HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը զեկույցում անդրադարձել է բժշկական համալսարանի ուսանողներին անվճար տեղերից զրկելու որոշմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ապրիլի 4-ին հրապարակել է «2014թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը: Այս զեկույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողներին անվճար տեղերից զրկելու որոշմանը, ինչի մասին «Հետքը» գրել է: «Երևանի պետական բժշկական համալսարանը օրենքից չբխող սահմանափակումներ է ընդունել, ինչի հետևանքով պետության կողմից հատկացված անվճար տեղերի մի մասը չի տրամադրվել ուսանողներին»,- եզրակացրել է Կարեն Անդրեասյանը:

«2014 թվականին Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքներից պարզվել է, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետին 2011-2012թթ. ուսումնական տարում հատկացված 54 անվճար տեղերից 2014-2015թթ. ուսումնական տարում բաշխվել է միայն 29-ը:

 Նշենք, որ, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս:

Ստացվում է, որ 2011-2012թթ. ուսումնական տարում հատկացված 54 տեղերն ամբողջությամբ չեն տեղափոխվել կուրսից կուրս: Նախարարությունից հայտնել են, որ նշյալ անվճար ուսուցման տեղերի մի մասը մնացել է թափուր, քանի որ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների փոխատեղումը կատարվել է` համաձայն բուհի կողմից 27.11.2013 թվականին հաստատված «Ուսանողների գնահատման համակարգում ստուգարքների և քննությունների անցկացման ու հանձնման» կարգի (Կարգ) պահանջների: Նշյալ Կարգով սահմանվում է, որ ակադեմիական պարտքերի մարման շրջանում պարտքերը հանձնած ուսանողները չեն կարող մասնակցել ուսման վարձի լրիվ փոխհատուցման (անվճար) համակարգում ընդգրկվելու համար անցկացվող փոխատեղման մրցույթին (ռոտացիա):

Հարկ է նշել, սակայն, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» մասին ՀՀ օրենքի (Օրենք) և ԲՈՒՀ-ի և ուսանողի միջև կնքված երկկողմ պայմանագրի համաձայն` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվում է, որ առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական ԲՈՒՀ-երի ընդունելության կանոններով սահմանված կարգով ԲՈՒՀ ընդունված ուսանողներին, իսկ հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով:

Ավելին, օրենսդրությամբ չի սահմանվում «առավել բարձր առաջադիմություն» եզրույթը, իսկ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ չի նախատեսվում ռոտացիայի մրցույթին մասնակցելու բացառություն ակադեմիական պարտք ունեցող ուսանողի համար: Ստացվում է, որ Կարգով սահմանափակվում է ԲՈՒՀ-ին հատկացված անվճար տեղերի մրցույթին մասնակցելու ուսանողի իրավունքը:

Նշենք, որ Սահմանադրությամբ հստակ նշվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները սահմանվում են բացառապես ՀՀ օրենքներով: Տվյալ դեպքում ստացվում է, որ Կարգով սահմանափակվել են ուսանողների իրավունքները: Փաստորեն, «առավել բարձր առաջադիմություն» եզրույթի օրենսդրական ձևակերպման բացակայության հետևանքով, ԲՈՒՀ-ի ներքին իրավական ակտով սահմանփակվել է մի շարք ուսանողների՝ պետության կողմից հատկացված անվճար տեղերից օգտվելու իրավունքը:

Առաջարկ. ձեռնարկել միջոցներ «առավել բարձր առաջադիմություն» եզրույթի օրենսդրական սահմանման նախատեսման, ինչպես նաև ուսանողների՝ պետության կողմից հատկացված անվճար տեղերից օգտվելու իրավունքի վերականգնման ուղղությամբ»:

Մեկնաբանություններ (1)

Վալյա
ՎԵՐՋԱՊԵՍ!!!!!!!Շնորհակալություն լրագրող Մարինե Մադաթյանին եւ դրական վերջակետ դրած մարդու իրավունքների պաշտպան պրն․ Անդրեասյանին։ Հաջորդ քայլը ինչ պիտի լինի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter