
Մեկնարկում է ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովը
2015 թ-ի ապրիլի 4-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երեք հարյուրից ավելի պատվիրակներ կմասնակցեն ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովին, որը տեղի կունենա Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան):
88-րդ Ընդհանուր ժողովին պատվիրակները հնարավորություն կունենան վերահաստատելու Հայրենիք-Սփյուռք կապերը և վերաբացահայտելու Հայաստանի մշակութային ժառանգությունն ու երկրի զարգացման ներուժը: Ժողովի նպատակն է ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ և մասնակիցներին ներկայացնել ՀԲԸՄ նախաձեռնությունները: Ընդհանուր ժողովի միջոցառումների շրջանակում ապրիլի 1-ից ապրիլի 3-ը տեղի կունենա երեք քննարկում՝ «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» և «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում» թեմաներով: #AGBUTalks խորագիրը կրող քննարկումների ընթացքում ելույթ կունենան բիզնեսի, արվեստի և կրթության ոլորտում խոշոր ձեռքբերումների հասած ականավոր սփյուռքահայ փորձագետներ և բարերարներ, ինչպես նաև Հայաստանից պետական պատասխանատուներ ու կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նրանք իրենց փորձն ու տեսակետները կներկայացնեն Հայաստանի և Սփյուռքի ակտիվ երիտասարդներին, ովքեր պատրաստակամ են ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում: Մանրամասն` այստեղ:
Մեկնաբանել