Բացվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքը
Այսօր` աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, Երևանում բացվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքը: Համաձայն քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության` կենտրոնի նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարները, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Շնորհավորելով ներկաներին կենտրոնի նոր շենքի բացման առթիվ` Տարոն Մարգարյանն ասել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել կենտրոնին:
«Սրտացավ մի խումբ մարդկանց, կազմակերպությունների և անձամբ տիկին Սարգսյանի անմիջական հետևողականության արդյունքում կարճ ժամանակահատվածում կենտրոնի նոր շենքն արդեն պատրաստ է լիարժեք շահագործման: Շնորհավորելով կենտրոնի սաներին և ծնողներին` իմ շնորհակալությունն եմ հայտնում Աուտիզմի ազգային հիմնադրամին, անձամբ Ձեզ, տիկին Սարգսյան, ինչպես նաև այն ներդրողներին, կազմակերպիչներին ու բարերարներին, ովքեր աջակցեցին և օգնեցին ծրագիրը արագ կյանքի կոչելու հարցում: Որպես Երևանի քաղաքապետ՝ ուզում եմ նաև վստահեցնել, որ մենք միշտ լինելու ենք կենտրոնի կողքին և մեր լիազորությունների շրջանակում աջակցելու ենք», - նշել է Տ.Մարգարյանը:
Հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի տնօրենին է հանձնել կենտրոնի տարածքի ընդլայնման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը:
«Դեռևս մեկ տարի առաջ, երբ այցելեցինք կենտրոնի նոր շենքի շինարարության ընթացքին տեղում հետևելու, ծնողների և կենտրոնի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ցանկություն հայտնեցին, որպեսզի հնարավորության դեպքում տարածքն ընդլայնվի: Դեռ այն ժամանակ մենք խոստացանք, որ հարցը կներկայացնենք հանրապետության վարչապետին և կքննարկենք կառավարության հետ: Եվ այսօր մենք արդեն ունենք այդ համաձայնությունն ու սիրով կենտրոնի տնօրենին ենք հանձնում ընդլայնման համապատասխան որոշումը», - նշել է Տ. Մարգարյանը:
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի կայացման գործում անգնահատելի ներդրման համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն արժանացել է «Աուտիզմի ազգային հիմնադրամ» բարեգործական կազմակերպության շնորհակալագրի:
Կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Տարոն Մարգարյանին, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Քաղաքապետարանը հիշեցնում է, որ դեռևս 2012թ.-ի ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և նախագահությամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամ»: Նույն թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնադրամին տրամադրվեց շենք Գյուրջյան 13 հասցեում, որը քաղաքապետարանի, կրթության և գիտության նախարարության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով հիմնովին վերանորոգվել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել