
Կոտայքի նորանշանակ մարզպետի անձնական և բիզնես կապերը վարչապետի ընտանիքի հետ
Այսօր կառավարության որոշմամբ Կոտայքի մարզպետ է նշանակվել Աբովյանի գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան: Կ. Գուլոյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2012թ-ից:
Թե Կարապետ Գուլոյանը որ արժանիքների համար է նշանակվել մարզպետի պաշտոնում՝ անհայտ է: Պարզ է միայն, որ Կ. Գուլոյանի ու վարչապետի որդու` Արգամ Աբրահամյանի կանայք քույրեր են:
Նշենք, որ Կարապետ Գուլոյանը Հայաստանի մեծահարուստ քաղաքապետերից է: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ 2014թ. վերջին նրա հաշվին եղել է 1 միլիարդ 352 մլն դրամ, ինչպես նաև 94.000 դոլար: Նույն տարվա սկզբին Կարապետ Գուլոյանի դրամական միջոցներն ավելին են եղել՝ 1 մլրդ 382 մլն դրամ և 124.000 դոլար:
Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն տարեկան աշխատավարձը՝ 2 մլն 620 հազար դրամ:
Կարապետ Գուլոյանի կինը՝ Ռոզա Ծառուկյանը, 2014թ. որևէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն նրա հաշվին եղել է 17 մլն դրամ և 44.000 դոլար:
Մուրադ Գուլոյանի բիզնես գործընկերները
Նշենք, որ Գուլոյանները զբաղվում են բիզնեսով, որոնցից մի մասը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ: «Հետքն» արդեն գրել է, որ 2010թ. հիմնադրված «Աբովյան Սիթի»-ն Աբովյանում հայտնի է` որպես Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի սուպերմարկետ: Ըստ պետռեգիստրի տվյալների՝ այս սուպերմարկետը 50/50 պատկանում է նորանշանակ մարզպետի մորը՝ Նոյեմզար Քալաջյանին և Արգամ Աբրահամյանին: Ընկերության տնօրենը Գուլոյանների ազգականն է՝ 26-ամյա Տիգրան Գուլոյանը:
Կարապետ Գուլոյանի հայրն ու մայրն էլ զգալի կարողության տեր են, սակայն իրենց հայտարարագրերում ոչ բոլորն են նշել: Ըստ հայտարարագրի՝ 2013թ. Մուրադ Գուլոյանը ընկերություններից մեկում 287.595.000 դրամով ձեռք է բերել բաժնեմաս: Իսկ իր հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 270 միլիոն դրամ և 1 մլն 250 հազար դոլար:
Նոյեմզար Քալաջյանը, թեև ընկերություններում բաժնետեր է, սակայն չնչին եկամուտ է հայտարարագրել: 2013թ. նրա միակ եկամուտը եղել է 260 հազար դրամ կենսաթոշակը, իսկ իր հաշվին առկա դրամական միջոցները կազմել են ընդամենը 4.500 դոլար:
2012թ. փետրվարից Մուրադ Գուլոյանին է պատկանում «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ-ի 100% բաժնեմասը:
Մ. Գուլոյանը 50/50 բիզնես ունի մեկ այլ պատգամավորի՝ Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) հետ: Նրանց է պատկանում 2012թ. վերջին հիմնադրված «ՍԱՐՊԵՏ» ՍՊԸ-ն: Այս ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 153.190.000 դրամ: Ըստ հարկային մարմնի՝ «ՍԱՐՊԵՏ» ՍՊԸ-ն զբաղվում է կառուցապատման նախապատրաստական աշխատանքներով: Ընկերության տնօրենը Մուրադ Գուլոյանի եղբայր Վահագն Գուլոյանն է:
Պատգամավոր Գուլոյանը 2014թ. հիմնադրել է «Էկո Ագրո» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերն է: Այս ընկերության տնօրենը ևս պատգամավորի ազգականն է՝ Տիգրան Գուլոյանի եղբայրը՝ Արամ Գուլոյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել