HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական իշխանությունները փորձում են ձախողե՞լ միջազգային մամուլի կողմից Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների լուսաբանումը

Նման հարցադրմամբ նյութ է հրապարակել ֆրանսիական RFI-ն (Radio France Internationale)` հայտնելով, որ մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրող Էնդի Սպիրային Ստամբուլի օդանավակայանում արգելել են մուտք գործել երկիր, որտեղ նա պետք է լուսաբաներ 1915-ի Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները: Էնդի Սպիրային թուրքակական իշխանությունները «օրենքից դուրս» են հայտարարել եւ մեկ գիշեր ձերբակալվածի կարգավիճակում պահելով` ետ են ուղարկել իր երկիր: Նրան նախ մի լավ հարցաքննել են, ապա` խուզարկել` այդ թվում իր մոտ ունեցած հիշողության քարտերը եւ լուսանկարչական աշխատանքները, բացատրել են, որ ինքը «պերսոնա նոն գրատա» է Թուրքիայում «անվտանգության նկատառումներով»:

Գերմանիա վերադառնալով` ֆոտոլրագրողը տեղեկացել է, որ թուրքական իշխանությունները կապ են հաստատել գերմանական ոստիկանության հետ` ճշտելու իր ինքնությունը` ջիհադիստական ցանցերի հետ ունեցած կապի կասկածանքի հիմքով: Եվ, չնայած գերմանական հատուկ ծառայությունները հաստատել են լրագրողի անմեղությունը, թուրքական իշխանությունները առաջին իսկ ինքնաթիռով նրան ուղարկել են Դյուսելդորֆ: Der Spiegel պարբերականը, որի համար Էնդի Սպիրան պետք է լուսաբաներ 100-ամյակի միջոցառումները, այս մասին հաղորդել է ապրիլի 4-ին: Անձամբ լրագրողի համար, ըստ RFI-ի, իր արտաքսման պատրվակը կեղծ է: Նրա կարծիքով` պատճառը երկու շաբաթ առաջ իր հրապարակած մի ռեպորտաժ է, որն առնչվում էր Ցեղասպանության 100-ամյակի թեմային: Հենց այս թեմային էր նա անդրադառնալու Թուրքիայում:

Մարտ ամսին գերմանական ZDF հեռուստաընկերության թիմին նույնպես թույլտվություն չի տրվել Թուրքիայում նկարահաանումներ կատարելու նույն թեմայով: Այս նախադեպը ամրապնդում է լրագրողի համոզմունքը, որ իրեն անցանկալի անձ համարելու պատճառը իր մասնագիտական գործունեությունն է: Նշենք, որ օրեր առաջ «Ակօսը» հաղորդել էր, որ ճնշումների արդյունքում Ստամբուլի Բիլգի համալսարանը չեղյալ էր հայտարարել ապրիլի 26-ին կայանալիք միջազգային կոնֆերանսը` «Հայկական ցեղասպանություն. հայեցակարգեր եւ խաչվող հայացքներ» խորագրով, որ համատեղ կազմակերպել էին Կալիֆոռնիայի համալսարանը (Լոս-Անջելես) եւ Պատմության թուրքական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter