«Համաձայնագրի արդյունքում Իրանի դրության լավացումը օգուտ կլինի Հայաստանին». Հրանտ Բագրատյան
Սեդա Հերգնյան
«Եթե միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագրի արդյունքում Իրանի տնտեսական դրությունը լավանա, դա օգուտ կլինի նաև Հայաստանին», - «Հետքի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ հաշվի առնելով երկու հարևան երկրների առևտրատնտեսական հարաբերությունները:
Ըստ նրա՝ այդ համաձայնագիրը Իրանին մեծ հնարավորություններ է տալիս բարելավելու երկրի տնտեսական իրավիճակը: Տնտեսագետը չառանձնացրեց կոնկրետ հնարավորություններ և թե արդյունքում ինչ կարող է փոխվել Հայաստանի հետ կապված տնտեսական ցուցանիշներում՝ միայն նշելով, որ այդ հնարավորությունները Իրանին կտրվեն պատժամիջոցներից ազատվելու հետևանքով: Եվրոպական Միությունը էմբարգո էր սահմանել Իրանից նավթի ներկրման վրա և սառեցրել բանկերում իրանական հաշիվները:
Հ. Բագրատյանի խոսքով՝ նշված համաձայնագիրը կարող է հանգեցնել Իրանի տնտեսական աճին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանը և միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան երկարատեւ բանակցություններից հետո շրջանակային համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ըստ համաձայնագրի՝ մինչև 10 տարի ժամկետով սահմանափակվելու է Իրանի՝ ուրանի հարստացման և ատոմային հետազոտություններ անցկացնելու հնարավորությունը: Մինչև 15 տարի ժամկետով Իրանը չի կառուցի նոր ատոմային օբյեկտներ, և կնվազեցնի հարստացված ուրանի պաշարները: Վերջնական համաձայնագրի մշակումը պետք է տեղի ունենա մինչև հունիսի 30-ը:
Իսկ պատժամիջոցները շարունակելու են գործել մինչև վերջնական համաձայնագրի կնքումն ու իրականացումը:
Նշենք, որ 2014-ի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.9 %-ը, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, բաժին է ընկել Իրանի հետ առևտրին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել