HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր` մարտի 31-ին երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի:

Արտաշես Դավթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճռով դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը դիմումատուի նկատմամբ: Դիմատուն շարունակաբար կալանքի տակ է պահվել կյանքի համար վտանգավոր առողջական խնդիրներ ունենալու պայմաններում եւ զրկված է եղել մասնագիտացված խնամքից ու բուժումից:

Բողոքը ներկայացրել են իրավաբան Արա Ղազարյանն ու փաստաբան Լուսինե Սահակյանը` նշելով, որ Ա. Դավթյանը մի քանի անգամ ուշագնաց է եղել կալանավայրում, բժիշկը դատարանին հայտնել է, որ նա ամեն րոպե կարող է մահանալ շնչահեղձությունից, սակայն նրան շարունակել են կալանքի տակ պահել 2003թ. մայիսից մինչեւ 2006թ. հունիսը` 3 տարի 3 ամիս: Պաշտոնեական դիրքի չարաշահման եւ յուրացման մեղադրանքով Ա. Դավթյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման եւ պայմանական վաղակետ ազատվել է կալանքից 2006թ.-ին: Ա. Դավթյանին պատճառած բարոյական վնասի համար Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է փոխհատուցել 9060 եվրո:

Երկրորդ վճիռը ՄԻԵԴ-ը կայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի բողոքի հիման վրա: Հելսինկյան կոմիտեն բողոքարկել էր 2008թ. նոյեմբերին Լեւոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով մոմավառության խաղաղ երթ իրականացնելու խնդրանքով Երեւանի քաղաքապետարանի մերժումը: Քաղաքապետարանը դիմումատուներին մերժելու որոշումը կայացրել էր մոմավառությունից մեկ օր հետո: Հելսինկյան կոմիտեն իրավաբան Արա Ղազարյանի եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ միասին ՄԻԵԴ-ում բողոքարկել էին հավաքների ազատության իրավունքը եւ քաղաքացիների արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի սահմանափակումը:

Երրորդ վճիռը ՄԻԵԴ-ը կայացրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի բողոքի հիման վրա: Փաստաբանը Բագրատ, Նարինե եւ Արեւիկ Նալբանդյանների դատապաշտպանն է եղել, որոնց Գեղարքունիքի մարզի  ոստիկանությունը 2004թ.-ի հունիսի 8-ին կալանքի էր վերցրել դպրոցահասակ աղջկան սպանելու համար: Բողոքաբերը նշել է, որ ոստիկանները բռնություններ են կիրառել իր պաշտպանյալների նկատմամբ` սպանությունը խոստովանելու համար: Նրանք մեկ ամիս առանց փաստաթղթի եւ կարգավիճակի պահվել են ոստիկանությունում, որից հետո օրինականացվել է նրանց ձերբակալությունը:

 Դատարանը Բագրատ Նալբանդյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, նրա կնոջը` Նարինեն Նալբանդյանին` 14 տարվա ազատազրկման: Նրանց դստեր` Արեւիկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Դատարանը նրանց նկատմամբ գործադրված բռնությունների եւ խոշտանգումների փաստը քննարկման առարկա չի դարձրել:

ՄԻԵԴ-ը ճանաչել է Նալբանդյանների նկատմամբ արդար դատաքննության իրավունքի խախտումը` դատարանում դահլիճի մթնոլորտը թույլ չի տվել արդյունվետ պաշտպանություն իրականացնել, անմարդկային վերաբերմունքի խախտումը` խոշտանգում, բռնություններ եւ այլն, նաեւ` դատարանի մատչելիության իրավունքի խախտումը: Ըստ այդմ` Բագրատ Նալբանդյանին ՀՀ-ն պետք է փոխհատուցի 10,000 եվրո, Նարինե Նալբանդյանին` 27,000 եվրո, իսկ նրանց դստերը` Արեւիկ Նալբանդյանին 25,000 եվրո:

Մեկնաբանություններ (6)

hasmik
քանի որ Հայաստանում արդարադատություն չկա, ապա ցանկացած գործ Հայաստանից նույն ճակատագիրն է ունենալու, ցանկացած գործ պետք է ուղարկել Եվրոպական դատարան
Սիամանթո
Ով հայաստանյան արդարադատություն թող ես թքնեմ քո ճակատին
Հակառեժիմ
Ազգովի խայտառակ ենք լինում ողջ աշխարհում, իսկ մեր ղեկավարների հեչ պետքը չի, իրենք շարունակում են նույն հանգստությամբ գռփել չռփել
ՀԱՅՈՒՀԻ
Իմ խեղճ հայ ժողովուրդ, բախտդ չի բրում ոչ հարևանների առումով, ոչ ղեկավարների, ոչ արդարադատների
Արամ
Դպրոցահասակ աղջիկը քանի՞ տարեկան էր, իսկ դաժան դեպքը կատարողները....10 օր աղջկան բռնության են ենթարկել ու սպանե՞լ...չե՞ն պատժվելու
Հասմիկ
Լևոն Գուլյանի սպանությունը կոծկվեց, գնաց, չէ՞, խայտառակ դեպք էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter