HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Հասցեն` Էջմիածին, «Անտերների թաղամաս»

Էջմիածնում փախստականներով բնակեցված քոթեջների հասցեն ճշտելու համար զանգեցինք տեղի բնակիչներից մեկին` տիկին Նորային. «Եթե քոթեջներ անունը տաքսու վարորդին ոչինչ չի հուշում, ուղղակի ասեք` անտերների թաղամաս, ու անմիջապես ձեզ կհասցնի այստեղ»,- իրենց բնակության վայրն այսպես նկարագրեց Ադրբեջանից բռնագաղթած Նորա Բաբայանը:

Թաղամասին այս բնորոշումը տվել են իրենք` բնակիչները, որոնց զգալի մասը ՄԱԿ-ի փախստականների հայաստանյան գրասենյակի միջնորդությամբ այստեղ է 1988 թվականից:

Լրագրողներիս այցելությունը սկզբում ճիշտ չընկալվեց. կարծեցին` նախընտրական հավաքագրումներով ենք իրենց այցելել, բայց զրույցի ընթացքում համոզվելով, որ քարոզիչներ չենք, անկեղծացան. «Մեզ էլ հասկացեք` օրը մեկը գալիս է, իրեն ցուցադրում, գնում: Մինչեւ էս մեր տեղը չէին իմանո՞ւմ, բա թող գային, մի հալ ու քեֆներս հարցնեին, թեկուզ չօգնեին, բայց իմանայինք, որ հետաքրքրվում են մեզանով, մարդու տեղ են դնում: Իրենք ընտրությունից ընտրությու՞ն են ապրում, որ մեզ էդ «ինտերվալում» են հիշում: Բա վիրավորական չի՞: Որ ասում ենք անտեր ենք, սխա՞լ ենք ասում: Անուններս դրել են փախստական ու դարձրել խարան մեր ճակատին: Թե՞ կարծում են էս անգամ էլ ենք իրենց փուչ խոսքերին հավատալու»,- ասում է տիկին Լենան:

1988-ին 283 փախստականի հանձնված քոթեջները, ըստ էության, ժամանակավոր կացարաններ են, որոնք բռնագաղթած ընտանիքներին հանձնվել էր հինգ տարի պայմանագրով: 5-ամյա ժամկետը լրանալուց հետո նրանք, ովքեր մնացին այստեղ, 2003-04թթ. իրենց կացարանները սեփականացնելու հնարավորություն ստացան:

«Հայաստանյան մեր կյանքի միակ լուսավոր էջը դա է, որ առանց տանիք չմնացինք: Մնացած դեպքերում մեզ երկրորդ կարգի մարդու տեղ են դնում: Անգամ միջքաղաքային տրանսպորտը քոթեջներ չի հասնում, Զվարթնոցից ետ է դառնում. դե, արի 1-1,5 կմ ճանապարհը ոտքով հաղթահարիր մինչեւ տուն»,- ասում է թաղային լիազոր Վեներա Առուստամյանը:

Բաքվի հիմնարկություններից մեկում երկար տարիներ կադրերի բաժնի վարիչ աշխատած Նորա Բաբայանի համար էլ անհասկանալի է, թե ինչու են ամուսնու մահից հետո իրենց զրկել նպաստից: «Կադրերի բաժնի երկարամյա ղեկավար եմ եղել, կարող ա՞ իմ համար մի շոր ու կոշիկ կամ զարդեղեն չունենամ առած-դրած, որ երբ հագած-կապած գնում եմ «Փարոս», ինձ ասում են` ի՞նչդ ա պակաս, որ նպաստ ես ուզում: Բա բոմժի նման գնամ, որ հավատա՞ն` ապրելու խնդիր ունեմ»,- բողոքում է Նորա Բաբայանը:

«Համա ընտրություններից առաջ իրանց ընենց ձեւ են տալիս, թե նոր են լսում մեր խնդիրների մասին ու, եթե ավելի վաղ իմանային, լուծած կլինեին: Քիչ ա մնում հավատամ, որ քնեմ-հելնեմ` կյանքս փոխված կտեսնեմ»,- հեգնում էր Ալավերդի անունով մի պապիկ:

Ընտրություններից առաջ քոթեջների բնակիչներին արդեն հասցրել են այցելել «Բարգավաճ Հայաստան» ու «Դաշինք» կուսակցությունների ներկայացուցիչները:

«Այստեղ կռված տղաներ կան, ովքեր Սամվել Բաբայանի հետեւից հաստատ գնացողներ են: Ղարաբաղցիներ էլ կան, որոնց համար Սամվելը հերոս է: Էնպես որ, «Դաշինքի» այցն այստեղ արդարացված է: «Բարգավաճին» էլ անդամակցողներ կան, ու գիտե՞ք` ինչի համար, որովհետեւ նախանձով ենք նայում մեր աբովյանցի ծանոթ-բարեկամներին, որոնք մեր պես փախստական են, բայց մեր պես անուշադրության մատնված չեն»,- իր եւ այլոց անդամակցությունը հիշյալ կուսակցություններին հիմնավորում է մասնագիտությամբ տնտեսագետ, բայց անունը հրապարակել չցանկացող մի կին:

Ընտրական հանձնաժողովներում աշխատանքային հարուստ փորձ ունեցող Նորա Բաբայանն էլ այն կարծիքին է, որ, եթե իրենց ձայնը իրոք գին ունի, ապա թող այդ գինը թաղամասի գազաֆիկացումը լինի. «Գոնե կիմանանք էդ կաշառքը ամբողջ կյանքներումս պետք կգա: Էնպես որ, ով մեր թաղի գազը քաշի, նրան էլ կընտրենք»:

Քոթեջների բնակիչներն իրենց խաբված են համարում գազամատակարարների այն հայտարարությունից, թե ողջ թաղամասի գազի խողովակաշարի ու դրա կառուցման ծախսերը պետք է հոգան բնակիչները. «Մենք գիտենք, որ միայն վճարելու ենք փողոցից բակ մտնող խողովակների համար, այդպես է եղել բոլոր մասնավոր տներում, մեր քթի տակ գտնվող Զվարթնոցում: Թե՞ կարծում են, որ էս քաղաքում «լեւի» փողերը մեր ձեռքին ա»,- հարցնում է 68-ամյա Նիկոլայ Մակարյանը:

«Հայռուսգազարդի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Սաշիկ Մկրտչյանից տեղեկացանք, որ մինչեւ անցած տարի «Հայռուսգազարդը» հանրապետության ողջ տարածքը գազաֆիկացնելու ծրագիր էր իրականացնում, ինչի շրջանակներում էլ խողովակաշարի կառուցումն իրականացվում էր իրենց միջոցների հաշվին: Եւ քանի որ ծրագիրն արդեն ավարտված է, հետեւաբար ծրագրից դուրս մնացած բնակավայրերի գազաֆիկացումը պետք է կատարվի այլ միջոցների հաշվին. «Տեսնենք քաղաքապետարանն ինչքա՞ն կհատկացնի, մի բան էլ գլխամասայինի հետ համաձայնեցնելով` մենք կդնենք, մնացածը պետք է բնակիչները տան»,- պարզաբանեց Ս. Մկրտչյանը:

Բնակիչների ասելով` քաղաքի ղեկավարությունը տեղյակ է խնդրին եւ խոստացել է գարնանը լուծել այն: «Բայց ո՞ր գարնանը»,- կես-կատակ, կես-լուրջ հարցրեց Կոլյա պապն ու ինքն էլ պատասսխանեց. «Էս գարուն հաստատ չեն անի: Կասեն` դեմն ընտրություններ ա, կդիտվի որպես ընտրակաշառք: Կմնա հաջորդ գարուն, այսինքն` խոփը դեմ կառնի նախագահական ընտրություններին: Հետո էլ կգա տեղական ընտրությունների հերթը, ու մեր հերթն էլի ետ կմղվի»:

Այս թաղամասում է գտնվում նաեւ ծերերով բնակեցված երկու քոթեջ: Տեղացիները այն անվանում են ծերանոց: Եթե քոթեջում կարելի է փայտի վառարան տեղադրել, ապա վագոն հիշեցնող ծերանոցում դա գործնականում անհնար է. մեկ մահճակալ ու մեկ սեղան-աթոռից ավելի գույքն այստեղ պարզապես չի տեղավորվի:

Ծերանոցում ութ տատիկներ են ապրում` հիվանդ, անօգնական: Էլեկտրական փոքրիկ վառարանով են «տաքանում». «Փայտի վառարանի հնարավորություն չկա, կամ` մեզ փայտ տվո՞ղն ով ա, կոտրո՞ղը` ով... Էսպես «պլիտայի» կողքը կուչ եկած յոլա ենք գնում, մինչեւ ձմեռը դուրս գա»,- ասում էր 81-ամյա Սոնյա տատիկը:

Իսկ նրա ընկերուհին` Նախիջեւանի Շաքին քաղաքից եկած Արփիկ տատը, խոցված էր բարոյապես. «Զավակ ունենայի, թող ինձ չպահեր. գնայի, ոտքերի տակն ապրեի, միայն չասեին` ծերանոցում եմ»:

Ծերերին եռամսյակը մեկ ալյուրով, յուղ ու ձավարեղենով օգնում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը: Ուտելու հարցում պահանջները մեծ չեն, դժվարը «հոսանքի վարձը մարելն է»:

Տատիկների ունեցած էլեկտրաէներգիայի պարտքը եռանիշ թվերի է հասել: Նրանք ամեն ամիս իրենց թոշակներից մի քիչ վճարում են, որ չանջատեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter