
էլիտար բնակարան` Վանաձորի բյուջեի պահուստային ֆոնդի գումարներով
Գայանե Սարգսյան
Դեռեւս մարտի սկզբին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը համայնքի ավագանու նիստում ներկայացրեց համայնքի 2014թ.-ի բյուջեի կատարողականը: Բյուջեի կատարողականի հետ կապված հարցադրումներով ներկաները` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակիցներ, երիտասարդ ակտիվիստներ ու լրագրողներ, առանձնապես ակտիվ չէին: «Եթե քննադատություններ ու առաջարկներ չկան, ուրեմն, կամ` չափից դուրս լավ ենք աշխատել, կամ` չափից դուրս վստահությունն ենք կորցրել»,- նկատեց Լոռու մարզպետը:
Բյուջեի կատարողականի համաձայն` 2014թ.-ին բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս է փոխանցվել 41 մլն 550.100 դրամ: Մեր հարցմանը` որքանո՞վ էին այդ փոխանցումներն անհրաժեշտ, ի՞նչ նպատակի են ծառայեցվել փոխանցված գումարները 2013 եւ 2014թթ.-ին, քաղաքապետարանը, որպես պահուստային ֆոնդից փոխանցված գումարի հիմնավորում, տեղեկացնում է. «2013-2014թվականներին վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված գումարների չափերը կախված են եղել տվյալ տարվա բյուջեով նախատեսված եկամուտներից ու ծախսերից»:
Ապա քաղաքապետարանից ներկայացրել էին պահուստային ֆոնդի հաշվին կատարված ծախսերի ցանկը, ըստ որի 2014թ.-ին պահուստային ֆոնդի 41 մլն 550.100 դրամի հաշվին կատարվել են հետեւայլ հատկացումները.
1. Փողոցային լուսավորության վերականգնում-10.226.000դ,
2. բնակարանի ձեռք բերում-8.279.000դ,
3. անձրեւաջրատար դիտահորերի ու կոյուղագծերի կապիտալ նորոգում-4.906.700դ,
4. ինքնակամ կառույցների տեխնիկական եզրակացություն-4.172.500դ,
5. նախագծահետազոտական աշխատանքներ-1.054.200դ,
6. մայթերի կապիտալ նորոգում-10.420.000դ,
7. թիվ 33 մանկապարտեզի տանիքի նորոգում-1.150.000դ,
8. աշխատակազմի պահպանման ծախսեր-1.341.100դրամ:
Վանաձորցի Հասմիկ Սահակյանի ընտանիքին բնակարան հատկացնելու հարցը 2014թ.-ի ամռանը բուռն քննարկվեց համայնքի ավագանու նիստում: Ավագանուն առաջարկվել էր համաձայնություն տալ Տիգրան Մեծ պողոտայի քանդված՝ թիվ 73 շենքի թիվ 16 բնակարանի նախկին բնակիչ Հասմիկ Սահակյանի ընտանիքին հետագայում նույն տեղում կառուցված նորակառույց շենքում բնակարանով ապահովելու հարցին: Սակայն, ավագանու որոշ անդամներ, այդ թվում նաեւ Արամ Խաչատրյանը, դեմ էին արտահայտվել: «Մենք այդ ռեսուրսն այսօր չունենք, որ էլիտար շենքում բնակարան գնենք: Այդ դեպքում, ինչո՞ւ չենք Երեւանում առնում …»,- հայտնել էր Արամ Խաչատրյանը:
Նա առաջարկել էր հարցն օրակարգից հանել: Առաջարկը, սակայն, չէր ընդունվել, ինչի արդյունքում Վանաձորի ավագանու պատմության մեջ առաջին անգամ (որքանով մենք ենք հիշում), ավագանու անդամը բոյկոտել էր նիստն ու լքել դահլիճը, ինչի հետեւանքով հնարավոր չէր եղել քվորում ապահովել եւ շարունակել այս հարցի քննարկումը:
Հաջորդ օրը, սակայն, նիստը շարունակվել էր, Վանաձորի քաղաքապետն էլ որպես քաղաքացու պահանջի կողմնակից, ներկայացրել էր խնդրի նախապատմությունը: ըստ քաղաքապետի` Հ. Սահակյանը Տիգրան Մեծի 73 շենքի բնակչուհի է: Երբ երկրաշարժի հետեւանքով շենքը քանդվեց, այնտեղ տնակ էր դրել 12 ընտանիք, 13-րդը եղել է Հ. Սահակյանը: Շենքի տարածքի վաճառքի մրցույթի ժամանակ քաղաքապետարանը հատուկ պայման է դրել, որ շենքը կառուցելուց հետո տվյալ տեղում տնակներում բնակվող 12 ընտանիքին բնակարան հատկացվի: Երբ մենք շենքի շինարարության թույլտվությունը տալիս էինք եւ այնտեղից պետք է տնակները հանվեին, այդ պահին տկն Սահակյանի ընտանիքն այդտեղ չէր բնակվում: Ճիշտ է, տնակը կար, բայց այն բնակվելու ենթակա չէր: Այդ իսկ պատճառով «Վիմպերգը» (հեղ.՝ կառուցապատող ընկերությունը) նաեւ հաշվի չառնելով իմ կարծիքը, 12 ընտանիքներին գրեց որպես պարտատեր, իսկ 13-րդին չգրանցեց, ասելով, որ Սահակյանների ընտանիքը այնտեղ չի ապրում:
Տիգրան Մեծի 73 շենքում 72 բնակարան է եղել, նրանցից 45-ը քաղաքի այս կամ այն հատվածում բնակարաներ են ստացել: Մնացած 27-ից 14-ի հետ մենք կապ չունենք այս պահին: Նրանց առաջարկվել է բնակարաններ ամրացված Սուխումի 1, 2 շենքերից, Ռուսթավի 7 շենքից, նրանք հրաժարվել են: Այնուհետեւ առաջարկվել է ԲԳՎ-եր, այս 27-ը նորից հրաժարվել են: 27-ից 12-ը վերջերս ստացան իրենց բնակարանները Տիգրան Մեծի 73 շենքում: «Մնացած 14-ի համար ես դիմել եմ Կառավարություն: Կառավարությունը խոստացել է, որ Բաթումի փողոցում «Գլենդել Հիլզը» տնակային, երաժշտական դպրոցի տեղում շենք կկառուցի եւ մնացած 14 ընտանիքներին բնակարան կհատկացնի: Ինչ վերաբերում է Հ. Սահակյանին, վերջինս տարիներ շարունակ գրավոր բողոքներով դիմել է տարբեր ատյաններ, պահանջելով բնակարան Տիգրան Մեծի 73 շենքում»,- ավագանու անդամներին տեղեկացրել էր քաղաքապետը:
Քննարկումներից հետո նիստին ներկա ավագանու 11 անդամները կողմ էին քվեարկել այս որոշմանը, համաձայնվելով, որպեսզի համայնքային սուղ բյուջեից 8 մլն 400.000 դրամ հատկացվի այս ընտանիքին բնակարանով ապահովելու համար: Դեմ էր քվեարկել միայն Արամ Խաչատրյանը, ձեռնպահ՝ Արմեն Մատինյանը:
Ի դեպ, այս որոշմամբ բնակարանը քաղաքացուն հատկացվեց վարձակալության՝ հետագայում սեփականաշնորհելու պայմանով, որի ընդհանուր արժեքը կազմում էր ընդամենը 21.000 դրամ:
Մեկնաբանել