HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Մեկ մանդատ, երկու Հակոբ, երկուսն էլ՝ Հակոբյան

Խորհրդարանի պատգամավորի մանդատի համար թեժ պայքար է սպասվում թիվ 19 ընտրատարածքում, որը ներառում է Էջմիածին քաղաքը՝ 12 գյուղերով:

Եթե 2003-ի ընտրություններին այս ընտրատարածքը ներառում էր միայն Էջմիածինն ու հարակից երեք գյուղերը, ապա ներկայումս այն ընդլայնվել է՝ ի հաշիվ տարածաշրջանի այն գյուղերի, որտեղից պատգամավոր էր ընտրվել Առաքել Մովսիսյանը (Շմայս): Նախկին երեքի փոխարեն 2007-ի ընտրությունների արդյունքում Էջմիածնի տարածաշրջանը երկու պատգամավոր է ունենալու:

Թիվ 20 ընտրատարածքում (ներառում է Էջմիածնի եւ Արմավիրի 10-ից ավելի գյուղական համայնքներ) ընտրապայքար՝ որպես այդպիսին, չի սպասվում: Ինչպես միշտ, այս ընտրատարածքը ընտրություններին մասնակցելու է մեկ թեկնածուով. Հրանտ Գրիգորյանն այստեղ մրցակիցներ «չունի»: Գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին այս ընտրատարածքը «սեփականաշնորհել» է, եւ ոչ ոք չի փորձում այն «խլել» նրանից:

Այլ է պատկերը թիվ 19-ում. խորհրդարանում տեղ ապահովելու համար այս ընտրատարածքում միմյանց դեմ կպայքարեն Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ առնչվող միանգամից երկու թեկնածու. Էջմիածնից երեք ժամկետ անընդմեջ պատգամավոր ընտրված, Հանրապետական կուսակցության անդամ, քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Հակոբ Հակոբյանը եւ անկուսակցական, գեներալ-մայոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն:

Որ Հակոբ Հակոբյանին անձեռնմխելիության մանդատը օդի ու ջրի չափ անհրաժեշտ է, կասկածից վեր է. դա եւս մի ժամանակահատված է պատգամավորին զերծ պահելու իրավապահների հետ գործնական շփումներից: Հետեւաբար, քրեական հետապնդումների թիրախ չդառնալու նպատակը Հակոբյանին, ըստ ամենայնի, կմղի ամեհի «մարտի»:

Պատերազմ շահած նախկին հրամանատարի` Սեդրակ Սարոյանի համար ցանկացած պարտություն անհանդուրժելի է: Հետեւաբար, խորհրդարան մտնելու նրա պայքարը միտված է լինելու միմիայն հաղթանակի:

Առաջադրման համար սահմանված ժամկետի ավարտից 20 րոպե առաջ այս ընտրատարածքում հայտագրվեցին եւս երկու թեկնածուներ` Սուսաննա Հարությունյանն ու ոմն Հակոբ Հակոբյան: Սուսաննա Հարությունյանը, չնայած Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության հետ ջերմ հարաբերություններին, առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ: Վերջին րոպեներին նրա առաջադրումը, ըստ երեւույթին, պայմանավորված էր «Դաշինքի» հետ բանակցություններով. կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն չի վերցրել պաշտպանելու Ս. Հարությունյանին, ու վերջինս մնացել է միայն ընտրողների հույսին: Տիկին Հարությունյանին Էջմիածնում ճանաչում են որպես «մշտական» թեկնածուի. բացառությամբ նախագահականի, մնացած բոլոր ընտրություններին թեկնածուի կարգավիճակով նրա մասնակցությունն արդեն օրինաչափ է դարձել:

Թիվ 19-ի մեծամասնական քառյակի մյուս «հայտնությունը» անկուսակցական Հակոբ Հակոբյան երկրորդն է. Էջմիածնի բնակչությանն անհայտ մեկը, ով աշխատում է Արաբկիրի թաղապետարանում եւ առաջադրվել է անձնական նախաձեռնությամբ: Հակոբ Հակոբյան երկրորդի «ներմուծումը», ամենայն հավանականությամբ, միտված է շփոթեցնելու ընտրազանգվածին:

Մի փաստ եւս, որը կրկին Հ. Հակոբյան առաջինի շահերից չի բխում. տնտեսական բնույթի հանցագործության համար տարեսկզբին կալանավորվեց թիվ 19 ԸԸՀ-ի նախագահ, Հակոբ Հակոբյանի թիմակից եւ մտերիմ ընկեր Արսեն Դավթյանը: Հանձնաժողովի փետրվարի 13-ի նիստում նոր նախագահ է ընտրվել ՀՀԿ Էջմիածնի տարածքային կառույցի նախագահ Մովսես Քարտաշյանը: Ասել է, թե` այս պահի դրությամբ կշեռքի նժարը ծանրանում է ոչ ի նպաստ Հակոբյան առաջինի, ում անունը քվեաթերթիկում առաջինն է լինելու:

Իսկ ընտրողները, ում քվեարկությամբ, ըստ էության, պայմանավորվում է ընտրությունների ելքը, այնքան էլ չեն հավատում, որ իրենց մասնակցությամբ են պայմանավորված ընտրությունների արդյունքները:

«Էդ ե՞րբ է մեր ընտրածով եղել, որ հիմա էլ շահագրգռվենք մասնակցել: Տերերը ում ուզում են, նրան էլ անցկացնում են»,- ասաց Էջմիածնի բնակիչ Արշակ Հովհաննիսյանը, իսկ Ռազմիկ Կարապետյանի կարծիքով՝ ճիշտն այն կլինի, որ բոլոր տեսակի ընտրությունները վերանվանեն մասսայական միջոցառումներ. «Միեւնուն է, ամեն ինչ կատարվում է նախապես կազմված սցենարով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter