HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ տիրույթում է Բարեկամավանը

«Էս գյուղը ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղ ա: Հայաստանի հյուսիս-արեւելյան դարպասն ա պահում»,- ասում է Բարեկամավանի գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը:

Թե ինչքան ժամանակ կպահի այդ դարպասը Տավուշի մարզի Բարեկամավան (նախկինում` Դոստլու) գյուղը, դժվար է ասել:

Ադրբեջանի սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող գյուղն ապրելու, գոյատեւելու խնդիր ունի:

Գտնվելով ադրբեջանական չորս գյուղերի հարեւանությամբ, որոնց բնակչության ընդհանուր թիվը 30.000 է (ավելի շատ, քան Նոյեմբերյան քաղաքի բնակչությունը), Բարեկամավանը մնացել է լքված ու դատարկ:

Երբեմնի մարդաշատ ու կենսախինդ բնակավայրը, գյուղացիների հավաստմամբ, աստիճանաբար մահանում է: Մատների վրա կարելի է հաշվել գյուղում մնացած երիտասարդներին, որոնց միակ զբաղմունքը անասնապահությունն է:

«Որ գիշերը քունս կտրում ա, զարթնում եմ, համբարում եմ` ընդամենը 200 տնտեսություն ա, 100 տունը փակած ա, բրախած ա, ոչ մի մարդ չկա»,- ասում է բարեկամավանցի Ջհան պապը:

Սիրան տատը ծնված օրից այս գյուղում է: «Ապրել ենք մին լավ, մին վատ, լավ աշխատող ենք եղել, համա թե հարված եկավ էս գեղին: Մոտիկ ենք թուրքերիցը, մեզ հարված շատ դիպավ»,- ասում է Սիրան տատը: Գյուղի գրեթե բոլոր տարեցների պես նա էլ տանը մենակ է ապրում: 1992-ի բախումների ժամանակ կորցրել է որդուն, ավելի ուշ զոհվել է թոռը։ Նրա հարազատները գյուղում չեն։ «Որը Ռուսաստանում է, որը` Այրումում»,- հոգոց հանելով ասում է նա:

Սիրան տատի ապրուստի միակ միջոցը 16.000 դրամ թոշակն է եւ տնամերձ հողամասը, որից ստացած բարիքները նա բաժանում է հարազատներին: Կարոտով է հիշում այն ժամանակները, երբ իրենց թաղում մեծ թվով երիտասարդություն կար, երբ ամենուր խինդ ու ծիծաղ էր. «Էն կռանը մի մարդ կար, հմի մեռել ա: Դուս գար երեխանցը ուշունց տար, ասեր` քունս տանում չի: Հմի միշտ ասում եմ` դե հմի լա դուս գա, տենա ո՞վ կա»:

Սիրան տատի հարեւանուհին` Սաթիկ տատը, նույնպես մենակ է ապրում: Զավակները Ռուսաստանում են:

Ժամանակին Սաթիկ տատը եղել է գյուղի բուժկետի վարիչը, իսկ այսօր դժգոհությամբ է խոսում բուժօգնության մասին.

«Ճնշում ունիմ, չափող չկա, ո՞վ ա գալի: Գալ չեն, պետք ա վարձատրես»: Պատմում է, թե ինչպես է ամբողջ գյուղով ման եկել, բուժումներ ու պատվաստումներ արել, խնամել հիվանդներին:

Բուժկետը, որ նորոգվել է USAID-ի, «World Vision»-ի եւ «Ապավեն համայնքներին» հիմնադրամի միջոցներով, հնարավորության սահմաններում խնամում է գյուղի տարեցներին։ Բուժքույր Իրինան ասում է, որ բնակիչները հիմնականում տառապում են շաքարային հիվանդություններով, ինչը, նրա կարծիքով, պատերազմի, վախի ու ապրումների հետեւանք է:

Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանն արագ հաշվում է աշխատանք ունեցողներին՝ քսանից չեն անցնում։

«Առաջին հերթին աշխատանք պետք է լինի,- ասում է նա։- Որ աշխատանք չկա, դրա համար էլ երիտասարդությունը, պարապ մնալով, ապրուստի միջոց չունի»:

Իսկ աշխատանք չի կարող լինել, որովհետեւ բարեկամավանցիները հող մշակելու հնարավորություն չունեն։ «1994 թվականից բարեկամավանցին մի մետր հող չի մշակում, ու ոչ մի մտածող էլ չկա էդ հողի համար»,- ասում է գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը: Բանն այն է, որ գյուղացիների սեփականաշնորհած հողերը գտնվում են սահմանի մոտ: Որոշ տարածքներ էլ դեռ ականապատված են: Գյուղացուն մնում է միայն «յոլա գնալ» տնամերձ փոքրիկ հողակտորներով, որոնք ոչ միայն եկամտաբեր չեն, այլեւ հազիվ են բավարարում ընտանիքի կենսական պահանջները: Իսկ սահմանին մոտ գտնվող հողերը մնում են անտեր ու անմշակ: Չնայած` ոմանք հաճախ ռիսկի են դիմում եւ գիշերով այդ դաշտերից խոտ են բերում անասունների համար:

Գյուղապետը համոզված է, որ աշխատատեղ ստեղծվելու դեպքում մարդիկ կմնան գյուղում, կաշխատեն, հեռացածներն էլ կվերադառնան։ «Նրանց վիճակն էլ Ռուսաստանում էն չի, հազար ու մի պրոբլեմ ունեն՝ անձնագրի, քաղաքացիության»։ Շատերը հույս ունեն, որ մի օր այդ խնդիրները կստիպեն իրենց համագյուղացիներին հետ գալ։ «Ասում են դուս են անում, որ գնացեք ձեր երկիրը՝ թուրք ա, հայ ա, վրացի ա, ինչ որ ա, քաղաքիցը դուս են անում: Ճիշտն ասած` սպասում եմ նրանց գալուն»,- ասում է Ջհան պապը:

Բարեկամավանում լուծված չեն ոռոգման ջրի եւ գազաֆիկացման խնդիրները: Հովիկ Ղարաքեշիշյանը չկարողացավ հստակ պատասխանել, թե երբ կլուծվեն դրանք. «Եսիմ, ե՞րբ կըլնի, պետք ա ըլնի»: Գյուղացուն մնում է միայն սպասել, թե երբ անձրեւ կգա, որպեսզի կարողանա հավաքել այդ ջուրը` գոնե տնամերձ այգիները ջրելու համար:

Գտնվելով անտառապատ լեռների ստորոտում` Բարեկամավանի բնակիչները ձմռանը վառելիքի պակաս չունեն։ Այդ խնդիրը լուծում են մոտակա անտառների հաշվին:

«Հնարավոր չի, որ մարդն իրա երեխան ցրտում պահի, պետք ա անպայման վառելիք ձեռք բերի, ստիպված կտրում ա, գողանում ա: Չես կարա ոչ մեկին արգելես»,- ասում է Հովիկ Ղարաքեշիշյանը։ Եթե առաջիկայում գյուղը չգազաֆիկացվի, կարճ ժամանակ անց անտառները կվերանան։

Բարեկամավանցիները ընտրությունների հանդեպ թերահավատ են:

Ժամանակին պատգամավոր են ընտրել Հովիկ Աբովյանին, բայց ասում են, թե խոստումներից բացի ոչինչ չեն տեսել։ «Էդ պատգամավորը շատ դեպքում ընտրվում ա ինքն իրա ջեբի համար: Էնքան իրա ջեբը լիքն ըլի, նա իմ ու քո համար խի՞ ա մտածում»,- ասում է Ջհան պապը:

Հիմա էլ ոչ մեկին չեն հավատում ու կարծես չեն էլ պատրաստվում մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին` պատճառաբանելով, թե ոչ ոք չի մտածելու տեսադաշտից դուրս մնացած այս գյուղի մասին:

Բարեկամավանում բազմաթիվ են խնդիրները։ Չի գործում մշակույթի տունը , որը քանդվել է պատերազմի ժամանակ։ Չկա ժամանցի որեւէ այլ կենտրոն։ Գյուղի փոստատունը թերթեր չի ստանում. գյուղացին գումար չունի ավելորդ ծախսերի համար։ Փոխարենը մեզ ցույց տվեցին խաչբառ պարունակող թերթերի հսկա մի կույտ, որը, թերեւս, գյուղացիներին կարող է օգնել միայն ձանձրույթը սպանելու հարցում, բայց ոչ երբեք տեղեկատվության պակասը լրացնելու։

Այդ պակասը չի լրացնում նաեւ հեռուստատեսությունը։ Դպրոցի տանիքին տեղադրված ալեհավաքը գյուղին տրամադրում է միայն Հ1-ի արբանյակային հեռարձակումը, մինչդեռ առանց ալեհավաքների բարեկամավանցիները դիտում են երեք ադրբեջանական եւ երեք վրացական ալիքներ ու չեն հասկանում, թե ում տիրույթում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter