HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի (որը կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն էր) իրականացման ուղղությամբ ՀՀ ՊՆ իրավասության շրջանակում կատարվող աշխատանքները, կարծիքներ փոխանակվեցին զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության ոլորտում նաև ՆԱՏՕ-ի փորձի ուսումնասիրության և այս ուղղությամբ համագործակցության խորացման վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը, Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում սեփական փորձը ևս ներկայացնել գործընկեր պետություններին: Նա հավելեց, որ ՀՀ ՊՆ կողմից որդեգրած քայլ առ քայլ քաղաքականությունն իրեն արդարացնում է, որի ցուցիչներից են կանանց ներգրավումը պաշտպանական քաղաքականության ձևավորման գործընթացում, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի կուրսանտների թվի աստիճանական աճը: Շեշտվեց, որ այս ուղղությամբ զարգացումների արդյունքում կդիտարկվի նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ստորաբաժանումների կազմում կին զինծառայողների ընդգրկման հնարավորությունը:

Դեսպան Շուրմանն իր հերթին նշեց, որ ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերի արդյունավետությունը տեսանելի է, ինչին նպաստում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ ՀՀ ՊՆ բաց ու կառուցողական աշխատանքը: Նա պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել այս ոլորտում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող աշխատանքներին ՀՀ ՊՆ ներկայացվածության մեծացման ուղղությամբ: Դեսպան Մարիետ Շուրմանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է նաև ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի զինծառայող կանանց հետ:

Քննարկվել են ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կիրարկման միջազգային փորձի, զինված ուժերում կանանց դերի, նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր: Հանդիպումներից հետո պատվիրակությունն ուղևորվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում ուսանող իգական սեռի կուրսանտների հետ:

Դեսպանի խնդրանքով կուրսանտները ներկայացրել են պրոֆեսիոնալ զինվորական ծառայության անցնելու իրենց պատմությունները, պատմել, թե ինչպես են ընտանիքները և շրջապատն արձագանքել զինված ուժերի հետ կյանքը կապելու իրենց որոշումներին, ընդգծել են հասարակության մեջ իգական սեռի կուրսանտների նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Կուրսանտների խնդրանքով պատվիրակության անդամներն էլ համառոտ ներկայացրել են իգական սեռի համար ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու և զինվորական ծառայության անցնելու միջազգային փորձը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter