
Հում ձվեր և դանակահարություն՝ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հրավիրած հանրահավաքը Գյումրիում այս անգամ, ի տարբերություն նախորդի, կայացավ: Թատերական հրապարակը սակավամարդ էր: Ժամը 16-ին նախատեսված հանրահավաքը սկսվեց մի փոքր ուշացումով: Հավաքված բազմության հիմնական մասը կազմում էին հիմնադիր խորհրդարանի հետ մայրաքաղաքից ժամանած նրանց համակիրները: Հանրահավաքի կազմակերպիչներին լսելու եկած գյումրեցիները փոքրաթիվ էին՝ հիմնականում տարեց տղամարդիկ եւ կանայք:
Տեղացի երիտասադների մի քանի խմբեր հրապարակում էին՝ այն ակնհայտ խանգարելու մտադրությամբ: Նրանց գործողությունները սկզբում արտահայտվում էին բանախոսների ելույթների ժամանակ սուլոցներով ու բղավոցներով: Հավաքվածների միջից փորձեր եղան նրանց սաստելու եւ կարգի հրավիրելու, որոնք վերաճեցին լեզվակռվի: Հրապարակում գտնվող ոստիկանները, որոնք կոչված էին պահպանելու կարգ ու կանոնը, հիմնականում «անտեսում, չտեսնելու» էին տալիս հրապարակում տեղի ունեցողը:
Համարելով, որ որեւէ արտակարգ դեպք տեղի չի ունենում՝ նրանք ընդամենը երկու անգամ սադրող երիտասարդների խմբին հեռացրեցին հրապարակից՝ իհարկե չարգելելով նրանց վերդառնալ: Երբ հայտարարվեց, որ ելույթի համար ձայնը տրվում է նախախորհրդարանի անդամ, շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին՝ հրապարակից հեռացած երիտասարդներն արագ վերադարձան ու սկսեցին ձվեր նետել հարթակում կանգնածների վրա:
Սկսված խառնաշփոթը կանխելու նպատակով, հիմնադիր խորհրդարանի անդամները կոչ արեցին իրենց համակիրներին չտրվել սադրիչների արարքներին, չգնալ ընդհարման: Սակայն փախչող երիտասարդների հետեւից գնացած տղամարդկանցից մեկն այնուամենայնիվ տուժել էր:
Միջին տարիքի տղամարդուն, ով տեղացի չէր, դանակահարել էին կրծքավանդակի շրջանում: Նրան առաջին օգնությունը հենց տեղում ցույց տվեցին շտապօգնության աշխատակիցները, այնուհետեւ տեղափոխեցին հիվանդանոց՝ լրացուցիչ հետազոտության:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել