի արատներով, որից 80-ը՝ նյարդային խողովակի լուրջ արատներով, ինչը բերում է հաշմանդամության ողջ կյանքի ընթացքում:
Արմեն Մուրադյանի խոսքերով՝ այս ամենը ֆոլաթթվի պակասի հետևանք է:
Տարբեր երկրներ տարբեր ձևով են լրացնում «բացը»: Ա. Մուրադյանը նշեց, որ հարստացման եղանակով գնացել են 82 երկիր: Հարստացվում է ոչ միայն ալյուրը, այլև հյութը, կաթնամթերքը, տարբեր տեսակի սննդամթերքները: Հայաստանում նպատակահարմար և ծախսարդյունավետ են համարել ալյուրի հարստացումով խնդիրը լուծելը, որովհետև «հնարավոր է կիրառել կենտրոնացված մոտեցում»:
Պատգամավոր Իշխան Խաչատրյանը հետաքրքրվեց` իսկ հնարավո՞ր է հացի թանկացում: Նախարարը բացասական պատասխան տվեց: Ըստ նրա՝ տարեկան կտրվածքով, մեկ հոգու հաշվով, հացը կարող է թանկանալ ընդամենը 200 դրամով:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել