HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. հայ որբերի երախտիքի վկան

Արևմտյան Հայաստանում հայերի կոտորածի ժամանակ հարյուր հազարավոր երեխաներ որբացան: Նրանցից շատերը հետագայում պետք է դառնային «մի քաղաքի բնակիչներ», որը պետք է  կոչվեր «Որբաքաղաք»: Ալեքսանդրապոլի Սևերսկ, Պոլիգոն եւ Կազաչի պոստ նախկին զինվորական ավանները պետք է ծառայեին որպես  որբանոցներ: Հայոց ցեղասպանության թանգարանում պահվող մի  լուսանկար ամբողջ մեր ժողովրդի զավակների պատմության վկան է. դրանում հայ բախտակից որբերն են` միասնական, կանգուն, երախտապարտ: Լուսանկարն արվել է 1920-ական թթ. Սևերսկի նախկին զինվորական ավանում: Ի դեպ, այստեղի որբանոցում հավաքված էին միայն աղջիկներ: Լուսանկարում շուրջ 2 հազար հայ սանուհիներ կանգնել են այնպիսի դասավորությամբ, որ նրանց դիտելիս կարելի է կարդալ. «AMERICA WE THANK YOU» (Ամերիկա, շնորհակալ ենք): Իսկ շնորհակալ լինելու պատճառներն անմիջականորեն կապված են լուսանկարում երևացող  որբանոցի տանիքի վրայի գրության հետ` «NEAR EAST RELIEF»:  

1915թ. Մերձավոր Արևելքի միլիոնավոր հայ կարիքավորներին օգնելու նպատակով Ամերիկայում սկիզբ առավ մարդասիրական շարժում, արդյունքում ստեղծվեց Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն, որը նպատակ ուներ դրամահավաքների և հանգանակությունների միջոցով օգնություն ցուցաբերել հայ կարիքավորներին, գաղթականներին ու որբերին: Կոմիտեի աշխատակիցների եւ Ալեքսանդրապոլի քաղաքապետի միջեւ կնքվում է պայմանագիր, ըստ որի՝ քաղաքի բոլոր հայ որբերին խնամելու գործը ստանձնում է այս կազմակերպությունը: Քաղաքի փողոցներից հավաքում էին հայ որբերին եւ համապատասխան խնամք,  բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ապաստան էին տրամադրում որբանոցներում: Հայ որբերի կենսապահովմանն ուղղված մեծամասշտաբ  քարոզչություն էր  տարվում Ամերիկայում: Անգամ նախագահ Վուդրո Վիլսոնը հանդես էր գալիս կազմակերպվող դրամահավաքներին մասնակցելու կոչով` խրախուսելով մարդասիրական գործունեությունը:  Ի վերջո, 1915-1930-ականներին այս կազմակերպության ջանքերով հավաքվեց շուրջ 117 միլիոն ԱՄՆ դոլար, որն օգտագործվեց ի նպաստ հայ գաղթականների և  որբերի:  Եվ հասկանալի է, որ վերջիններս պետք է ինչ-որ կերպ իրենց երախտապարտությունը հայտնեին Ամերիկային: Այս լուսանկարը միակը չէ. հետագայում հավաքչական աշխատանքի արդյունքում աճուրդներից, ազգային արխիվից ու  նվիրատվությունների արդյունքում ձեռք բերված այլ  լուսանկարներից երևում է, որ  որբերը հավերժացել են` միասնաբար կազմելով, օրինակ, «MERRY CHRISTMAS» գրությունը, խաչի պատկեր և այլն: Ի դեպ, այդ լուսանկարներով ԱՄՆ-ում թողարկվում էին  փոստային բացիկներ:

 

Աննա Բաբաջանյան

Նյութի պատրաստմանն աջակցել է Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Պետք է գրվեր «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԿԱՆ» : Հեղինակը համատարած սխալ է կրկնել: Երախտիքը մարդու արարքն է, գործը, վաստակը, բարեգործությունը, այն ամենը , ինչի համար, մենք նրան մեր շնորհակալության խոսքն ենք ասում: Հենց այդ իրողությունն ենք արտահայտում, այսինքն՝ նրա երախտիքը գիտենալը՝ երախտագիտություն: Երախտիքը իրողությունն է, երախտագիտությունը՝ զգացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter