HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորաբակյան վոտչինա

«Հետքի» նախորդ համարում գրել էինք Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունից առաջ ստեղծված իրավիճակի մասին։

Մեր կանխատեսումներն իրականացան եւ գյուղապետի ընտությունը Նորաբակում անցավ բազմաթիվ խախտումներով։ Սակայն, մինչեւ ընտրության արդյունքը ներկայացնելը, տեղական ինքնակառավարման այս մարմնի պատմությունը սկսենք մի քիչ ավելի հեռվից։

Հանգուցյալ Սամվել Կարապետյանը տասներեք տարի եղել է Նորաբակի գյուղապետ՝ չորս անգամ երեք տարի ժամկետով ստաանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը։ Հինգերորդ անգամ ընտրվել է 2006 թվականի հուլիսին։ Գյուղի բնակիչներն ասում են, թե որեւէ լավ բան այդ գյուղապետի օրոք Նորաբակում չի կատարվել, հակառակը՝ 280 շեն տնից մնացել է 60-ը։

«Ինքն էլ գիտեր, որ գյուղն աջից ձախ քանդել ա». ասում է գյուղապետարանի հողաչափ-գանձապահ Արմեն Ղազարյանն, ով այս ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի վստահված անձն է։ Ըստ նրա՝ նորաբակցիները Սամվել Կարապետյանին ընտրել են, քանի որ վերջինս խնդրել է իրեն «մաքրվելու» ժամանակ տալ։ «Ինչի՞ց պիտի մաքրվեր» հարցին Արմեն Ղազարյանը հոգոց հանելով պատասխանում է. «Յոթ տարի ամբողջ աշխատակազմով աշխատավարձ չենք ստացել։ Եթե ասեմ ժողովուրդը հարկերը չի տվել, սուտ կլինի, բայց ապառքները ուռել-տրաքում են։ Այ դրանից էլ պիտի մաքրվեր»։ Ասում է նաեւ, թե յոթ կիլոմետրանոց ջրատարից ընդամենը վեց հատ խողովակ է մնացել։

Նոյեմբերի քսաներկուսին համայնքի երկարամյա ղեկավարը մահացել է, ինչից հետո, ըստ օրենքի, ավագանու անդամներից մեկը պետք է դառնար համայնքի ղեկավարի պաշտոնակատար եւ մինչեւ նոր ընտրությունը կատարեր նրա պարտականությունները։ Պաշտոնակատարը հայտնվում է գյուղապետի մահվանից երեք ամիս անց՝ փետրվարի քսանին, մինչ այդ համայնքի կնիքը տնօրինում է նրա որդին՝ Արտակ Կարապետյանն, ով մարտի չորսի ընտրության թեկնածուներից մեկն է։

«2007-ի հունվարի ամսաթվով տեղեկանքներ կան Սամվել Կարապետյանի (արդեն հանգուցյալ) ստորագրությամբ ու կնիքով։ Ո՞վ է ստորագրել ու կնքել։ Դեկտեբերին ինձ տեղեկանք էր պետք, քարտուղարը գրել եւ ստորագրել է, տարել եմ Արտակը կնիք է դրել վրան». ասում է Արմեն Ղազարյանը։

Հսկողությունից դուրս մնացած կնիքն օգտագործվել է անգամ նախկին գյուղապետի հուղարկավորության օրը։ «Կարապետյան Ռուբենի անձնագրի մեջ խփած է 24.11.2006 ամսաթվով գրանցում։ Ի՞նչ կարգով, ո՞վ է կնքել, չգիտենք»։

Գյուղացիները գտնում են, որ պաշտոնակատար չնշանակելը, կնիքը ոչ իրավասու մարդու ձեռքում թողնելը, ընտրությունը օրենքով նախատեսվածից ուշ նշանակելը միայն մեկ նպատակ է ունեցել՝ նախկին գյուղապետի որդուն՝ Արտակ Կարապետյանին հնարավորություն տալ զբաղեցնելու հոր աթոռն, ինչն էլ իրականում ստացվել է մարտի չորսին։

«Արտակն ասում ա՝ գալիս եմ պապայի կիսատ գործը շարունակելու։ Դա նշանակում ա, որ դպրոցն էլ շուտով կքանդվի։ Ուրիշ կիսատ գործ չկա։ Եթե գյուղում մի շինություն, մի կառույց կա, թող մատնացույց անեն, ասեմ իրավունք ունի, թող գա կառուցի». ասում է հակառակորդ թեկնածու Վազգեն Ասատրյանի վստահված անձը։

Իսկ ինչ է տեղի ունեցել մարտի չորսին հիմնականում փախստականներով բնակեցված այս գյուղում։ Երեկոյան քվեատուփը բացելիս Արտակ Կարապետյանի օգտին եղել է ինսունմեկ թերթիկ, որոնցից չորսն, ըստ Արմեն Ղազարյանի անվավեր են եղել։ «Արտակն իրականում ստացել էր ութսունյոթ ձայն, բայց հանձնաժողովի անդամների քվեարկությամբ այդ չորս թերթիկը դարձավ վավեր»։

Վազգեն Ասատրյանը ստացել է ինսուն ձայն, որոնցից մեկն իսկապես վավեր չի եղել, սակայն հանձնաժողովի որոշմամբ անվավեր ճանաչվել է տասնութ քվեաթերթիկ։ Արմենն ասում է, թե հանձնաժողովի անդամ Կարեն Ավետիսյանն իբր մարդկանց բացատրելու համար նշումներ է արել թերթիկների վրա, ինչի պատճառով էլ դրանք համարվել են անվավեր։ «Մեր գյուղի ժողովուրդը թող ինձ ներեն, մի քիչ տկար են, անգրագետ են, մարդ կա լավ չի տեսնում, չեն հասկացել, քվեարկել, գցել են»։

Հանձնաժողովի ութ անդամից յոթն Արտակ Կարապետյանի կողմնակիցներն են։ Միայն մեկն է պաշտպանել Վազգեն Ասատրյանի շահերը։ Դա Նորաբակի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Թաթուլ Պետրոսյանն է, ով չի ստորագրել հանձնաժողովի արձանագրությունը, բայց եւ իր ներկայությամբ որեւէ կերպ չի կարողացել կանխել կեղծիքը։

Վազգեն Ասատրյանի կողմնակիցներից Ռուդիկ Մնացականյանն, ով հաշվառման մեջ է, ունի բնակարան, ընտանիք, իր երեխաներով բնակվում է Նորաբակ համայնքում գաղթի ժամանակից մինչ օրս, ներկայացել է կարմիր (սովետական) անձնագրով եւ փախստականի վկայականով, բայց հանձնաժողովը նրան թույլ չի տվել ընտրել։ Ռուդիկը տեղեկանք է խնդրել դատարան դիմելու համար, սակայն չի ստացել։ Նույնը եղել է Լարիսա Աստվածատրյանի դեպքում։ Բայց, օրինակ, Վասիլ Փառաշյանին կարմիր անձնագրով ու փախստականի փաստաթղթով, քվեարկելու իրավունք տրվել է, որովհետեւ նա եղել է Արտակ Կարապետյանի կողմնակիցը։ Քվեարկելու իրավունքից զրկվել է նաեւ տասը տարի Նորաբակի դպրոցում ուսուցչուհի աշխատող Արմենուհի Մարկոսյանը։

Նշված երեք բնակիչներն էլ 2006-ի հուլիսին, երբ ընտրվում էր Արտակ Կարապետյանի հայրը, մասնակցել են քվեարկությանը։ «Էդ ի՞նչ փոխվեց ութ ամսում, որ այս մարդիկ դառան ձայնազուրկ». ասում է Արմեն Ղազարյանը։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Ցուցակում եղել է քսաներկու ընտրող, ովքեր հաշվառվել են վերջին երեք ամսում՝ բնականաբար «անտեր-անտիրական» մնացած կնիքի օգնությամբ։ «Հաշվառել են, որպեսզի ձայն տան Արտակ Կարապետյանին։ Մենք դրանց ընդհանրապես չենք ճանաչել, հանձնաժողովի անդամներն իրանք էլ չեն ճանաչում»,- ասում է Նորաբակի գյուղապետարանի քարտուղար Արթուր Պետրոսյանը։ «Եթե ուզում են ժողովրդի մասին հոգ տանեն մեր կառավարական օղակները, թող թաքուն գան ներկա-բացակա անեն, տեսնեն դրանք համայնքում բնակվո՞ւմ են»։

Ընտրության ընթացքում նրանք գրառել են այդ մարդկանց անունները։ Քսաներկու «ընտրողների» գերակշիռ մեծամասնությունը «Կարապետյան» ազգանունն ունի։ (Ի դեպ, այս քսաներկուսը անցած տարվա հուլիսին չեն մասնակցել գյուղապետի ընտրությանը։) «-Մենք մեր էրեխեքին չենք թողել էսօր դպրոց գնան, տնօրենն էլ գիտի,- ասում է Արմեն Ղազարյանը,- ասինք թող էդ քսաներկուսի էրեխեքը գան դասի, տենանք, կարո՞ղ ա սխալվում ենք»։

Թվերի համադրումից պարզ է դառնում, որ Նորաբակում գյուղապետ է ընտրվել Վազգեն Ասատրյանը, բայց պաշտոնավարելու է Արտակ Կարապետյանը։

Նորաբակցիներն առաջարկում են գյուղի իրական բնակիչներին հավաքել մի տեղ ու բաց քվեարկություն անել։ Եթե մարդիկ ձայն տան Արտակին, նրանք պատրաստ են ընդունելու նախկին գյուղապետի որդուն որպես համայնքի ղեկավար։ Իսկ հիմա խոստանում են թույլ չտալ Արտակ Կարապետյանին աշխատել գյուղում. «Չի աշխատելու, թե ինչ կլնի, մենք չգիտենք վերջը, բայց չի աշխատելու։ Եթե կառավարությունը մեզ չօգնի, մենք ստիպված կլինենք մի ուրիշ բան ձեռնարկել»։

«Պայքարը կուսակցակա՞ն էր». հարցնում եմ զրույցի վերջում։ «Չէ, կարելի ա ասել, չէ։ Երկուսն էլ անկուսակցական են։ Մենք Վազգենին էինք ուզում, որտեւ մարդը Շամխորի շրջանի Սպիտակաշեն գյուղից 88-ին եկել է Նորաբակ, ապրել, աշխատել ու իր քրտինքով կայացած մարդ է դարձել». ասում է Արմեն Ղազարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter