
Անտառը կա, բայց փաստաթղթերում գոյություն չունի
Այս լուսանկարները արվել են Լոռու մարզի Շամլուղի բաց հանքավայրում: Անտառ է, հատված ծառեր, հողով ծածկվող անտառաշերտ: Սակայն բոլոր փաստաթղթերում այն արձանագրված է կամ որպես թփուտ, կամ բուսականությունից զուրկ տարածք: Հանքավայրը շահագործում է «Մեթըլ փրինս» ընկերությունը: Հանքավայրի շահագործման, անտառահատումների վերաբերյալ մեր գրավոր հարցումներին ահա թե ինչ պատասխաններ ենք ստացել երեք գերատեսչություններից:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյան - «Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից 2011 թ. մայիսի 31-ից հունիսի 6-ը «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում ստուգում է իրականացվել 2009-2011 թթ. ընկած ժամանակահատվածի համար:
Արդյունքում հայտնաբերվել են ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակից ավել ջրօգտագործման փաստեր: Հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառած վնասը` 1756928 դրամի չափով եւ նշանակվել է 150,000 դրամի չափով վարչական տուգանք: Այդ գումարներն ամբողջությամբ վերականգնվել են ՀՀ պետական բյուջե: Ստուգված ժամանակահատվածում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող հանքի տարածքում ապօրինի ծառահատումների փաստ չի արձանագրվել (տարածքն անտառածածկ չէ, ուստի այնտեղ չէր կարող ծառահատում իրականացվել)»:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյան - «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում եւ հանքավայրերի ու երեւակումների պետական կադաստրում Շամլուղի բաց հանքավայր հաշվառված չէ, ուստի նման հանքավայրի շահագործման լիցենզիա որեւէ ընկերության չի տրամադրվել: Ընդերքօգտագործման եղանակը որոշվում է հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսագիտական հիմնավորումներով եւ նախագծերով:
Լոռու մարզի Շամլուղի պղնձի հանքավայրի շահագործման N ՀՎ-Շ-1316 արտոնագիրը` 1997 թ. նոյեմբերի 4-ին, տրամադրվել է «Ախթալայի լեռնահարստացման» ՊՁ-ին` 25 տարի ժամկետով, ինչը 2004 թ. մարտի 23-ին վերաձեւակերպվել է հանքարդյունահանման N ՀԱ-Լ-14/100 հատուկ լիցենզիայով, որը տրամադրվել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ին («Ախթալայի լեռնահարստացման» ՊՁ-ի իրավահաջորդը): Լեռնահատկացման ակտով ընկերությանը տրամադրված տարածքը կազմում է 520,63 հա»:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Պետրոսյան - «Ի պատասխան Ձեր գրության` իրազեկում եմ, որ «Մեթըլ փրինս» ընկերությանը անտառային տարածքներ չեն հատկացվել: Միաժամանակ տեղեկացնում եմ նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը իրավասու մարմինների կողմից թիվ 197 լեռնահատկացման ակտով բացահանքի շահագործման նպատակով տրամադրվել է 520, 63 հա, որի մեջ ներառված են նաեւ 4.33 հա անտառային ֆոնդի հողեր (3.31 հա թփուտներ եւ 1 հա բուսականությունից զուրկ տարածք):
2010 թ. «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ տնօրինությունը դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` վերոնշյալ 4.33 հա անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը փոխելու առաջարկով, որին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը համաձայնություն չի տվել»:
Թե ինչու է այս տարածքը արձանագրված որպես անտառազուրկ տարածք, առյաժմ չենք կարողացել պարզել: Իսկ անտառի գոյությունը ապացուցելու համար իրավասու մարմիններին առաջարկում ենք լինել տեղում եւ միասին տեսնել ոչնչացվող անտառը: Կարծես այլ բան հնարավոր չէ առաջարկել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել