
Հայաստանում ծխախոտի արտադրությունը ծաղկում է
Սեդա Հերգնյան
2014 թվականին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2013-ի համեմատ, աճել է 36.5%-ով՝ կազմելով մոտ 65.4 մլրդ դրամ։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 12.774 մլրդ հատ սիգարետ (այդ թվում՝ սիգար, սիգարիլլա), որը 65.3%-ով ավելին է, քան 2013-ին արտադրված սիգարետների քանակը:
Արձանագրված աճի արդյունքում նախորդ տարի Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 7.6%։ Սա մեր տնտեսության համար լավ ցուցանիշ է:
Հայաստանում ծխախոտ արտադրող երեք խոշոր ընկերություն կա` «Գրանդ Տոբակոն», «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը» և «Մասիս Տոբակոն»: Դրանք երեքն էլ պատկանում են «Գրանդ Հոլդինգ»-ին, որը Հայաստանի ամենամեծ կորպորացիան է ու ներառում է արտադրության տարբեր ոլորտներ: Ինչպես տեղեկացանք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՀՀ ՏՄՊՊՀ), ծխախոտի շուկայում այս երեք ընկերություններից ամենամեծ մասնաբաժինը պատկանում է «Գրանդ Տոբակո»-ին, մասնավորապես՝ ֆիլտրով ծխախոտի արտադրության 50.8%-ը և առանց ֆիլտրի՝ 92.3%-ը: Այսինքն՝ համարվում է շուկայում գերիշխող դիրք ունեցող:
«Գրանդ Հոլդինգի»-ի սեփականատեր Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ հոլդինգը նախորդ տարի 15 մլն դոլարի ներդրում է կատարել ծխախոտի արտադրության ոլորտում՝ 3 մլն դոլարով ավելի, քան 2013-ին: Ավելացվել է ծխախոտի չորանոցների քանակը: Այս ամենը և արտահանման աճը նսպաստել են Հայաստանում ծխախոտի արտադրության ընդլայնմանը:
«Գրանդ հոլդինգը»-ի նշված երեք արտադրողները ներառված են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: «Գրանդ Տոբակոն»-ն 2014-ին պետությանը վճարել է 10.465 մլրդ դրամի հարկ, «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը»` 5.892 մլրդ դրամի, իսկ «Մասիս Տոբակոն»՝ 1.224 մլրդ դրամի: Ընդհանուր հաշվարկով՝ նախորդ տարի «Գրանդ հոլդինգը»-ը ծխախոտի արտադրության ոլորտում ծավալած գործունեության արդյունքում վճարել է մոտ 17.6 մլրդ դրամի հարկ՝ 2013-ի 14.36 մլրդ դրամի դիմաց: Միայն «Գրանդ Տոբակո»-ի վճարած հարկերը նախորդ տարի, 2013-ի համեմատ, ավելացել են 5.5 մլրդ դրամով, իսկ «Մասիս Տոբակո»-ինը՝ նվազել 2.87 մլրդ դրամով:
Հայաստանում ծխախոտի ցանքային տարածությամբ առաջին տեղում Տավուշի մարզն է: Այնուհետև, հաջորդում են Արարատի և Արմավիրի մարզերը:
Զգալի աճել են Հայաստանից ծխախոտի արտահանման ծավալները
ՀՀ մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ 2014-ին Հայաստանից արտահանվել է մոտ 10.676 մլրդ հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա), որը 4.626 մլրդ հատով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Նախորդ տարի արտահանված սիգարետի մաքսային արժեքը կազմել է 116.55 մլն դոլար: «Գրանդ Հոլդինգի»-ի սեփականատեր Կարեն Վարդանյանի խոսքով՝ նախորդ տարի «Գրանդ Տոբակոն», «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը» և «Մասիս Տոբակոն» միասին արտահանել են 116 մլն դոլարի ծխախոտային արտադրանք: Այսինքն՝ արտահանման ընդհանուր ցուցանիշը ձևավորվել է հենց «Գրանդ հոլդինգը»-ի ցուցանիշների հիման վրա: «Գրանդ հոլդինգը»-ի արտադրած ծխախոտի 80%-ն այսօր արտահանվում է:
Նախորդ տարի Հայաստանից սիգարետների արտահանումն աճել է հիմնականում ի հաշի դեպի Իրաք (2013-ի համեմատ աճել է 32.8 մլն դոլարով) և Սիրիա (աճը՝ 15.3 մլն դոլար) արտահանված ծխախոտի ծավալների մեծացման հաշվին: Աճել են նաև դեպի Հորդանան, Վրաստան և ԱՄԷ արտահանման ծավալները: Փոխարենը նվազել է դեպի Թուրքմենստան (նվազումը՝ 5 մլն դոլար) և Ռուսաստան (նվազումը՝ 471 հազ. դոլար) արտահանումը:
Ոչ մեծ քանակությամբ հայկական սիգարետ արտահանվել է նաև Աֆղանստան, Գերմանիա, Աբխազիա, Իտալիա, Հոնկոնգ, Հարավային Կորեա, ԼՂՀ, ԱՄՆ, Մոլդովա, Շվեդիա և Ուկրաինա:
Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից սիգարետի արտահանումն անշեղորեն աճել է:
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալը մեծ հավանականությամբ կազդի ծախախոտի արտահանման այս տարվա պատկերի վրա: Լավ, թե՞ վատ՝ ցույց կտան տարեվերջյան ցուցանիշները: Համենայնդեպս, Կարեն Վարդանյանը համոզված է, որ Հայաստանի գործարարները պետք է փորձեն օգտագործել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորությունները և ընդլայնել արտահանման շուկաները: Նրա խոսքով` ԵԱՏՄ-ն շատ մեծ շուկա է հայ արտադրողների համար, և ճիշտ գործելու պարագայում, նրանք կարող են լուրջ հաջողությունների հասնել:
Հայաստան սիգարետ ներմուծողների դիրքերը թուլանցել են
2014-ին Հայաստան է ներմուծվել 44.6 մլն դոլարի սիգարետ՝ 16.8 մլն դոլարով պակաս քան 2013-ին: Ինչպես այդ տարի, 2014-ին ևս սիգարետի մեծ մասը ներմուծվել է Ուկրաինայից և Ռուսաստանից:
2007-2012-ին Հայաստանում սիգարետի ներմուծումը մեծ տարբերությամբ գերազանցում էր արտահանմանը: Բայց 2013-ից արտահանումը նոր թափ ստացավ: Արդյունքում՝ վերջին երկու տարում Հայաստանը ավելի շատ սիգարետ է արտահանում, քան ներմուծում: Մասնավորապես 2014-ին՝ 71.9 մլն դոլարով ավելին:
Ներմուծման ծավալների կրճատումը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ հանգամանքներով: Նախ դա կարող է խոսել այն մասին, որ այս ոլորտում հայ արտադրողին հաջողվել է հասնել այնպիսի ծավալների, որը բավարարում է ներքին սպառողի պահանջարկը: Հետո՝ հնարավոր է, որ հայ սպառողները սկսել են ավելի քիչ ծխել: Ծխողների թվի վերաբերյալ, սակայն, հստակ տեղեկություն չկա: Հնարավոր է նաև, որ նվազել է բնակչության գնողունակությունը, որի հետևանքով սպառողը սկսել է նախապատվություն տալ տեղական սիգարետին, քանի որ ներմուծվածը, որպես կանոն, ավելի թանկ է լինում: Եվ ինչու չէ՝ տեղական արտադրողը նաև կարող է պնդել, որ իր արտադրանքը որակապես գերազանցում է ներմուծվածին, ու դա է պատճառը, որ սպառողը ընտրում է տեղականը: Սրանք հնարավոր պատճառներից միայն մի քանիսն են: Ներմուծողները նախըտրում են լռել այդ պատճառների մասին: Ամեն դեպքում ինչ պատճառ էլ որ լինի, բոլորի հիմքում ներմուծված սիգարետի պահանջարկի նվազում է:
Դատելով պետությանը վճարած հարկերի չափից՝ Հայաստանում սիգարետի առաջատար ներկրողներն են «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ առավել հայտնի է «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» «Մարլբորո» ապրանքանիշով, «Վիդիս դիսթրիբյուշնը», որը գրանցված է որպես «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» դիստրիբյուտր Հայաստանում, «Ավերսը»՝ «Դավիդով»-ով, «Հարդ Լայթսը»՝ կորեական КТ&G-ի «Էսսե»-ով և «Ջփեն տոբակո ինթերնեշնի» («Վինսթոն», «Քամել», «Մոնտե Կարլո», «Սոբրանիե») հետ կապված 3 կազմակերպությունները Հայաստանում՝ «Արսօյլը», «Ջեյ թի այ Արմենիան» ու «Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյ» հայաստանյան ներկայացուցչությունը:
Նրանց մի մասը նվազեցրել է ՀՀ պետբյուջե վճարած հարկերը, մի մասն էլ՝ որոշ չափով ավելացրել: 2014-ին «Ֆիլիպ Մորիսը» վճարել 8 մլրդ դրամի հարկ (1 մլրդ դրամով պակաս, քան 2013-ին), «Ավերսը»՝ 2.9 մլրդ դրամի (3.7 մլրդ դրամով պակաս), «Արսօյլը»՝ 6.7 մլրդ դրամի (5 մլն դրամով ավելի):
Իսկ «Հարդ Լայթսի», «Վիդիս դիսթրիբյուշնի», «Ջեյ թի այ Արմենիայի» և «Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյի» հայաստանյան ներկայացուցչության յուրաքանչյուրի վճարած հարկերը չեն գերազանցում 1 մլրդ դրամը:
Մեկնաբանել