
Ես նորից դիմում եմ Վեհափառ Հայրապետին
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Գիտեմ, որ ապրիլի 5-ին Զատիկն ենք նշելու: Ասում եմ՝ գիտեմ, որովհետև կար ժամանակ, որ չգիտեի, թե երբ են Ողջերի աշխարհում տոնում Քրիստոսի հրաշափառ հարության օրը: Հիշողությանս երկրային ժամանակով մտովի հաշվում էի օրերը, շաբաթներն ու ամիսները: Անցյալ դարավերջում կլոր գերեզմանոցում ո՛չ հեռուստացույց էր թույլատրվում, ո՛չ թերթ ու նամակ: Ներկած կարմիր ձվերի, չամիչով ու բրնձով փլավի, ձկան մասին այստեղ կարելի էր միայն երազել:
Ի՞նչն էր իմ միտքն ու հոգին կենդանի պահում՝ 24 ժամ փակված լինելով քարե դագաղ-պատերի մեջ. սերը կյանքի նկատմամբ, Հավատը, երևակայությունը, գրքերը, անուղղելի լավատեսությունը, մանկության հուշերը:
Զատիկը միակ տոնն է, առավել, քան Ամանորը, որ տեղափոխում է ինձ մանկություն: Բակի տղաներով, աղջիկներով հավաքվում էինք, նստում նորածին խոտերի վրա, ձվերը կռվացնելուց հետո թարխունով փաթաթում էինք լավաշի մեջ, ուտում: Այնքան էլ չէինք գիտակցում Քրիստոսի խաչելության ու հարություն առնելու գաղափարը, բայց առավել, քան հասուն տարիքում զգում էինք կյանքի անմահությունը: Պատահական չէ, որ Քրիստոսն ասել է`թողեք երեխաներն ինձ մոտ գան, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը…
Կրոն, որի առանցքը ՆԵՐՄԱՆ գաղափարն է
2001 թվականն էր՝ նոր հազարամյակ, 21-րդ հարյուրամյակը Քրիստոսի ծննդից հետո: Հայ Առաքելական եկեղեցին ու Հայաստանի Հանրապետությունը նշում էին Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Կրոն, որի առանցքը ՆԵՐՄԱՆ գաղափարն է: Բայց ոչ մի ներում չեղավ, չնայած նրան, որ այստեղ հիմնականում ջահելություն է՝ 18-20 տարեկան զինվորներ կան, Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներ, մեկ վկայով կայացված դատավճիռներ, անմեղ կամ չափազանցված պատիժ կրողներ:
Ֆիլմի սցենարում պատկերավոր նկարագրել եմ քրիստոնեության 1700-ամյակի օրերը երկու զուգահեռ աշխարհներում՝ Ողջերի աշխարհում ու այստեղ՝ Մահվան տանը: Դրսում պաշտոնական պատվիրակությունները, փողկապավոր պաշտոնյաները եկեղեցի են մտնում, խաչակնքվում, պատարագ լսում, իսկ այստեղ՝ քարե խուց-դագաղների մեջ դատապարտյալները մահանում են սովից, հիվանդություններից, ծեծից ու ջարդից: Մինչ օրս երազում տեսնում եմ մեռնողներին: Ամեն մեկից հետո մտածում էինք՝ հաջորդը մենք ենք: Այդ տարիների սարսափների մասին մանրամասն գրել եմ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքում:
Վեհափառին գրած նամակներս այրեցին մոխրամանի մեջ
Երբ թույլատրվեց նամակներ գրել, առաջին նամակներս գրել եմ Վեհափառին, նրան գրել եմ անգամ առաջին փախուստի ժամանակ՝ 2004-ին: Գրել եմ, որ ես մարդ չեմ սպանել: Սակայն, երբ ինձ բռնեցին, քրեական հետախուզության շենքում ԱԱԾ-ից և 6-րդ բաժնից երկու բարձրաստիճան պաշտոնյաներ կարդացին նամակներս, հետո աչքերիս առաջ դրանք վառեցին մոխրամանի մեջ՝ ասելով. «Մոռացի՛ր, որ Հայաստանում գործում է հակահրեական գաղտնի կազմակերպություն. ազգային ու կրոնական ատելության հողի վրա սպանությունների մասին պետք է լռել, հասկանո՞ւմ ես»:
Նորից հայտնվեցի «Նուբարաշենի» բանտում: Ոչ մի դիմում կամ նամակ բանտից դուրս չէր գալիս, ավելին` ինձ զրկել էին նամակագրության իրավունքից, նաև տեսակցությունից: Ծեծ ու ջարդի հետ կապված այցելեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի ներկայացուցիչները և հենց նրանց միջոցով նամակներս, որոնք նորից թաքուն գրել ու պահել էի ներքնակիս մեջ, ուղարկեցի:
Երբ ինձ թույլատրեցին ծանոթանալ անձնական գործիս, այնտեղ ես գտա փաստաթուղթ`ստացված Լարիսա Ալավերդյանի կողմից, որտեղ նա «Նուբարաշեն» ՔԿՀ պետին տեղեկացնում է, որ իմ երկու նամակները ուղարկվել են ՀՀ նախագահին ու Վեհափառին: Մայր Աթոռի արխիվում, փառք Աստծո, պահպանվել է այդ նամակս, որը ներկայացվեց դատական նիստերից մեկի ժամանակ: Ահա նամակից մի հատված.
![]() |
![]() |
Այն ժամանակ Վեհափառի կարգադրությամբ ինձ այցելեց Տեր Արամը, ով մինչ ինձ մոտ գալը գնացել էր ինձ իր ցուցմունքով այստեղ ուղարկողի` Արամ Հարությունյանի մոտ` «Կոշ», բայց Արամը, տեսնելով քահանայի հագուստով մարդուն, հրաժարվել էր նրա հետ զրուցել և ասել` ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ եկեղեցուն:
Դարձյալ դիմում եմ Վեհափառին
Մի քանի օր առաջ դարձյալ դիմել եմ Վեհափառին, որպեսզի Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ հորդորի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին մասնակի ներում շնորհել Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Սողոմոն Քոչարյանի ու իմ երկու փախուստների համար: Եվրոպական բազմաթիվ երկրներում փախուստը կալանավայրից օրենքով չի համարվում հանցանք, քանի որ ազատության ձգտումը համարվում է մարդու նույնքան կենսական, ինչպես ուտելու, բազմանալու, շնչելու բնական պահանջները: Այլ ելք չունենալով հասնել արդարության՝ մենք, վտանգելով ինքներս մեզ, հուսահատությունից դիմել ենք փախուստի ծայրահեղ քայլին: Ազատության մեջ, լինելով տարբեր ծայրահեղ իրավիճակներում, նույնիսկ զանցանք չենք կատարել: Մինչդեռ մի քանի օր ազատության օդը շնչելու համար մեզ դատապարտել են 15 տարվա ազատազրկման՝ փաստացի զրկելով 20 տարի բանտային պայմաններում պատիժ կրելուց հետո գոնե պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից: Փորձում եմ ինձ հանգիստ պահել, բայց իրականում սրտատրոփ սպասում եմ ՀՀ նախագահի պատասխանին:
Ես հավատում եմ Հավատին
Լինելով 24 ժամ փակված 4 պատի մեջ՝ երկար տարիներ ուսումնասիրել եմ մոլորակի հիմնական կրոնական ուղղությունների ծագման, զարգացման պատմությունները: Իսկ Հայր Ռուբենի առաջարկով մի քանի տարի առաջ կարդացի Ռաֆայել Պապայանի «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» աշխատությունը:
Հավատ ու կրոն հասկացություններն ինձ համար նույնական չեն: Ես դրանք տարանջատում եմ: Հավատն ապրում է մարդու հոգում, կարծում եմ՝ ուժեղ դրական լիցք է, որը կարող է հրաշքներ գործել: Իսկ կրոնը հոգևոր քաղաքականությունն է, որը կիրառվում է հասարակությունների հոգևոր բնազդները կառավարելի դարձնելու նպատակով: Այս ամենի մասին գրել եմ իմ «Հավատի բանականություն» ստեղծագործության մեջ:
Ինձ համարում եմ հավատավոր մարդ, բայց ոչ կույր ու միամիտ հավատավոր: Ես հավատում եմ Հավատին: Իմ պատկերացմամբ, գերհզոր մի ուժ մարդկանց տվել է կյանք, ապրելու հնարավորություն, նվիրել է օրեր: Իսկ ամեն սկսվող Օրը ոչ այլ ինչ է, քան հնարավորություն փոխելու վատը՝ դրանով իսկ անմահանալու:
Ես հավատում եմ, որ վերադառնալու եմ այնտեղ, ուր ողջ էությունս է, վերադառնալու եմ ֆիզիկական ազատություն: Եվ այդ Հավատն է, որ ամեն օր ինձ պայքարի, աշխատելու, չնահանջելու, պրպտելու, սովորելու կոչ է անում:
Հ.Գ. Մի քանի տարի է՝ եկեղեցական տոներին մեզ այցելում է Տեր Գրիգորը: Այստեղ բաժանում են կարմիր ներկված ձվեր, միասին աղոթք ենք ասում, շնորհակալություն հայտնում մեզ շնորհված ամեն օրվա համար:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել