HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Նրանց պետք է ոչ թե խնամել, այլ օգնել

2003թ.-ից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է 18 տարին մանկատանը լրացած երեխաների համար ձեռք բերել բնակարաններ, ինչպես նաեւ տրամադրել կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական եւ այլ բնույթի աջակցություն: Այդ հարցերով 2003-2005թթ.- ի ընթացքում զբաղվել է «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական կազմակերպությունը: Ներկայացնում ենք հարցազրույց ՀԿ-ի հոգեբան, մանկավարժական խմբի ղեկավար Անահիտ Սահակյանի հետ: Կազմակերպությունը դիտարկումներ է կատարել 1991-2005թթ.-ի ընթացքում մանկատներից դուրս եկած 312 շրջանավարտի շրջանում: Տկն Սահակյանի հավաստմամբ` նրանց պետք է ոչ թե խնամել, այլ օգնել ինքնուրույն դառնալ:

- Ի՞նչ խնդիրներ բացահայտեցիք ձեր ուսումնասիրությունների արդյունքում:

- Այս տարիների ընթացքում մենք ուսումնասիրել ենք ավելի քան 300 շրջանավարտի եւ կարող ենք որոշակի բնութագրական ամփոփումներ անել: Մանկատանը մեծացած բոլոր երեխաներն անխտիր ունեն հոգեկան ցնցումներ: Եթե նույնիսկ որեւէ ազդեցիկ իրադարձություն չի եղել, ապա ծնողների կողմից լքված լինելն ու կենսաբանական ընտանիքից անջատումն արդեն իսկ հոգեկան լուրջ ցնցում է նրանց համար: Ի սկզբանե նրանք մերժված կամ չսպասված երեխաներ են: Որպես կանոն` նրանց մայրերը միայնակ են կամ ընտանիքներում կոնֆլիկտներ եւ սոցիալական բնույթի այլ բարդություններ կան: Մանկատան երեխան ի սկզբանե բացասական վերաբերմունք ունի աշխարհի եւ իր նկատմամբ:

Մենք բազմաթիվ թեսթերի միջոցով պարզել ենք, որ այդ երեխաների ինքնագնահատականը հիմնականում շատ ցածր է կամ շատ բարձր, որն ավելի քիչ է պատահում, բայց երբեք ոչ համապատասխան իրականությանը: Սովորաբար նրանց մոտ բարձր է նաեւ նյարդայնության աստիճանը: Երբեմն անտեղի ագրեսիվությունը, թշնամական վերաբերմունքը պարզապես պաշտպանական գործառույթ ունեն: Ընտանիքում մեծացած երեխան վստահություն ունի աշխարհի եւ իր նկատմամբ: Երեխայի անվտանգության զգացողությունը ձեւավորվում է հատկապես առաջին երկու-երեք տարիների ընթացքում, երբ մայրը գրկում է նրան, խոսում է հետը, հաճելի բառեր ասում:

- Ինչպե՞ս են նրանք սկսում ապրել մենակ:

- Նրանք շատ հաճախ դժվարանում են հարմարվել մենակ ու ինքնուրույն կյանքին: Դա հասկանալի է. մինչեւ 18 տարեկանը նրանք ապրել են խմբով: Նույնիսկ երբ արդեն առանձին բնակարաններ են ունենում, շատ հաճախ նորից հավաքվում են իրար կողքի: Պատճառն այն է, որ նրանց նկատմամբ անհատական մոտեցում համարյա չի դրսեւորվել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկատանը երեխան երեք անգամ ավելի քիչ է լսում իր անունը, քան ընտանիքում մեծացած երեխան: Արդյունքում նրանք երբեմն դժվարանում են տարանջատել իրենց անձը «մենքից», «խմբից»: Մեր մանկատներում առավոտյան բոլորին ուղարկում են լվացվելու, հետո բոլորին` հաց ուտելու, նույնիսկ` զուգարան, եւ վերջում մանկատանը մեծացած երեխան չի կարողանում իր համար ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ ամեն ինչ արվում եւ որոշվում է նրա փոխարեն: Գնացեք, լսեք, խելոք մնացեք եւ այս տիպի այլ կարգադրություններն ուղղված են խմբին, եւ այս դեպքում անհատական մոտեցումը բացառվում է:

Նույնիսկ մի դեպք եղավ, երբ շրջանավարտը չկարողացավ ինքնուրույն բնակարան ընտրել: Բնակարանում մեկ ժամ համարյա նայեց, ուսումնասիրեց, հայտնեց իր գոհունակությունը, բայց ժամանակ խնդրեց, որ մտածի: Մի քանի օր շարունակ հանրակացարանի իր բոլոր ընկերներին եւ նույնիսկ մանկատան տնօրենին հարցնելուց հետո զանգեց եւ ասաց, որ չի ուզում, քանի որ ոչ ոք խորհուրդ չի տվել, բացի այդ` մեկն արդեն հրաժարվել էր այդ բնակարանից: Մեզ համար պարզ էր, որ խնդիրը բնակարանը չէր, պարզապես նա ի վիճակի չէ ինքնուրույն իր համար որոշել:

- Ի՞նչ հիմնական բաղադրիչներից է բաղկացած ձեր աշխատանքը:

- Ծրագրի ընթացքում մենք յուրաքանչյուր շրջանավարտի համար կազմում ենք անհատական ծրագիր եւ երկու շաբաթը մեկ նշանակում հանդիպումներ սոցիալական աշխատակցի եւ հոգեբանի հետ:

Աշխատելով նրանց հետ` հասկացանք, որ մանկատունը բազմաթիվ հետեւանքներ է թողել նրանց վրա: Դրանց պատճառը հիմնականում հոգեկան ցնցումներն ու շրջակա միջավայրից սահմանափակվածությունն է: Կենցաղավարությունը, ինքնախնամությունը, բյուջեի պլանավորումն այն հմտություններն են, որոնց մարդիկ սկսում են տիրապետել ընտանիքում: Նրանք մանկատանը անցկացրած կյանքի մեծ մասի ընթացքում փող չեն տեսնում: Միայն հիմա է, որ նրանց տրվում է որոշակի գումար ծախսելու համար:

Մանկատան երեխան չունի սոցիալական ցանց, որը ձեւավորվում է բարեկամների, ընկերների, հարեւանների հետ շփման ընթացքում: Շատ հաճախ չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում հարեւանի հետ հարեւանություն անել: Կամ բացարձակ ընտանիքի անդամ են դարձնում, ինչի արդյունքում հարեւաններն ազատ ելումուտ են ունենում, կարող են հանգիստ բացել սառնարանը եւ տան իրերը վերցնել: Նույնիսկ եղել է դեպք, երբ իր սեփական տանը հարեւանից հարցրել է ինչ-որ բան անելու կամ չանելու մասին: Մյուս ծայրահեղությունը մեկուսացումն է, երբ բոլորի առջեւ փակում են դռները եւ նստում սենյակում: Սոցիալական աշխատանքների ընթացքում մենք փորձում ենք բացատրել նրանց, թե ինչ սահմաններում է պետք հարաբերություններ պաշտպանել հարեւանների հետ, ինչպես լուծել որոշակի կենցաղային հարցեր: Իրազեկում ենք այն կառույցների մասին, որոնց նրանք կարող են դիմել տարբեր պատահարների եւ անհրաժեշտության դեպքում: Բայց, ամեն դեպքում, նրանք շատ դժվար են հրաժարվում խնամողից կախված լինելու սովորությունից: Լինում են դեպքեր, երբ բժշկական կամ այլ տիպի աջակցության անհրաժեշտության դեպքում դարձյալ մեզ են դիմում:

- Ինչպե՞ս են մանկատան շրջանավարտներն ապրում ընտանիքում, ինչպե՞ս են կազմում իրենց ընտանիքը:

- Ես ուսումնասիրել եմ եւ պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, դեռեւս լիարժեք երջանիկ ընտանիք չեմ տեսել, եթե նույնիսկ զույգերը մանկատան շրջանավարտներ են: Նկատել եմ նույնիսկ, որ նույն խնդիրները փոխանցվում են նրանց երեխաներին: Դա կոչվում է սոցիալական ժառանգություն, երբ երեխան իր տեսած ընտանեկան մոդելի հիման վրա է կառուցում իր սեփական ընտանիքը: Օրինակ` մեկ անգամ մանկատանը մեծացած ծնողներից մեկն ասաց, որ հոգնել է իր երեխային պահելուց, եւ թող նա էլ գնա մանկատանը մեծանա: Դա հնչեց մոտավորապես հետեւյալ ձեւակերպմամբ. «Ի՞նչ է եղել, որ ես էլ եմ այնտեղ մեծացել»: Եթե նույնիսկ ոմանք էլ ասում են, որ երբեք նման բան չեն անի, ապա ես զգում եմ, որ ենթագիտակցության մեջ խնդիրներն այդ կերպ լուծելու տարբերակը նրանց մոտ միշտ կա:

- Ի՞նչ տիպի կրթական, առողջապահական եւ իրավաբանական աջակցություն են ստացել նրանք ծրագրի շրջանակներում:

- Ծրագրի շրջանակներում մոտ 120 հոգի բժշկական օգնություն ստանալու կարիք է ունեցել: Բոլորն անխտիր անցել են բժշկական հետազոտություն եւ ախտորոշումների դեպքում նշանակվել է բուժում կամ վիրահատություն: Տղաների մոտ հիմնականում քթի միջնապատի հետ կապված խնդիրներ կային, աղջիկների մոտ գերակշռում էին կանացի հիվանդությունները: Բնակարանը ստանալուց հետո մենք աջակցում ենք նաեւ աշխատանքի տեղավորման հարցում: Այդ խնդրի լուծման համար համագործակցում ենք աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ: Ծրագրում նախատեսված է նաեւ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ապահովում եւ մասնագիտացում: Հինգ թե վեց հոգի ցանկացան սովորել համալսարանում, մյուսները նախընտրեցին մասնագիտանալ վարսահարդարության, խոհարարության, ոսկերչության կամ համակարգչային օպերատորության բնագավառներում: Ամեն տարի մոտ 10 հոգի ստացել է իրավաբանական բնույթի աջակցություն, քանի որ միշտ եղել են պրոբլեմներ վկայականի կամ անձնագրի հետ կապված: Մեծ ակնկալիքներ ունենալ, որ այս մեկ տարվա ընթացքում հեղաշրջում կլինի, առնվազն միամտություն է: Բայց որոշակի փոփոխությունների յուրաքանչյուրի համար հասել ենք:

Բացի աջակցության այս ձեւերից, մեր հասարակությունը նույնպես պետք է վերջապես սովորի ճիշտ վերաբերվել այդ մարդկանց: Օրինակ` երբ 16-րդ թաղամասում 7 շրջանավարտների բնակարաններ հատկացրեցինք, բնակիչները բողոք գրեցին, թե ինչու ենք մանկատան երեխաներին բերել այնտեղ: Հասարակության հասունության մասին կարելի է դատել նրանց վերաբերմունքից խոցելի մարդկանց նկատմամբ: Եթե հասարակությունը խղճում է կամ թշնամաբար է վերաբերվում, ուրեմն դեռեւս հասուն չէ: Պետք է վերաբերվել ինչպես հավասարը հավասարին: Օրինակ` Հունաստանում մանկատները բոլորովին այլ մոդելով են կառուցված: Երեխաներից յուրաքանչյուրը գիտի, որ մանկատունն իր համար կարճաժամկետ կացարան է եւ վաղ թե ուշ իրեն կամ կորդեգրեն, կամ որեւէ խնամակալական ընտանիք կընդունի: Հունաստանում որդեգրումը մոտ 66 տոկոս է, իսկ խնամակալական ընտանիք գնում է մոտ 16-20 տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter